вторник, 9 сентября 2008 г.

Երեւանի հիմնական աղբավայրը շարունակում է աղտոտել մթնոլորտը

Երեւանի կենցաղային աղբը հիմնականում տեղափոխվում է Նուբարաշենի աղբանոց: Քաղաքին շատ մոտ տեղակայված աղբավայր են տեղափոխվում Շենգավիթ, Էրեբունի, Արաբկիր, Կենտրոն համայնքների աղբը` օրական 420-450 տոննա: Այժմ աղբանոցում կուտակված է 7 մլն տոննա աղբ:

Աղբի թափոնների պահեստավորման ժամանակ տեղի է ունենում բնական խմորում, որի հետեւանքով քայքայվում են օրգանական նյութերը, ու սկսվում են քիմիական ռեակցիաներ: Առաջանում են կենսագազեր, որոնք ցածր կոնցենտրացիայի դեպքում մթնոլորտ են տարածվում, իսկ բարձրի դեպքում` բռնկվում, ինքնայրվում:«Աղբանոցում ինքնայրման պրոցեսների արդյունքում արտանետված թունավոր գազերը քամու միջոցով հասնում են Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում ապրող մարդկանց ու թունավորում»,- ասում է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը:52.3 հա տարածք զբաղեցնող Նուբարաշենի աղբանոցում, թունավոր արտանետումները նվազեցնելու նպատակով, Կիոտոյի արձանագրության (Հայաստանը դրան միացել է 2002 թ.) Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում ծրագրվում էր «Երեւան քաղաքի Նուբարաշենի աղբավայրում կենսագազի օգտահանման եւ էլեկտրական էներգիայի արտադրության» հայ-ճապոնական ծրագրի իրականացումը: Ծրագրի իրականացման համար քննարկումները ծավալվել էին դեռեւս 2002 թ. սկզբին, մինչեւ Հայաստանի միանալը արձանագրությանը: Ծրագրի պաշտոնական կողմերն են Երեւանի քաղաքապետարանը եւ ճապոնական «Շիմիձու» կորպորացիան: Նախատեսվում է տեղադրել 1.4 ՄՎտ հզորությամբ գազամխոցային շարժիչով էլեկտրաէներգիայի գեներատոր, որը կաշխատի աղբավայրից որսվող մեթանով: Առաջնային համարելով էկոլոգիական մաքրության ապահովումը` Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանը ծրագիրը «իդեալական» է համարում:«Աղբավայրը ամբողջովին արտաքին միջավայրից կմեկուսացվի, ու էն բոլոր թունավոր գազերը, որ հիմա դուրս են գալիս ինքնայրման հետեւանքով, այլեւս չեն լինի, հերմետիկ միջավայրում դուրս կգա միայն մեթան գազ ու կաշխատացնի էլեկտրակայանը, դրա միջոցով էներգիա կստանանք»,- ասում է Ա. Գաբրիելյանը:Նա կարծում է, որ դրանից Հայաստանը կշահի ոչ միայն էկոլոգիական առումով, այլեւ սեփական հումքից էներգիա կստանա: Ըստ ծրագրի` ստացված էլեկտրաէներգիան վաճառվելու է բաշխիչ ցանցին: Դրանից ստացված եկամուտը հավասար բաշխվելու է երկու երկրների միջեւ: Հայաստանի տարեկան մաքուր շահույթը կկազմի 300 000 հազար դոլար:Ծրագրի մշակման եւ մոնիտորինգի անցկացման համար արդեն ծախսվել է 1 մլն դոլար, իսկ ընդհանուր առմամբ ծրագրի իրագործման համար ճապոնացիները ներդնելու են 8 մլն դոլար: Էլեկտրակայանի կառուցումը կտեւի 7-8 ամիս, դրանից հետո կսկսվի շահագործումը: Վերջնական պայմանավորվածություն դեռեւս ձեռք չի բերվել, քանի որ քննարկումների ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը որոշակի վերապահումներ է ունեցել ծրագրի իրականացման նպատակահարմարության առնչությամբ:Ըստ ծրագրի` Հայաստանը պետք է ապահովի օրգանական նյութերի կուտակումը Նուբարաշենում, իսկ ճապոնական ընկերությունը պետք է շահագործի այն` ունենալով մենաշնորհային դիրք: Էկոնոմիկայի նախարարության համար դա ընդունելի չէ, քանի որ, ըստ նրանց, աղբահանության բնագավառում մեկ այլ օպերատորի ներգրավման հնարավորություն չի լինի, որը կզբաղվի ոչ միայն Նուբարաշենի շահագործմամբ, այլեւ կլուծի ամբողջ քաղաքի աղբահանության խնդիրը: Էկոնոմիկայի նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը սեպտեմբերից խորհրդատվական օժանդակության ծրագիր է սկսելու, որն