вторник, 15 января 2008 г.

«Սա մեր ապրելակերպն է»

Սրանք ակցիաներ չեն, այլ` մեր ապրելակերպը»,- ասում է բնապահպանական շարժման անդամ Մարիամ Սուխուդյանը, ով 2006-ից իր ընկերների հետ տարբեր միջոցառումներ է կազմակերպում` նվիրված բնության պահպանությանը:

Երկու տարի առաջ Մարիամը եւս վեց հայ երիտասարդների հետ մասնակցել է Լեհաստանում կազմակերպված հեծանվային շարժմանը, որպիսիք այժմ նրանք կազմակերպում են Հայաստանում: «Լեհաստանից հեծանվորդների մեծ խմբով արշավի գնացինք Սլովակիա: Այնուհետեւ մասնակցեցինք այլընտրանքային էներգիայի, մաքուր միջավայրի, բնապահպանության տարբեր թեմաներով միջոցառումների եւ ցանկացանք դրանք տեղափոխել մեզ մոտ»,- պատմում է Մարիամը::



Նրա ասելով` այսպիսի հեծանվային ակցիաները, որոնք Եվրոպայում կոչվում են «կրիտիկական մասսա», արտասահանում մեծ տարածում ունեն: «Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը հեծանիվներով 3000 հոգի դուրս է գալիս փողոց` ի պաշտպանություն մաքուր միջավայրի: Մարդիկ աշխատանքի են գնում, երեխաներին դպրոց են տանում հեծանիվներով, այնինչ մեզ մոտ դա ամոթ է համարվում,- ասում է Մարիամը եւ հավելում,- մենք դեռ աշխատանք ունենք անելու

Օրինակ` եթե հեծանվային շարժումն ակտիվանա, մեծանա, հեծանվորդները կարող են իրենց իրավունքները հաստատել, այլապես հիմա փողոցում հեծանվորդին պարզապես ասում են` «մի կողմ քաշվիր»: Բայց եթե մարդն ընտրել է էկոլոգիապես մաքուր ապրելակերպը, դիմացինը պետք է հարգի նրան եւ նրա իրավունքները»:



Մարիամն իր ընկերների հետ տարվա տարբեր ամիսների հեծանիվներով արշավներ է կազմակերպում Հայաստանի տարբեր վայրերում: Մասնավորապես այդպիսի արշավով նրանք մասնակցել են Գառնու «Քարե սիմֆոնիայի» ոչնչացման դեմ շարժմանը: Տարվա տարբեր ամիսների ակտիվիստները ոտքով եւ հեծանիվով կտրում-անցնում են 30-40 կմ, հաճախակի լինում են Խոսրովի անտառում, որտեղ հավաքվում են երկհարկանի քարանձավներում` խարույկի շուրջ, կենացներ ասում, առավոտյան էլ լողանում սառը ջրերում: Այդպես են նրանք նշում նաեւ Նոր տարին:

«Մեր այս ապրելակերպն արդեն վերածվել է շարժման: Պետք է մարդկանց իրազեկել այս ամենի մասին: Բնության աղտոտման, անտառների ոչնչացման դեմ բողոքելու հետ մեկտեղ պետք է փորձել մի բան փոխել: Չպետք է սպասել, թե ինչ-որ մեկը կգա եւ ամեն ինչ կփոխի դեպի լավը: Մենք ինքներս պետք է անենք դա»,- ասում է Մարիամը: Հիմա շարժման ակտիվ անդամների թիվը մոտ 50 է, բայց կան նաեւ համախոհներ, կազմակերպվող միջոցառումներին մասնակցող քաղաքացիներ: «Մեր հիմնական զանգվածը երիտասարդներն են, բայց կան նաեւ մեծեր, 40-50 տարեկան, տարբեր մասնագիտության տեր մարդիկ»,- նշում է Մարիամը:


Հունվարի 13-ին Մատենադարանի դիմացից մեկ տասնյակից ավելի երիտասարդներ դուրս եկան հեծանվային ավանդական արշավի, որի երթուղին անցնում էր Երեւանի կենտրոնական փողոցներով ու ավարտվում մեկնարկի կետում: Ակցիայի նպատակը կրկին մաքուր միջավայրի պահպանության գործին մարդկանց ներգրավելն էր: Ակտիվիստները շուտով պատրաստվում են բնապահպանական ցուցահանդես անցկացնել: «Այդպիսի ցուցահանդեսների մենք նախկինում մասնակցել ենք, բայց այս անգամ միջազգային մասշտաբի մի առանձին ցուցահանդես պետք է կազմակերպենք մեզ մոտ` Հայաստանում:

Բնապահպանական ֆիլմ նկարելու ծրագիր էլ ունենք,- ասում է Մարիամը ու մասնավորեցնում,- եթե մեր մնացած անտառների համար չպայքարենք, դրանք էլ կկորցնենք»: Մարիամը հույս ունի, նաեւ համոզված է, որ իրենց շարժումն ավելի է ակտիվանալու, եւ իրենք հաջողությունների հասնելու են. «Առանց այդ հույսի անհնար է ապրել. եռանդ, հույս, հավատ եւ գործողություններ»:

Комментариев нет:

Отправить комментарий