пятница, 18 января 2008 г.

ՆԱԽԱԳԱՀԻ ԲՈԼՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԵՍ

Հայաստանի շրջակա միջավայրի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների էկոլոգիական դաշինքը ուղերձ է հղել 2008 թվականի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին՝ խորին մտահոգություն հայտնելով երկրի բնական ռեսուրսների շահագործման ընթացքի, մասնավորապես` Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության ու Թեղուտի անտառատարածքը որպես պղնձամոլիբդենային հանքավայր շահագործելու վերաբերյալ: Դաշինքը նշում է, որ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործմամբ խախտվում են Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, ինչպես նաեւ միջազգային կոնվենցիաներ՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին, անապատացման դեմ պայքարի, եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մասին, ինչպես նաեւ Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիաները:
«Համոզված ենք, որ Թեղուտի հանքի շահագործումը հանցագործություն է բնության հանդեպ,
քանի դեռ միջազգային ու տեղական կազմակերպությունները չեն իրականացրել անկախ ու բազմակողմանի փորձագիտական հետազոտություններ ու չեն ներկայացրել բնությանը հասցվող վնասների իրական պատկերը` բոլոր տեսանկյուններից տրված իրական գնահատականներով: Միայն դրանից հետո կարելի է կայացնել հիմնավորված որոշում` հավատարիմ մնալով ՀՀ սահմանադրությանը, ՀՀ բնապահպանական օրենսդրությանն ու միջազգային պարտավորություններին», գրում է դաշինքը:
Ուսումնասիրելով լեռնամետալուրգիայի ինստիտուտի մշակած գնահատման եւ աշխատանքային նախագծերը, փորձագետները եկել են եզրահանգման, որ դրանցում բացակայում է անկողմնակալությունը, կան սխալներ, հաշվարկները կատարվել են ձեռնարկողին ձեռնտու մոտեցումներով, օգտագործվել են գների երկակի ստանդարտներ` վնասները քիչ, իսկ օգուտները շատ ցույց տալու համար, չեն ներկայացվել ձեռնարկողի տեսանկյունից ոչ շահավետ այլընտրանքներ, բացակայում է միջազգային փորձի ներկայացումն ու համեմատական վերլուծությունը, չեն ներկայացվել ծրագրին դեմ արտահայտված կարծիքները: Իսկ ՀՀ բնապահպանության նախարարության դրական եզրակացությունը ոչ մի փորձագիտական հիմք չունի, այն պարզապես Էյ-Սի-Փի ձեռնարկության` ընդամենը մասնավոր ու միակողմանի շահավետ գործունեությանը ընթացք տվող եւ ՀՀ բոլոր օրենքներն ու միջազգային համաձայնագրերն անտեսող դրսեւորում է:
Դաշինքը ՀՀ կառավարությանն առաջարկում է վերանայել հանքարդյունաբերության վերաբերյալ պետական քաղաքականությունը եւ ոչ միայն հետաձգել Թեղուտի հանքավայրի շահագործումը, այլեւ առավելագույնս կրճատել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից արդյունահանման ծավալները: Արագընթաց տեմպերով ձեռնամուխ լինել Հայաստանում պղնձի ու մոլիբդենի առավել խոր մշակման ու դրանցից տարբեր ապրանքատեսակների ստացման տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներին, ինչը կնպաստի ՀՀ տնտեսության իրական զարգացմանը, մրցունակության բարձրացմանը, արտահանման ծավալների աճին, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, կառավարման նոր մշակույթի ձեւավորմանը, ներդրումների խթանմանը եւ այլն: «Կոչ ենք անում չկրկնել թույլ զարգացած, հանք արդյունահանող եւ իրենց պետականությունը վտանգած երկրների ճակատագիրը ու չվտանգել մեր երկրի ապագան»:
Մանրամասնությամբ նամակի հետ կարող եք ծանոթանալ`

Комментариев нет:

Отправить комментарий