իրականացնելու է գերմանական «Ֆիխտներ» կազմակերպությունը:«Նրանք ուսումնասիրություն են կատարելու եւ խորհրդատվություն տալու, թե ինչպես ճիշտ աղբահանության հավաքագրում կատարվի եւ սանիտարահիգիենիկ մաքրություն ապահովվի Երեւանում, հետո, ըստ այդ եզրակացության, ծրագիր կառաջարկեն, մրցույթ կհայտարարենք, ու ցանկացած օպերատոր կարող է գալ եւ իրականացնել այդ ծրագիրը»,- ասում է Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության բաժնի պետ Արմեն Միրզոյանը:Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է համագործակցություն ապահովել ճապոնացիների եւ Համաշխարհային բանկի միջեւ եւ փորձի փոխանակման միջոցով լուծել աղբահանության ողջ խնդիրը: Նախարարությունում պնդում են, որ ծրագիրը տնտեսապես էլ շահավետ չէ, քանի որ ստացված եկամուտը հազիվ ծածկի շահագործման ծախսերը:Քաղաքապետարանը սպասում է, թե ինչ եզրակացություն կտա Համաշխարհային բանկը: Քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը բացատրում է. «Քանի որ սա միջազգային պայմանագիր է, պետք է միջազգային փորձագետների կողմից ուսումնասիրության ենթարկվի, մենք դիմել ենք կառավարության լիազոր մարմնին` Էկոնոմիկայի նախարարությանը, նա դիմել է Համաշխարհային բանկին, եւ եթե Համաշխարհային բանկը դրական եզրակացություն տա, որ այս ծրագիրն ընդունելի է, մենք համապատասխան որոշում կկայացնենք»:Գ. Խաչատրյանը, սակայն, համաձայն չէ Էկոնոմիկայի նախարարության այն փաստարկի հետ, որ եթե սրանով չի լուծվում ամբողջ աղբահանության խնդիրը, ուրեմն ավելի լավ է սպասել. «Մենք ջերմոցային արտանետումները կրճատելու խնդիր ենք դրել, եւ ոչ աղբահանության եւ աղբի մշակման խնդիր, սակայն եթե լինի ծրագիր եւ արտանետումների կրճատման, եւ աղբի տեսակավորման ու վերամշակման, միանշանակ ընդունելի կլինի այդ ծրագիրը»,- ասում է Գ. Խաչատրյանը:Էներգախնայողության եւ մթնոլորտի պահպանության տարեկան աշխատանքային պլանի կառավարիչ Դիանա Մնացականյանը կարծում է, որ չի կարելի հետաձգել ծրագրի իրագործումը, քանի որ անիմաստ ժամանակ է կորչում: Կիոտոյի արձանագրութւյունը կնքված է 2008-2012 թթ. համար, դրանից հետո արձանագրությունը ստորագրած երկրները, այդ թվում եւ Հայաստանը, նոր պարտավորություններ պիտի ստանձնեն:«Թող նոր օպերատորը գա, իր ուսումնասիրությունը կատարի, աղբամանները դնի, տեսակավորում կատարի, գործարան կառուցի, դժվար այդ բոլոր աշխատանքները շուտ ավարտվեն: Ինչու՞ չանել այս ծրագիրը ճապոնացիների հետ. մինչեւ 2016 թ. պայմանավորվածություն կա նրանց տալու աղբավայրի օրգանական նյութերը, որոնք ոչ մի երկրում չեն վերամշակվում, մնացածը` թուղթ, մետաղ, ապակի, կարող է մեկ այլ օպերատոր շահագործել»,- ասում է Գ. Խաչատրյանը: Նախնական պայմանավորվածության համաձայն` եթե ծրագիրը հաջողվի, ապա ճապոնական «Շիմիձու» կորպորացիան պատրաստ է նմանատիպ ծրագիր իրականացնել նաեւ Վանաձորում եւ Գյումրիում: «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը կողմ է ծրագրի իրականացմանը, բայց գտնում է, որ այդ ծրագիրը վերջնական լուծում չէ. պետք է աղբի վերամշակման գործարան կառուցել. «Մեր աղբի մեջ 20-30% են կազմում օրգանական նյութերը, մնացած 70 %-ը տարբեր տեսակի նյութեր են` թուղթ, ապակի, մետաղ, որոնք գազ չեն դառնում եւ շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը»,- ասում է Լ. Սիմոնյանը: Նա հիշում է, որ շատ կազմակերպություններ են մոնիտորինգ ու ուսումնասիրությյուններ կատարել Հայաստանում, բայց դրանից գործը տեղից չի շարժվել. «Մոնիտորիգը շատ փող ու ժամանակ է խլում, բայց միշտ չի, որ արդյունք է տալիս»,- եզրափակեց նա:




hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий