четверг, 15 ноября 2007 г.

Հեյ գիդի Լուսահոգի Հովհաննես Թումանյան...

մեր շուրթերին անընդհատ ՔՈ իմաստուն տողերն են...

Ասում են գեջ ես կտրել դու մերին,

Իրանցն ասում են ու քեզ չեն լսում......

Մեր ապրուստն ի՞նչ է. – մի կտոր չոր հաց.....

.Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել...


Էհ... մենք էլ մեր հերթին ենք «Հառաչանքով» կրկնում այս նույն խոսքերը և փորձում պատկերացնել, թե ինչքան պետք է մարդու տեղը նեղ լինի, որ նման արտահայտություն անի, բայց թե ձեռքներիցս բան չի գալիս, որովհետև գեղը չի կանգնում, որ գերանը կոտրի...


Արևի առաջին շողերի հետ ճանապարհ ընկանք դեպի Ալավերդի: Ինձ ընկերակցում էր պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը: Ալավերդում մեզ պետք է միանար նաև մեր մյուս գործընկերը, որպեսզի գնայինք Թեղուտ և պարզեինք, թե որքանով է առնչվում Թեղուտի հանքարդյունահանման ծրագիրը տեղի հոշարձանների տարածքների ու պահպանման գոտիների հետ:
Օրն արևոտ էր, պայծառ և առանց որևէ ամպամածության նշույլի, բայց երբ հասանք Ալավերդի` նկատեցինք, որ քաղաքն ընկղմված է
թանձր մշուշի մեջ...
Մեր գործընկերը նկատելով մեր զարմանքը` ասաց.
«Սա մեր վերջին շրջանի արհեստական «մշուշն ու մառախուղն» է, որին մոլի թմրամոլի պես արդեն «ընտելացել» ենք ու էլ արևի երես չենք տեսնում և «չենք էլ ուզում տեսնել», քանի որ մեր մասին մտածող բարձրաստիճան այրերն ասում են, թե խիստ վտանգավոր են վերջին շրջանի արևահարումները...»
Չկա չարիք առանց «բարիքի» կարգախոսով` մեզ արևահարումից «փրկում» է պղնձարդյունահանման գործարանը...
Գիշերը ծծմբային գազերն են արտանետում, իսկ ցերեկն էլ մեր «ավանդական ծուխը», այնպես որ մեկը մյուսին լրացնելով` շրջանցում ենք «արևահարման» վատ հետևանքները»:
Արհեստական «մշուշը» մեզ ուղեկցեց մինչև Ախթալայի և Շնողի ճամփաբաժանը և մենք հիշեցինք, որ նմանատիպ մի գործարան էլ Ախթալայում կա, այնպես որ, շուրջօրյա «մշուշը» երաշխավորված է և հարկ եղած դեպքում «Թեղուտն էլ իր ներդրումը կունենա»...
Վերջերս իմացանք, որ ինտերնետում «Թեղուտ SOS» կայք են տեղադրել, որպեսզի քվեարկությամբ պարզեն, թե ով ինչ մտահոգություն ունի այս խնդրի վերաբերյալ, իսկ արտասահմանյան երկրներն ու մեզ հարազատ սփյուռքի եղբայրներն ու քույրերն անհանգստանում, զարմանում և զայրանում են, թե ինչպես կարող է մի փոքր երկիր, որ հազիվ 5% անտառ ու բազում չլուծված խնդիրներ ունի, իրեն թույլ տա անխնա կերպով հատել 600հա անտառ և դեռ ավելին` ապականել շուրջ 200հա տարածք ու զանազան հարուցիչներով ախտոտել տեղի կուսական անտառն ու բնությունը, որից հետո երկիրը կարող է հայտնվել անապատացման եզրին...
Եթե այսպես շարունակվի, հարկ կլինի փոխել նաև «Անտառատնտեսություն» հորջորջվող հիմնարկների դրոշմանիշներն ու կնիքները` Անծառատնտեսություն մակագրությամբ...
Այս ամենը գիտակցելու համար պետք չի իմաստուն լինել, հասկանալ, որ դա նման է այն ճյուղը կտրելուն, որին նստած ենք...
Եվ եթե մենք մեզ մեր երկրի տերը համարեինք և տանտիրոջ սրտացավությամբ վերաբերվեինք նման խնդիրներին, ապա շահի մոլուցքով տառապող մեր նոր հարուստներին չէինք թողնի այնքան հղփանան ու սանձարձակվեն, որ հերթը հասներ մեր կենսականին ու առողջականին...
Լուսահոգի մայրս ասում էր. ...Ինչո՞ւ մենք մեր իրավունքն ուրիշին տանք, որ հետո էլ...այդ ուրիշից նեղանանք, թե նա մեր հանդեպ լավ չի վերաբերվում...
Թեղուտի հանքարդյունահանման ծրագիրը նախատեսված է իրականացնել 2000հա տարածքի վրա (25 տարվա ընթացքում), որից 600 հա անտառահատման խնդիրը մեծ աղմուկ է բարձրացրել բնապահպանական ոլորտի հկ-ների, անհատների և այլոց մոտ...
«Ի պատասխան» անտառահատման մեծ աղմուկին` անաղմուկ է անցել հուշարձանների տարածքները ներառող ծրագրի իրականացման թույլտվություն ստանալու հարցը...Խնդիրը դիտվել է իբրև 15 հուշարձանի հարց (որից երկուսն ըստ պատվիրատուի` տարածքից դուրս են կամ սահմանագծի վրա), պատվիրատուն հուշարձանների նկատմամբ ստանձնել է որոշ պարտավորություններ...ինչի շնորհիվ ստացել է գործունեություն իրականացնելու թույլտվություն:
Ծրագրի իրականացման տեղանքում են գտնվւոմ Շնող և Թեղուտ համայնքների մի շարք հայտնի հնագույն հուշարձաններ, այդ թվում` վանական համալիրներ (Մանաստև), եկեղեցիներ (Սև քոթուկ), մատուռներ (հնագույն Բովերը), դամբարանադաշտեր (Փիջվուտ), հին գյուղատեղեր (Ղափուր) և բազմաթիվ հին բնակատեղիներ, գերեզմանոցներ (Բրագձոր), խաչքարեր, Ձորիգեղի հռչակավոր կամուրջը, Նովավոր աղբյուրը և այլն:
Մտահոգության պատճառն այն է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված ցուցակում մի խաչքարը հաշվառված է որպես մեկ միավոր, իսկ մասնատված խաչքարի յուրաքանչյուր արժեքավոր դետալ ևս կարող է հաշվառվել որպես մեկ առանձին միավոր. Այս դեպքում խոսքը վերաբերվում է համալիրներին, դամբարանադաշտերին, հին գերեզմանոցներին և այլն, որոնց կազմում գրանցված են հարյուրավոր միավորներ: Եթե մենք սա դիտենք որպես 15 միավորի խնդիր, ապա դա, մեղմ ասած, ինքնախաբեություն կհամարվի, եթե չասենք դավաճանություն մեր մշակութային արժեքների և բնության հանդեպ...
Սույն հարցի վերաբերյալ մարզում կայացած խորհրդակցություններին ու քննարկումներին ՊՄՊ Լոռու մարզային ծառայությունը չի հրավիրվել, ինչի պատճառով էլ չենք կարողացել հայտնել մեր մտահոգությունն ու նկատառումները...
Ստուգայցի ընթացքում էլ մեր մտավախությունը չի փարատվել...

