среда, 23 апреля 2008 г.

ՙմայթերով քշեք, որ ՙջիպերին՚ չխանգարեՔ



Այս կիրակի Երևանի կենտրոնական փողոցներով անցնելիս, եթե ուշադիր եք եղել, ապա նկատած կլինեք հեծանվարշավի դուրս եկած մի քանի տասնյակ երիտասարդների, որոնք ուսերին ամրացրել էին ՙՓրկենք Թեղուտը՚, ՙՓրկենք Հայաստանի բնությունը՚, ՙԵս շնչել եմ ուզում՚ և այլ պաստառներ:
Նիդեռլանդներից Հայաստան ժամանած Կարինի համար կիրակին տոն էր. ՙՄեր երկրում ոչ մի խելոք մարդ ավտոբուս կամ մեքենա չի օգտագործում, այնտեղ ես էլ միայն հեծանիվ էի օգտագործում, բայց այստեղ չեմ կարող, շատ վտանգավոր է, ճանապարհները վատն են, վարորդներն էլ շատ արագ են քշում:
Մեր երկրում հեծանվորդների համար բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծված են, ես կարոտել էի հեծանիվ քշելուն, ու հիմա ուրախ եմ, որ այսպիսի բան են կազմակերպել իմ հասակակիցները՚,- ասաց Կարինը, որ այստեղ որպես կամավոր աշխատում է ՙԲեմ՚ հ/կ-ում: Մատենադարանի մոտից բնապահպան երիտասարդ ակտիվիստների խումբը Երևանի փողոցներով հերթական ակցիան էր կազմակերպել Թեղուտի անտառի պահպանման համար, որը հեծանիվըª որպես մաքուր փոխադրամիջոց պրոպագանդելու ձև էր նաև:
Սա երիտասարդների կազմակերպած հեծանվային արշավներից երկրորդն էր, որը այս անգամ հատուկ նվիրված էր Թեղուտի խնդրին: ՙԱկցիայի նպատակը Հայաստանի իշխանություններին ևս և այս էլ որերորդ անգամ հիշեցնելն է, որ կան մտահոգ մարդիկ այս երկրում, որ դեմ են Թեղուտի անտառի շահագործմանը՚,- ասաց արշավի կազմակերպիչներից Մարիամ Սուխուդյանը:
Նա վստահ է, որ ամեն ինչ կախված է ոչ միայն իշխանություններից, այլ նաև քաղաքացիներից.
Եթե մենք այսօր լռենք, կնշանակի մենք մեր համաձայնությունն ենք տալիս, որ կտրեն մեր անտառներն ու շահագործեն բնությունը այդպես խայտառակ ձևով: Այս երկիրը մերն է, և մենք պետք է պայքարի դուրս գանք այստեղ կատարվող ցանկացած ապօրինության դեմ, ու իշխանությունը պետք է երկխոսության նստի մեզ հետ, թող կանչի իսկական բնապահպանների, հաշվի առնի նրանց կարծիքը, նախազգուշացումները... եթե ոչª թող ասեն այս երկիրը լրիվ ծախել են, մենք էլ իմանանքª ինչ ենք անելու՚,- ասում է Մարիամը:
Կազմակերպիչներից Հրայր Սվազյանն էլ ասում է, որ նախորդի համեմատ բավականին շատացել է ակցիային մասնակցողների թիվը. ՙՆախª մարդիկ մտահոգ են Թեղուտով, որտեղ արդեն մեկ ամիս է զանգվածային ծառահատումներ են իրականացվում, բացի այդ շատանում են հեծանիվ վարել ցանկացողները՚:
Հեծանվարշավը ղեկավարում էին պրոֆեսիոնալ հեծանվորդները, որոնք բազմիցս մասնակցել էին այլ երկրներում կազմակերպվող արշավներին. ՙՀոլանդիա էինք գնացել հատուկ ուսումնասիրելու հեծանվային մշակույթը, կեսմիլիոնանոց քաղաքում 60 տոկոսը հեծանիվ է քշում, ես այդպիսի բան չէի տեսել: Ես այդ ժամանակ եմ զգացել դիզելային վառելիքի հոտը, օդը այնքան մաքուր էր, որ մի մեքենա էր կողքովդ անցնում, անմիջապես զգում էիր ինչպես աղմուկը, այնպես էլ տհաճ հոտը,- ասում է ՙԲուրգ՚ բնապահպանական երիտասարդական կենտրոնի նախագահ Արման Վերմիշյանը,- մարդկանց մտածելակերպի մեջ պետք է փոփոխություն մտցնել, հեծանիվը ավելի օգտակար է, քան ոմանց ջիպերը՚: Հետաքրքիր է, ինչպես են մեզ մոտ վերաբերում հեծանիվով երթևեկողներին. ՙԵթե համամետենք 5-6 տարի առաջ ինչպես էին նայում ու հիմա, տեսնում ես, որ մարդկանց աչքը սովորել է, որն էլ ամենակարևորն է, դաª շնորհիվ նաև այս խմբի երեխաների, իհարկե, կան ապերոներ, որ իրենց հատուկ ոճով ասում են. ՙԷս ով ա±՚ ՚,- ասում է Արման Վերմիշյանը Հայաստանի կանաչների կազմակերպության նախագահն էլ նկատում է, որ Եվրոպայի մի շարք երկրներում հեծանիվ վարելը մշակույթ է. ՙԵթե նախարարներն ու պատգամավորները հեծանիվով գնում են աշխատանքի, դրան որևէ մեկը տարօրինակ չի նայում, դա արդեն մշակույթ է՚,- ասում է Արմեն Դովլաթյանը: Մեր պատգամավորներից Զարուհի Փոստանջյանն էլ էր որոշել հեծանիվ վարել: Նաª որպես Թեղուտի ակտիվ պաշտպան, վստահ է, որ սա էլ մի ճանապարհ է այնտեղ իրականացվող ապօրինությունը կասեցնելու համար: Մատենադարանի մոտ հավաքված և արշավին նախապատրաստվող հեծանվորդները քաղաքապետարան չէին դիմել թույլտվություն ստանալու համար, որովհետև, ըստ իրենց, մարդկանց թիվը 100-ի չէր հասնում և ակցաին զանգվածային միջոցառում չէ, հետևաբար քաղաքպետարանից թույլտվություն ստանալու հարկ չկար: Բայց Մատենադարանի մոտ հավաքված ՙպոտենցիալ միտինգավորներով՚ մտահոգված պարեկային ոստիկանների աչքը վախեցած էր:

Ոստիկանը մոտեցավ հավաքվածներին ու սկսեց հարցուփորձ անել, պահանջեց ցույց տալ քաղաքապետարանի թույլտվությունը, որի բացակայության մասին տեղեկանալով էլ զանգեց վերևներինª զեկուցելու, թե չունեն. ՙՍտեղ լիքը հեծանիվներով մարդիկ են հավաքվել, ասում ենª հեծանվարշավ ա, չգիտեմ ինչ ա.... մոտ մի 30-40 հոգի կլինեն....՚,- զեկուցեց ոստիկանը, որը հետո ներկայացավ որպես Սամվել Վարդանյան:
Ամենայն հավանականությամբ, վերևից հրամանը եղավª ՙթողեք թող իրենց հեծանիվը քշեն, բայց աչքներդ վրաներից չկտրեք՚, որովհետև ոստիկանական մեքենան ամբողջ արշավի ընթացքում հետևեց երիտասարդ հեծանվորդներինª հաճախ զգուշացումներ անելով,

թե "մայթերով քշեք, որ ՙջիպերին՚ չխանգարեք՚:

ԱՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱ /տարեգիր/

Комментариев нет:

Отправить комментарий