пятница, 26 декабря 2008 г.

Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողով






[ 26 Դեկտեմբերի 2008 16:18 ] բնապահպանություն

Նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 25-ի կարգադրությամբ ստեղծվել է Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողով:Հանրապետության նախագահն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:Խորհրդակցության նպատակն էր սկիզբ դնել հանձնաժողովի աշխատանքներին եւ պայմանավորվել գործունեության սկզբունքների, ժամանակացույցի ու ակնկալվող արդյունքների մասին:
Այնուհետեւ Հանրապետության նախագահն առանձնացրել է մի քանի խնդիրներ, որոնք պետք է լինեն հանձնաժողովի աշխատանքի հիմնական առարկան.


1. «Հանձնաժողովը պետք է գործնական առաջարկություններ մշակի Սեւանա լճի պահպանության, պաշարների օգտագործման բնագավառում կառավարման բոլոր օղակների, նրանց ծառայությունների ու ստորաբաժանումների համատեղ գործունեությունը ապահովելու վերաբերյալ` ուղղված լճի էկոհամակարգերի պահպանմանն ու զարգացմանը,


2. Պետք է գիտականորեն հիմնավորված միջոցառումներ ու առաջարկություններ մշակվեն լճի մակարդակի բարձրացման անհրաժեշտ նիշը ապահովելու, ջրի մաքրության եւ կենսաբազմազանության վերականգնման ուղղությամբ,


3. Հարկավոր է հետեւել Սեւանա լճի կենտրոնական գոտում քաղաքաշինական գործունեության սահմանված կարգի պահպանմանը, ափամերձ ցամաքային տարածքների կազմակերպման միջոցառումների իրականացմանը եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ,


4. Առաջարկություններ եմ ակնկալում նաեւ կառավարության կողմից սահմանված ձկան պաշարների պահպանման ու վերարտադրության, ինչպես նաեւ արդյունավետ որսի կանոնները պահպանելու ուղղությամբ,


5. Լճի մակարդակի մինչեւ 6 մետր բարձրացմանն ուղղված միջոցառումներից ամենահրատապը Արփա-Սեւան թունելի վթարային հատվածի վերականգնումն է: Թունելի վերականգնման աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ 5 տարվա ընթացքում: Վերականգնման աշխատանքների իրականացման հաջորդականությունը պետք է որոշվի մասնագետների հետ հանձնաժողովի հանգամանորեն քննարկումից հետո: Մենք անպայման միջոցներ գտնելու ենք այս խնդիրը լուծելու համար:


6.Աններելի է, երբ Սեւանից բաց թողնված ջրի գրեթե կեսն է հասնում բույսին, մնացածն անհետ կորչում է: Սեւանի ջրով ոռոգվող յուրաքանչյուր հեկտարի հաշվով ջրի ծախսը 2-3 անգամ գերազանցում է ոռոգման նորման: Այստեղ մենք հսկայական աշխատանք ունենք անելու եւ դրանք եւս պետք է համալիր անենք: Այսուհետեւ Սեւանից ոռոգման նպատակով ջրի բաց թողնման ծավալները եւ ժամկետները պետք է որոշվեն ու իրականացվեն հանձնաժողովի կողմից բազմակողմանի եւ հիմնավոր քննարկումից հետո: Միաժամանակ գործնական առաջարկություններ պետք է մշակվեն ջրի կորուստները ջրօգտագործման բոլոր օղակներում մինիմումի հասցնելու համար:


7. Այսօրվանից պետք է ձեռնարկվեն Մխչյանի, Ռանչպարի եւ Արեւշատի ջրհան կայանների վերանորոգման եւ վերականգնման աշխատանքներն, այն հաշվով, որ նրանք 2009թ. ոռոգման սեզոնին պատրաստ լինեն: Դա, իրոք, զգալի կթեթեւացնի Սեւանի հոգսը:8. Անհրաժեշտ է նաեւ միջոցառումներ մշակել ու իրականացնել Ապարանի ջրամբարից ջրի կորուստների կրճատման, ջրամբար մուտք գործող հոսքերի կարգավորման ուղղությամբ:


9. Հատուկ ուշադրություն պետք է դարձվի ջրի որակի ապահովման համալիր միջոցառումներին`
2009թ. 1-ին կիսամյակում պետք է ավարտվի Գավառի, Մարտունու, Վարդենիսի եւ Ջերմուկի մաքրման կայանների նախագծումը, երկրորդ կիսամյակում պետք է սկսվեն դրանց շինարարական աշխատանքները:
Պետք է ուսումնասիրվեն եւ աստիճանաբար իրականացվեն ավազանի մյուս խոշոր բնակավայրերի կեղտաջրերի մաքրման աշխատանքները:
Անհրաժեշտ է, որպեսզի խստորեն վերահսկվեն լճի էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցություն ունեցող տնտեսական բոլոր տեսակի գործունեությունները, պահպանվեն օրեքով սահմանված ռեժիմները` հատկապես հանքարդյունաբերությունում եւ գյուղատնտեսությունում»:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանն ասել է, որ նման հանձնաժողովի ստեղծումը վկայում է ստեղծված իրավիճակի առնչությամբ երկրի ղեկավարի մտահոգության ու առկա խնդիրները լուծելու նպատակադրվածության մասին: Ըստ Վլադիմիր Մովսիսյանի՝ հանձնաժողովում հավաքված են բանիմաց ու պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր ունեն անհրաժեշտ փորձ եւ ունակություններ առաջադրված հիմնախնդիրները լուծելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий