Թեղուտի խնդրի մասին բավական հաճախ է խոսվում: Այդ իսկ պատճառով կուզենայի կարճ ներկայացնել հիմնական խնդիրը և տալ մեր մեկնաբանությունը:
ՀՀ բնապահպանության նախարարության տված արտոնագրով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին արտոնվել էր լրացուցիչ ուսումնասիրել և նպատակահարմարության դեպքում շահագործել Լոռվա մարզի Թումանյանի շրջանում գտնվող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: Իսկ նախորդ տարվա վերջին ընկերության հետ պայմանագիրը կնքվել է:
Ո՞րն է եղել այն ուսումնասիրությունը, որի հիման վրա դա թույլ է տրվել:
Հիմնական «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը 2005թ. կազմել և ՀՀ բնապահպանության նախարարություն փորձաքննության է հանձնել «Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը», իսկ 2006թ.` «Աշխատանքային նախագիծը»:
Նշված «Գնահատումը» բավական ծավալուն (152 էջ) մի փաստաթուղթ է, որը հիմք ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարությունը համաձայնություն է տվել: Սակայն նույնիսկ «անզեն» աչքով ակներև են նրանում առկա բազում կոպիտ սխալներ:
Բերենք օրինակներ`
Չնայած «գնահատման» տեքստում ասվում է, որ հանքավայրի առաջին հերթի շահագործման ընթացքում հատվելու է մոտ 127000 ծառ (տես` էջ 140 և 129), սակայն նույն փաստաթղթում բերված համապատասխան աղյուսակների հաշվարկներից պարզվում է, որ հատվելու է շուրջ 171000 ծառ, այսինքն` մոտ 44.000 ծառով ավելի, քան գրված է նույն փաստաթղթի տեքստային մասում: Ընկերությունը 44 հազար ծառ պակաս ցույց տալով, բերում է փայտանյութի նույն ծավալը, ինչ 127000 ծառի դեպքում էր` 60400 խմ: Այստեղ նույնպես տեքստում բերված տվյալները չեն համապատասխանում աղյուսակներին: Տեքստում նշված 60400-ի փոխարեն աղյուսակների գումարային հաշվարկը կազմում է 60859 խմ, այսինքն` 459-ով ավելի, քան տեքստում է:
Մեկ այլ զարհուրելի օրինակ.
Չնայած այդ նույն «գնահատման» մեջ տանձենին համարվում է հազվագյուտ ծառատեսակ, սակայն 36 սմ կոճղի տրամագծով 23 տանձենու (20 խմ բնափայտ) հատման վնասը գնահատվել է 23 հազար դրամ (Աղյուսակ 8.4.4, էջ 41): Այսինքն, յուրաքանչյուր ծառի հաշվով` 1000 դրամ, իսկ մեկ խմ տանձենու բնափայտի արժեքը` 1150 դրամ: Համեմատության համար ասենք, որ վառելափայտի մեկ խորանարդ մետրի շուկայական արժեքը այժմ կազմում է շուրջ 20.000 դրամ: Ինչպես տեսնում ենք, հազվագյուտ ու մեծ արժեք ներկայացնող ծառերի հատումից գոյացվելիք բնափայտի արժեքը անհամեմատ ցածր է գնահատվել, քան չորուկների բնափայտինն է:
Քննարկվող փաստաթղթերում ասվում է, որ շահագործվելիք տարածքում հազվագյուտ ծառատեսակներից առկա են ընկուզենի` 403, տանձենի` 1070, խնձորենի` 53333 ծառ, արժեքավոր ծառատեսակներից կաղնի` 9872, հաճարենի` 24382, լորենի` 1622, թխկի` 2756, սոճի` 6500 ծառ, սակայն ՀՀ բնապահպանության նախարարը այլ կարծիք ունի. «Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի ասելով, եթե ինքը չի սխալվում, Թեղուտի անտառում չկան Կարմիր գրքում գրանցված ծառեր, չկա ընկուզենի, իսկ արժեքավոր ծառատեսակները քիչ են» (Հայոց աշխարհ՚, 22.11.2005թ.):
Տպավորություն է ստեղծվում, որ նախարարը` 55 հազար հազվագյուտ և 45 հազար արժեքավոր ծառերի ոչնչացումը առանձնապես կորուստ չի համարում: Բնապահպանության նախարարությունը` փոխանակ անկախ փորձաքննություն անցկացնելը, բավարարվում է նշված փաստաթղթին իմիջիայլոց ծանոթանալով և համաձայնություն տալիս:
Մի կողմ թողնելով ընկերության կողմից ներկայացրած նախագծում առկա օրինախախտումները, կեղծիքներն ու մյուս լուրջ թերությունները, անհրաժեշտ ենք համարում ասել, որ այս խնդրում գլխավոր մեղավորը ՀՀ համապատասխան բնագավառների հատուկ լիազորված պետական մարմիններն են:
