Կառավարությունը դեռ աջակցություն չի տրամադրել Բուսաբանական այգուն, թեեւ Բնապահպանության նախարարության պետական տեսչության Երեւանի տարածքային բաժնի այգի կատարած ստուգայցերից հետո պարզ դարձավ, որ այգին պահպանության խնդիր ունի: Հուլիսին Վերահսկողության տեսչության պետի պաշտոնակատար Մարզպետ Քամալյանին տրամադրած զեկույցում տեղ էր գտել հետեւյալ առաջարկը. ՚Դիմել ՀՀ Գիտությունների ակադեմիային եւ ՀՀ կառավարությանը` բուսաբանական այգում պատշաճ հսկողություն իրականացնելու համար միջոցներ տրամադրելուՙ:
Զանգահարեցինք Մարզպետ Քամալյանին` պարզելու, թե նա այս զեկույցից հետո այգու պահակության խնդիրը փորձե՞լ է լուծել: Վերահսկողության տեսչության պետի պաշտոնակատարն ասաց, թե նա չի զբաղվում այդ գործով, թեեւ այգուն աջակցություն տրամադրելու առաջարկը հենց նրան էր ուղղված: Զրուցեցինք Բուսաբանության ինստիտուտի եւ բուսաբանական այգու տնօրեն Ժիրայր Վարդանյանի հետ: Վերջինիս տեղեկություններով` Կառավարությունը պատրաստվում է պետական բյուջեից մի քանի միլիոն ավելի գումար տրամադրել այգուն: Այդ գումարը, իհարկե, այգում պատշաճ հսկողություն չի ապահովի, բայց Ժիրայր Վարդանյանի խոսքերով` որոշ տեղաշարժ կլինի: ՚Բայց դա կլինի միայն հունվարինՙ,- վերջում հիշեցրեց այգու տնօերենը:
Նշենք, որ բացի պահպանության խնդրից, Բուսաբանական այգին նաեւ ոռոգման ջրի խնդիր ունի:
Ի դեպ, այս տարի լրանում է Բուսաբանության ինստիտուտի 70 ամյակը:
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ
՚Տարիներ շարունակ մեզ ծառայած Բուսաբանական այգին այսօր մեր օգնության կարիքն ունի, ուստի բնասերներին, բնապահպաններին եւ պարզապես ոչ անտարբեր ու չհոգնած հայերին սիրով կսպասենք շաբաթ օրը ժամը 14:00-ին այգու գլխավոր մուտքի մոտՙ,- ակտիվ քաղաքացիներին կոչ է անում ՚Բնատաճարՙ հասարակական նախաձեռնության ղեկավար Ապրեսը: Վերջինս ՚Ա1+ՙ-ին տված հարցազրույցում ասաց, որ Բուսաբանական այգու տնօրինությունը խոստացել է կամավորների համար այգում աշխատանքի ճակատ ապահովել: Հատվելու են չորացած ծառերը եւ մաքրվելու է այգու մի հատվածը: ՚Վստահեցնում եմ, որ բնության հետ շփումը եւ հանրօգուտ աշխատանքը մարդկանց կազդուրի, ներքին հրճվանք ու ժպիտ կպարգեւիՙ,- ասում է Ապրեսը:
Նշենք, որ Բուսաբանական այգին մաքրելու համար արդեն պատրաստակամություն են հայտնել 30 կամավորներ, սակայն Ապրեսի խոսքերով` եթե նրանց թիվն ավելանա, կարելի է այգում ամեն շաբաթ աշխատանքներ կազմակերպել: ՚Հետագայում նպատակ կա ծառերի վրա ցուցանակներ փակցնել, որտեղ նշված կլինի ծառատեսակի անվանումըՙ,- ասում է Ապրեսը:
Նշենք, որ ՚Բնատաճարՙ հասարակական նախաձեռնությունն արդեն նման մի ակցիա իրականացրել է Իջեւանի դենդրոպարկում, որտեղ կամավորների աշխատանքի միջոցով կարգավորել են այգու մի հատվածի ոռոգման ենթակառուցվածքը:
Комментариев нет:
Отправить комментарий