среда, 27 августа 2008 г.

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

Այս օրերին, երբ բենզինի գինը բարձրացել է, երիտասարդ բնապահպաններն առաջարկում են օգտվել Հայաստանի համար բոլորովին նոր փոխադրամիջոցից՝ ռիկշա հեծանիվից:

Վերջինս երեք անիվ եւ նստատեղ ունեցող հեծանիվ է, որը կարող է տեղափոխել 3-4 մարդ: ՚Հնդկաստանում շատ են օգտագործում ռիկշաներ, բայց մենք կրկնօրինակել ենք եվրոպական մոդելը, որն ավելի հեշտ է քշելՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց ռիկշա ստեղծելու գաղափարի հեղինակ Մարիամը:

՚Բենզինն աղտոտում է մթնոլորտը, իսկ ռիկշան էկոլոգիական տեսանկյունից մաքուր փոխադրամիջոց էՙ,- ասում է Մարիամը: Հայաստանի առաջին ռիկշան պատված է էկոլոգիական կոչերով եւ նկարներով:

Առաջին ռիկշան ստեղծվել է ՚ՀՎԶՙ հեծանիվների արհեստանոցում: Հեծանվորդ Սամվելն այն միայնակ է ստեղծել: ՚Ամեն ամիս կարող եմ մեկ այսպիսի հեծանիվ ստեղծելՙ,- ասում է Սամվելը: Այս փոխադրամիջոցն ունի առջեւի եւ հետեւի լուսարձակներ, ձայնային ազդանշան, ձեռքերով եւ ոտքերով արգելակելու հարմարանք: ՚Եթե միայն վարորդը նստի ղեկին, ապա մոտ 35 կմ/ժ արագություն կարող է զարգացնելՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց ռիկշայի ստեղծողը: Ըստ Սամվելի՝ այս փոխադրամիջոցը նաեւ կարելի է աշխատացնել արեւային էներգիայով աշխատող մարտկոցներով:

Փոխադրամիջոցն իր վառ գույներով անմիջապես գրավում է թե վարորդների, թե հետիոտների ուշադրությունը: Ըստ հեղինակների` մարդիկ մոտենում, հարցնում են, թե ինչպես կարող են ձեռք բերել նման հեծանիվ: Վաճառքի համար այդպիսի հեծանիվներ առայժմ չկան:


Ի դեպ, հնարավոր է, որ մոտ ապագայում Երեւանի փողոցներում բազմաթիվ ռիկշաներ հայտնվեն, քանի որ երիտասարդները ցանկանում են դիմել քաղաքապետարան նոր ռիկշաների պատրաստման եւ պրոպագանդման համար օժանդակություն ստանալու համար:

Комментариев нет:

Отправить комментарий