Բուսական աշխարհից զատ զգալի հարված է հասցվում կենդանական աշխարհին (դա ի դեպ ընկերությունը չի էլ թաքցնում): Նույն փաստաթղթում կգրված է. «Նախկին ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել է փոքրասիական տրիտոնի (Triturus vittatus) պոպուլացիա, որը միակն է հանրապետությունում և գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: Հետազոտված տարածքում դիտարկված սողունների 10 տեսակներից երկուսը` Testudo graeca և Elaphe hohenackeri ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում: Հետագա ուսումնասիրությունների արդյունքում այդ ցուցակը լրացվեց և հետազոտվող տարածքում հանդիպող թռչունների տեսակների քանակությունը հասավ 86-ի: Դրանցից 7-ը ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում: Հետազոտված տարածքում, ըստ գրական տվյալների հանդիպում են կաթնասունների 55 տեսակներ, որոնցից 7-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 14-ը նախատեսվում է ընդգրկել հաջորդ հրատարակության մեջ» (էջ 59-63):
Նշված 55 կաթնասուններից` ականջեղ ոզնին (Erinaceus auritus), լայնականջ ծալքաշուրթը (Tadarida terniotis), շեկ նապաստակը (Lepus europeus), կովկասյան ջրասամույրը (Lutra lutra meridionalis), գորշ արջը (Ursus arctos), անտառային կատուն (Felis silvestris caucasica), առաջավորասիական ընձառյուծը (Panthera pardus tullianus), լուսանը (Felis lynx) գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում (ՀՀ- ում հայտնաբերված են 84 տեսակի կաթնասուններ):
Մարդու առողջությունը ևս խիստ վտանգվում է` գաղտնիք չէ, որ ծանր մետաղները ունեն ավերիչ ազդեցություն օրգանիզմի վրա` սկսած մուտագեն և տերատոգեն ազդեցությունից` վերջացրած կենտրոնական նյարդային համակարգի, արյան համակարգի վրա ազդեցությամբ: Իսկ այդ ազդեցությունը ոչ ոք չի կարող բացառել` կապված թե’ քամու միջոցով տարածման (պոչամաբրի բարձրադիր գոտում գտնվելը նպաստում է դրան), և թե’ սննդային շղթաների միջոցով: Արտանետվող գազերի վտանգավոր ազդեցությունը ևս փաստված է: Իսկ թե ինչպես է Հայաստանում կատարվում այդ արտանետումների պաշտպանությունը կարելի է գուշակել աչքի առաջ ունենալով Ալավերդու օրինակը:
Վերջապես պետք է հաշվի առնել այն, որ մեր Երկրում գունավոր մետաղների հանքավայրերը, դժբախտաբար, հիմնականում գտնվում են անտառածածկ տարածքներում, երբ այդ անտառները հանդիսանում են հատուկ նշանակության անտառներ, և այդտեղ հատումները կտրականապես արգելված են:
Պետք է գիտակցել, որ Թեղուտի հանքավայրի շահագործմամբ հիմք է դրվելու նախադեպը չունեցող մի գործընթացի, որը կբերի Հայաստանի Հանրապետության անտառների բնաջնջման և լիովին վերացման:
Հայաստանի անտառների առանձին հատվածներ, ճիշտ է, հանքահանման հետևանքով վնասներ են կրել, սակայն մինչև օրս, թե’ ցարիզմի և թե’ խորհրդային իշխանության օրոք, չի եղել մի դեպք, որ հանքահանման տակ դրվի բնական անտառածածկ տարածքը:
Եթե գործընթացը չկասեցվի, ապա մեծ հավանականությամբ, մոտակա տարիներին սակավանտառ Հայաստանի Հանրապետությունը կդառնա անտառազուրկ, անապատացած երկիր:
Եկեք մեզ հարց տանք` իրո՞ք այս զոհողությունների իշխանությունները գնում են աշխատատեղեր ստեղծելու համար (ըստ ծրագրի առաջին յոթ տարում նախատեսվում է շուրջ 1100 աշխատատեղերի ստեղծում): Պետք է ասել, որ նույնիսկ այդ դեպքում ծրագիրը այնքան անհագ ընդերքի սպառում է նախատեսում, որ տարիներ անց Թեղուտի բնակչությունը ոչ միայն հանքարդյունաբերությամբ չի կարողանա զբաղվել, այլև գյուղարդյունաբերությունը, անասնապահությունը կդառնան անհնար: Պոչամբարների կառուցումը, հողերի էռոզիան, ջրային համակարգի աղտոտումը (Շնող գետը իր վտակներով) հանգեցնում է մարդու կողմից բնության անթույլատրելի քայքայման, ամբողջը` այս պահի եկամուտի համար:
Ի՞նչ պիտի ասենք մեր զավակներին, երբ նրանք մեզ հարց տան` իսկ դուք ուր էիք, երբ Թումանյանի երգած գողտրիկ բնությունը ավիրում էին:
Տարածաշրջանում այլընտրանքային զարգացման ուղի կարող էր լինել զբոսաշրջության զարգացումը: Այդպիսի իրական սաղարթախիտ լեռներ Հայկաստանում գրեթե չկան: Ինչու՞ փոխարենը չնպասետել զբոսաշրջության զարգացմանը` ներդրումներն էլ ուղղել տարածաշրջանի ճանապարհների, ենթակառույցների զարգացմանը:
Դժվար է միանշանակ պնդել, բայց հասունանում է կարծիք, որ այս ամենը մի ծրագիր է, որում
Հայաստանը դիտվում է մի հանքավայր աշխարհի մեծ տիրությունների համար:
Միթե այսքան էժան պիտ ծախվե՞նք:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանին նյութերը տրամադրելու համար:
mla Artem.
http://ahousekeeper.livejournal.com/145935.html
ОтветитьУдалить****
http://sureyan.livejournal.com/3882.html