понедельник, 22 декабря 2008 г.

Սյունիքում խմելու ջուրն աղտոտված է

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնը հոկտեմբեր ամսին մարզի մի շարք համայնքներում` Գորիսում, Կապանում, Մեղրիում, Սիսիանում խմելու ջրի ստուգում է անցկացրել: Մանրէաբանական հետազոտությունների արդյունքում արձանագրվել է, որ նշված քաղաքներում խմելու ջուրն աղտոտված է 90 տոկոսով: Աղտոտված ջուրը, ըստ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանի, աղիքային վարակների բռնկման պատճառ կարող է հանդիսանալ (վերջերս նման դեպք արձանագրվեց Վանաձոր քաղաքում):

«Բազմաթիվ համայնքներում խմելու ջրի վարակազերծում, մասնակի մեթոդական վերլուծություն, ջրամբարների մաքրման, ախտահանման աշխատանքներ չեն իրականացվում: Ըստ նորմատիվների` դրանք անհրաժեշտ է կատարել տարին մեկ, իսկ էպիցուցումի ժամանակ` մի քանի անգամ: Մի շարք համայնքներում ջրամատակարարման հստակ ժամանակացույց չկա, արտադրական հսկողություն չի իրականացվում, իսկ լաբորատոր վերահսկողություն իրականացվում է միայն կենտրոնի կողմից ամիսը մեկ կամ երկու անգամ: Ջրահովիտները, ջրամբարները շատ դեպքերում ապահովված չեն սանպահպանման գոտիներով, չկա պահակային ծառայություն: Չի պահպանվում ջրամբարների, դիտահորերի հերմետիկությունը, եւ անձրեւաջրերը թափվում, խառնվում են խմելու ջրին: Իսկ օրինակ` Վարդանիձոր, Ծավ եւ այլ գյուղական համայնքներում ոռոգման համակարգի կամ գետի ջրերն առանց ֆիլտրացվելու որպես խմելու ջուր են ծառայում»,- Սյունիքի մարզի մարզխորհրդի նիստում հայտարարեց տիկին Մալինցյանը:

Նաեւ «Հայջրմուղկոյուղու» տարածքային կառույցների՝ խմելու ջրի մաքրման աշխատանքներին առնչվող աշխատակիցները բժշկական քննության չեն ենթարկվում, չունեն սանիտարական գրքույկներ: Հետքարքիր է, որ տեղերում ջրագծի վթարները պատշաճորեն չեն գրանցվում, իսկ վթարների դեպքում վերականգնման աշխատանքները ձգձգվում են: Մասնավորապես ըստ Լ.Մալինցյանի տարիներով չի վերացվում Գորիսի կոյուղագծի վթարը. ջրերը հոսում են Քրիստափոր փողոցից դեպի ֆուտբոլի մարզադաշտ: Բողոքներ կան նաեւ Կապանից: Կապանի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հակատուբերկուլյոզային բաժանմունքի տարածքից հոսող կոյուղաջրերը քաղաքի տարածքում առանց մաքրման թափվում են գետ:

"HETQ"

Комментариев нет:

Отправить комментарий