Անշուշտ երկու համայնքների հնագույն հուշարձանները (եկեղեցիներ, մատուռներ, դամբարանաշերտեր և այլն) և 600հա անտառի հատումը, որը մեր համակարգի խնդիրը չէ, բայց և այնպես, բոլորինս է, և ավելին արժե, քան էժան աշխատուժի սակավաթիվ աշխատատեղերը (ինչպես Ալավերդում):

Եթե մի պահ անտեսենք տեղի հրաշք բնությանն սպասվող աղտոտումն ու ապականումը, ապա չի կարելի հաշվի չառնել այն հանգամանքը, որ հատվող անտառը երկու համայնքի գործազուրկ բնակչության գոյատևման և ապրուստի հայթաթման միակ միջոցն է, իսկ նրանք հույս են փայփայում, թե մոտ ապագայում, զբոսաշրջության զարգացման հետ, հնարավորություն կունենան էկոլոգիապես մաքուր բնամթերքի արտադրման գնով հոգալ իրենց կարիքները և այս կերպ դուրս գան գործազրկության ծանր վիճակից...
Անկեղծորեն ցավում ենք զոհասեղանին դրված թե՜ 600հա անտառի, թե՜ հուշարձանների անկման համար, որտեղ 15-ի փոխարեն կարող է վտանգվել 15 հազար միավոր...
Հոգնած ու մտահոգ երեկոյան վերադարձանք տուն և անընդհատ նույն միտքն էր պտտվում ուղեղիս մեջ ու ինձ հանգիստ չէր տալիս, թե`
...Ինչու մենք մեր իրավունքն ուրիշին տանք, որ հետո էլ... այդ ուրիշից նեղանանք, թե նա մեր հանդեպ լավ չի վերաբերվում...

Աղբյուրը` http://www.cilicia.com/2007/08/blog-post_10.html

Комментариев нет:

Отправить комментарий