вторник, 23 декабря 2008 г.

Հակահիգենիկ վիճակ Սյունիքի համայնքներում


[ 22 Դեկտեմբերի 2008 | 17:16 ] մարզեր |
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանի փաստմամբ մարզի գրեթե բոլոր համայնքներում անբավարար սանիտարական վիճակ է: «Գյուղերի մեծ մասում չկան առանձնացված աղբատեղիներ: Թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում ընդհանրապես չի կատարվում աղբավայրի մշակում` հողածածկում եւ այլն: Աղբը թափվում է ամենուր` ստեղծելով հակահիգենիկ վիճակ»-հայտարարեց տիկին Մալինցյանը:
Վերջինս իր մտահոգությունը հայտնեց նաեւ, որ ջերմային ռեժիմի հետ կապված ձմռան ամիսներին բարձրանում է օդակաթիլային վարակների տարածման ռիսկը: Այդ ուղղությամբ կանխարգելիչ աշխատանքներ կատարվում են, սակայն դրանք բավարար չի կարելի համարել:


http://today.hetq.am/marzes/syuniq-3/

понедельник, 22 декабря 2008 г.

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մատնվելու են հարկադիր պարապուրդի, թե մինչև երբ` դեռ պարզ չէ: Գործարանի աշխատանքը դադարեցվել է նոյեմբերից, իսկ տեխնոլո

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մատնվելու են հարկադիր պարապուրդի, թե մինչև երբ` դեռ պարզ չէ: Գործարանի աշխատանքը դադարեցվել է նոյեմբերից, իսկ տեխնոլոգիական կանգառը կտևի մինչև 2009-ի փետրվարի 1-ը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

Մամուլի քարտուղար նշեց, որ գործարանի աշխատանքը դադարեցվել է` կապված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով իրացման համաշխարհային շուկաներում քլորոպրենային կաուչուկի սպառման շուկայի կրճատման հետ, իսկ գործարանի արտադրանքի 99 տոկոսը արտահանվում է Եվրամիության երկրներ, Ռուսաստան, ԱՄՆ:

Այն հարցին, թե 2.742 աշխատակցից քանի՞սն են հարկադիր պարապուրդի մատնվելու, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ դեռ պարզ չէ.«Մինչև տարեվերջ կընդունվի հարկադիր պարապուրդի ուղարկելու որոշումը, որից հետո կպարզվի»:

Աղբյուր` Panorama.am

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ` ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է

Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն այս տարին բացառիկ է համարում, այն առումով, որ վերջին 20 տարիների ընթացքում նման մեծածավալ քաղաքաշինական ծրագրեր չէր իրականացվել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը հիշեցրեց մայրաքաղաքի փողոցների, մայրուղիների և տրանսպորտային հանգույցների վերակառուցման և բարեկարգման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները` Հերացի-Սարալանջ-Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղին, Հերացի-Խորենացի փողոցները միացնող ճանապարհի կառուցման, Սարալանջի մայրուղու շարունակությունը և Ռիգայի փողոցի ամբողջական վերակառուցման աշխատանքները: Ինչպես նաև Աբովյան փողոցից Մյասնիկյան պողոտայի տրանսպորտային հանգույցի կառուցումը, նախորդ տարի սկսված` Հերացի փողոցից մինչև Խորենացի շրջանային կատեգորիայի մայրուղու կառուցման, Հերացի, Կորյուն, Նալբանդյան, Չարենց փողոցների հատման տրանսպորտային բազմամակարդակ հանգույցի շինարարությունը, Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկի վերակառուցման և Նալբանդյան-Իսահակյան-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկներում ստորգետնյա անցումի կառուցման աշխատանքները:

Ըստ քաղաքապետի, այս տարի շինարարության և բարեկարգման ոլորտում իրականացված կարևոր ծրագրերից էր նաև կամրջային կառուցվածքների վերականգնման և ամրացման ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում ամբողջությամբ ավարտվել են Մյասնիկյան-Աճառյան փողոցների համար 1 և 2 ուղետարների և Երևան-Սևան ավտոմայրուղու էստակադայի ամրացման աշխատանքները: Նրա վստահեցմամբ, այս տարի ամբողջությամբ ավարտվել են Երևան քաղաքի մի շարք փողոցների վերանորոգման, վերակառուցման և ճաքալցման աշխատանքները, այդ թվում` Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների տրամվայի գծերի ապամոնտաժման և տարածքի բարեկարգման աշխատանքները:

Ե. Զախարյանի տեղեկացմաբ, այս տարի իրականացվել են նաև Երևան քաղաքի երրորդ աստիճանի վնասվածության թվով 10 բազմաբնակարան վթարային շենքերի վերականգնման և ամրացման աշխատանքներ: Իրականացվել է նաև 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին բնակարանային փոխհատուցում տալու նպատակով` թվով 2 բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքները:

Քաղաքապետը ներկայացնելով ձեռքբերումները նշեց, որ քաղաքապետարանի այս տարվա բացթողումներից է աղբահանության խնդիրը, որը դեռևս լիրաժեք լուծված չէ:

Աղբյուր` Panorama.am

Աշոտ Փիլիպոսյան. «Վաղը մեր փոքրիկ պետության ամբողջ տարածքը կվերածվի աղբանոցի»

Առնվազն վերջին քառորդ դարի ընթացքում Կարմիր բլուրի տարածքում շինարարական աղբ է կուտակվում, քանի որ հնավայրը չունի հաստատված պահպանական գոտի»,- այսօր «Ուրբաթ» ակումբում իր մտահոգությունները լրագրողների հետ կիսեց Էրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:
Աշոտ Փիլիպոսյանի խոսքերով՝ Կարմիր բլուրը կամ Թեյշեբայինի քաղաք-ամրոցը կառուցվել է Էրեբունու կառուցումից 100 տարի անց, և այստեղ են տեղափոխվել Էրեբունու գանձերը և սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող կահույքը: Ա. Փիլիպոսյանի համոզմամբ` Կարմիր բլուրը, ըստ էության, կազմում է Էրեբունի քաղաքի շարունակությունը, հենց այդ պատճառով էլ 1968թ. այն միացվել է Էրեբունու թանգարանին:

Ըստ թանգարանի տնօրենի՝ դեռևս 1985թ. Հուշարձանների կոմիտեի փոխնախագահ Վարուժան Սաղումյանը իր ստորագրությամբ հաստատել է պահպանական գոտին, սակայն մինչ օրս, տարբեր իրադրություննների և հասարակական փոփոխությունների հետ կապված, պաշտպանական գոտին չի հաստատավել, իսկ այսօր 1985թ. գծված գոտին չի համապատասխանում իրավիճակին, քանի որ այդտեղ աղբ է կուտակվել և տեղի գերեզմանոցն է առաջ եկել:

«Մենք պետք է հասկանանք, որ սա մեր նախնիների և մեր պատմությունն է, եթե մենք այն աղբով ենք ծածկում, որը հնարավորություն է տալիս որոշ շահագրգիռ հիմնարկների առաջ գալ, ապա վաղը մեր ամբողջ փոքրիկ պետության տարածքը, որտեղ հուշարձանները կողք-կողքի են, կամ կվերածվի աղբանոցների, կամ հարմար առիթ կդառնա հողազավթումների համար»,- ասում է պրն Փիլիպոսյանը: Այժմ աղբը կուտակված է ոչ թե Կարմիր բլուրի միջնաբերդի, այլ դրա քաղաքային մասում և ընդհուպ մոտենում է մինչուրարտական բնակավայրի պարիսպներին: «Եթե քաղաքապետարանը, թաղապետարանը, մշակույթի նախարարությունը և մենք միավորվենք և փորձենք Կարմիր բլուրի քաղաքային հատվածի աղբը հեռացնել, ապա դրա համար պետք կլինի մեծ քանակությամբ տեխնիկա, բավական շատ ֆինանսական միջոցներ, և հարցը կրկին կհետագվի»,- համոզված է Ա. Փիլիպոսյանը: Դրա համար էլ նա առաջարկում է քաղաքապետարանին և թաղապետարանին միավորվել իրենց հետ և տեխնիկայով Կարմիր բլուրի քաղաքային հատվածից աղբը հեռացնել, հրել դեպի ստորին ձորակը, որը հեռու կլինի և՛ գերեզմանոցի, և՛ հուշարձանի սահմաններից, և սեղմել, ապա դրա վրա սևահող լցնել և դարձնել օգտագործելի: Բացի այդ, աղբը հնարավոր կլինի տեղափոխել առանց հուշարձանը վնասելու:
Ըստ նրա՝ այս եղանակը ավելի իրատեսական է և քիչ ֆինանսներ է պահանջում, չնայած ամենակատարյալ տարբերակը չէ: Սակայն Աշոտ Փիլիպոսյանի համոզմամբ` կարելի է ինչ-որ բանի հասնել, եթե բարի կամք դրսևորվի, և թղթեր կազմելուց առաջ անցնելու դեպքում կարելի է համակարգված առաջ գնալ:

Ա. Փիլիպոսյանի ձեռքին կար հատակագծի նախագիծ` հաստատված Հայաստանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի կողմից: Այդ հատակագծով Արգավանդ գյուղից դեպի ձիարշավարան տանող նոր ճանապարհը պետք է անցնի Կարմիր բլուրի քաղաքային թաղամասի միջով և, ըստ Ա. Փիլիպոսյանի, դա էլ պատճառներից մեկն է, որ հուշարձանի պաշտպանական գոտին չի հաստատվում: Թանգարանի տնօրենը համոզված է, որ ճանապարհի շինարարական աշխատանքները վնասելու են հուշարձանը: Որպեսզի հնարավոր լինի խուսափել հուշարձանը վնասելուց, Ա. Փիլիպոսյանը առաջարկում է մի փոքր ավելի շատ ֆինանսական միջոցներ ներդնելով՝ ճանապարհը կառուցել հենասյուների վրա, ինչպես Կիևյանից դեպի Կոմիտաս տանող ճանապարհն է. «Հենասյուների մակերեսը փոքր է, և այդ հատվածներում կարելի է պեղուներ անել և հուշարձանը չվնասել, հենասյուների վրայով եկող սահմանը կարող է սահման հանդիսանալ գերեզմանոցի և հուշարձանի միջև և, միևնույն ժամանակ, տուրիստական խմբերի համար շատ հարմար տեղ է հուշարձանը վերևից դիտելու համար»: Ըստ նրա՝ այս կերպ կարելի է հուշարձանը փրկել կործանումից:

Այն հարցին, թե արդյոք ճանապարհաշինության այդ ծրագիրն առաջարկել է կառավարությանը, Ա. Փիլիպոսյանը ասաց, որ նախ՝ ծրագիրը ձգձգվում է ֆինանսական պատճառներով, բացի այդ՝ անընդհատ փոփոխվում են գերեզմանոցի սահմանները: Ա. Փիլիպոսյանի խոսքերով՝ Կարմիր բլուրում պեղումներ չեն իրականացվել 1971թ.-ից, և դեռ պեղված չէ միջնաբերդի մի հատված և քաղաքային թաղամասի 80%-ը: Ըստ թանգարանի տնօրենի՝ իրենք շուտով վերսկսելու են պեղումները:

Միջգերատեսչական հանձնաժողով` Սեւանի հարակից հողամասերի օտարման եւ կառուցապատման իրավունքի տրամադրման համար

Օրեր առաջ Արագածոտնի մարզում տեղի է ունեցել կառավարության արտագնա նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն անցկացվել է Օշական գյուղում գտնվող Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից դպրատանը, որի ընթացքում գործադիրը որոշում է ընդունել «Սեւան ազգային պարկի եւ դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման եւ քաղաքաշինական գործունեության իրականացման մասին»: Այս մասին հայտնում է կառավարության մամլո գրասենյակը:

Աղբյուրի փոխանցմամբ` նախագծի մշակումը պայմանավորված է Սեւանա լճի հայելու եւ ալիքի ազդեցության նիշերի` ՀՀ օրենսդրությամբ կանխատեսվող չափով բարձրացման հետեւանքով «Սեւան» ազգային պարկի եւ վերջինիս սահմանից դուրս` դեպի ցամաք, ապագա ռեկրեացիոն գոտիների կազմակերպման համար նախատեսվող եւ հարակից համայնքների վարչական սահմաններում ընդգրկված որոշակի հողամասերի օգտագործման, այդ թվում` կառուցապատման խնդիրները կանոնակարգող միջոցառումների սահմանման անհրաժեշտությամբ։

Առաջարկվել է Սեւանա լճի կենտրոնական եւ անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներում ընդգրկված տարածքներն առանձնացնել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ, որոնք, ըստ կառուցապատման ռեժիմների, տարանջատվում են միմյանց հարող 3 հաջորդական ենթագոտիների։ Բոլոր ենթագոտիներում պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման եւ օգտագործման իրավունքի տրամադրման համար որոշվել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, եւ սահմանվել են դրա գործառույթներն ու իրավասությունները։

Որոշման համաձայն` սահմանված կարգին համապատասխան տրամադրված հողամասի սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքի պայմանագրերը կնքվում են առաջին եւ երկրորդ ենթագոտիներում` «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, իսկ երրորդ ենթագոտում` համապատասխան համայնքի ղեկավարի հետ։

Հանձնարարվել է գյուղատնտեսության նախարարին` ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ, որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6-ամսյա ժամկետում սահմանված կարգով կառավարության քննարկմանը ներկայացնել «Սեւան» ազգային պարկի տարածքում հողամասերի օգտագործման նկատմամբ գյուղատնտեսական սահմանափակումները։ Իսկ բնապահպանության նախարարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում վարչապետին սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել սահմանված ենթագոտիներում հողամասերի տրամադրման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության կարգի վերաբերյալ։ Հանձնարարվել է նաեւ 4-ամսյա ժամկետում սահմանված կարգով կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` «Սեւան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սեւան» ազգային պարկի եւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու մասին» կառավարության որոշման դրույթներին համապատասխանեցնելու վերաբերյալ, ինչպես նաեւ մեկ տարվա ժամկետում ապահովել մինչեւ այս որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով կնքված «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացված հողատարածքներից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագրերի համապատասխանեցումը սույն որոշման պահանջներին։



http://today.hetq.am/ecology/sevan-national-park/

Արթիկում ջրի հետ ճանճեր են գալիս

Օրերս Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ Նոր Կյանք համայնքի ղեկավար Արա Սուքիասյանը Շիրակի մարզպետին բողոքեց, որ Ջրմուղկոյուղին երկրորդական մարդու տեղ է դնում Արթիկի գյուղերի բնակիչներին` կեղտոտ ու առանց ռեժիմի ջուր մատակարարելով: Հարևան գյուղի` Վարդաքարի գյուղապետն էլ հավելեց, որ թեև «գյուղովի մեծ փողեր են ծախսել ու ջրաչափեր են տեղադրել, սակայն ջուրը այդպես էլ տեղ չի հասնում»:

Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը մխիթարեց նրանց` ասելով, որ կառավարությունում արդեն իսկ առաջ են քաշել Մանթաշի ջրամբարի մաքրման խնդիրը: Այսօր «Հետքը» Արթիկ քաղաքի բնակիչներից փորձեց ճշտել, թե ինչ վիճակում է իրենց ջրամատակարարումը:

Սասունցի Դավիթ 45 շենքի բնակիչները փոխանցեցին. «Լավ կլինի չխոսենք էն մասին, որ ջուրը չորս ժամով են տալիս ու էնքան կամաց, որ չես հասցնում գոնե երկու բաժակ լիաթոք խմել: Էս պահին միակ մխիթարանքն էն է, ձմռանը գարնան հետ համեմատ ջուրը փոքր-ինչ մաքուր է, գույնը բաց` հողն ու կավը համեմատաբար քիչ են, բայց պիտի ասենք, որ ջրի հետ սատկած ճանճերի ջանդաքը միշտ կա ու կա»: Նշենք, որ այս թաղամասում հաճախակի են ջրից վարակվում, իսկ չորս տարի առաջ վերոհիշյալ շենքի բնակիչները հարկադրված եղան երկու ամիս շարունակ բուժվել հիվանդանոցներում:

http://today.hetq.am/marzes/water-pollution/

Սյունիքում խմելու ջուրն աղտոտված է

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնը հոկտեմբեր ամսին մարզի մի շարք համայնքներում` Գորիսում, Կապանում, Մեղրիում, Սիսիանում խմելու ջրի ստուգում է անցկացրել: Մանրէաբանական հետազոտությունների արդյունքում արձանագրվել է, որ նշված քաղաքներում խմելու ջուրն աղտոտված է 90 տոկոսով: Աղտոտված ջուրը, ըստ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանի, աղիքային վարակների բռնկման պատճառ կարող է հանդիսանալ (վերջերս նման դեպք արձանագրվեց Վանաձոր քաղաքում):

«Բազմաթիվ համայնքներում խմելու ջրի վարակազերծում, մասնակի մեթոդական վերլուծություն, ջրամբարների մաքրման, ախտահանման աշխատանքներ չեն իրականացվում: Ըստ նորմատիվների` դրանք անհրաժեշտ է կատարել տարին մեկ, իսկ էպիցուցումի ժամանակ` մի քանի անգամ: Մի շարք համայնքներում ջրամատակարարման հստակ ժամանակացույց չկա, արտադրական հսկողություն չի իրականացվում, իսկ լաբորատոր վերահսկողություն իրականացվում է միայն կենտրոնի կողմից ամիսը մեկ կամ երկու անգամ: Ջրահովիտները, ջրամբարները շատ դեպքերում ապահովված չեն սանպահպանման գոտիներով, չկա պահակային ծառայություն: Չի պահպանվում ջրամբարների, դիտահորերի հերմետիկությունը, եւ անձրեւաջրերը թափվում, խառնվում են խմելու ջրին: Իսկ օրինակ` Վարդանիձոր, Ծավ եւ այլ գյուղական համայնքներում ոռոգման համակարգի կամ գետի ջրերն առանց ֆիլտրացվելու որպես խմելու ջուր են ծառայում»,- Սյունիքի մարզի մարզխորհրդի նիստում հայտարարեց տիկին Մալինցյանը:

Նաեւ «Հայջրմուղկոյուղու» տարածքային կառույցների՝ խմելու ջրի մաքրման աշխատանքներին առնչվող աշխատակիցները բժշկական քննության չեն ենթարկվում, չունեն սանիտարական գրքույկներ: Հետքարքիր է, որ տեղերում ջրագծի վթարները պատշաճորեն չեն գրանցվում, իսկ վթարների դեպքում վերականգնման աշխատանքները ձգձգվում են: Մասնավորապես ըստ Լ.Մալինցյանի տարիներով չի վերացվում Գորիսի կոյուղագծի վթարը. ջրերը հոսում են Քրիստափոր փողոցից դեպի ֆուտբոլի մարզադաշտ: Բողոքներ կան նաեւ Կապանից: Կապանի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հակատուբերկուլյոզային բաժանմունքի տարածքից հոսող կոյուղաջրերը քաղաքի տարածքում առանց մաքրման թափվում են գետ:

"HETQ"