вторник, 7 октября 2008 г.

ՀՈՎԱՆԱՎՈՐԻ ԱՆՈՒՆԸ ՆՇԵԼԸ ՆՍԵՄԱՑՈՒՑԻ՞Չ Է

՚Բնատաճարՙ հասարակական նախաձեռնությունը անհատների եւ հասարակական կազմակերպությունների աջակցությամբ պատրաստվում էր 192 ցուցանականեր փակցնել Բուսաբանական այգու ծառերին, սակայն այգու տնօրինությունը չի համաձայնել, քանի որ յուրաքանչյուր ցուցանակի վրա բացի ծառի տեսակի անվանումից պետք է նշված լիներ տվյալ ցուցանակը հովանավորողի անունը:

՚Դրա նպատակն այն էր, որ մարդիկ իրենց անունը տեսնեին ցուցանակի վրա եւ հասկանային, որ իրենց ներդրած գումարը ծախսվել է ճիշտ նպատակինՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց ՚Բնատաճարՙ նախաձեռնության ղեկավար Ապրեսը:


Բուսաբանական ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանն էլ ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց, թե տնօրինությունը դեմ է եղել ցուցանակների փակցնելուն, քանի որ Էթիկապես ճիշտ չի համարում ամեն ցուցանակի ներքեում գրել հովանավորի անունը:


՚Ցուցանակը 500 դրամ արժի ու սազական չէ, որ ամեն մեկի ներքեւում նշվի հովանավորի անունըՙ,- ասաց Ժիրայր Վարդանյանը: ՚Չե՞ք կարծում, որ հովանավորի անունը նշելը կնպաստեր ներդրում կատարողների թվի մեծացմանըՙ,- ՚Ա1+ՙ-ի հարցին այգու տնօրենը պատասխանեց. ՚Ուրիշ բան, եթե ամբողջական երեւույթը հովանավորվի եւ առանձին ցուցանակի վրա նշվի հովանավորի անունը, բայց այդպես գեղեցիկ չէ, անգամ նսեմացուցիչ է: Ինստիտուտի աշխատակիցներն ասացին` ավելի լավ է մեր աշխատավարձերով ցուցանակներ գնենք, քանի ամեն ցուցանակի վրա հովանավորի անուն գրվիՙ:


Բուսաբանական այգին մյուսներից տարբերվում է իր գիտական նշանակությամբ, այստեղ բազմաթիվ ծառատեսակներ կան, որոնք բացառիկ են ողջ տարածաշրջանում: Այգու ծառերը նախկինում ունեցել են ցուցանակներ, որոնք պոկել են այգու ՚բնասերՙ այցելուները:
Նշենք, որ ՚Բնատաճարՙ նախաձեռնությունն արդեն 200 ցուցանականեր պատվիրելու համար գումար ունի եւ այդ ցուցանակները պատրաստվում է փակցնել Իջեւանի դենդրոպարկում: ՚Մենք խոսել ենք այգու տնօրենի հետ եւ նա մեծ սիրով համաձայնել էՙ,- ասում է ՚Բնատաճարիՙ ղեկավար Ապրեսը:

Комментариев нет:

Отправить комментарий