пятница, 23 января 2009 г.

Ոսկերչությունն ու ադամանդագործությունը վտանգված են տնտեսական ճգնաժամի պատճառով






[ 2009/01/23 16:46 ] տնտեսություն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտի խնդիրներին։ Քննարկմանը մասնակցել են նշված ոլորտի ձեռնարկությունների ղեկավարներ, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Այս ոլորտում առկա ներկայիս խնդիրներն առաջին հերթին, ըստ վարչապետի եւ քննարկմանը մասնակցող գործարարների, պայմանավորված են համաշխարհային տնտեսական ճգնաժամով, որն իր անմիջական ազդեցությունն է թողնում նաեւ մեր հանրապետության ոսկերչության ու ադամանդագործության վրա։ Ոսկերչության բնագավառում սահմանված հարկային որոշ արտոնությունները, կառավարության ղեկավարի կարծիքով, այլեւս բավարար չեն ոլորտի զարգացմանն աջակցելու համար։ «Այս ոլորտն ունի բավականին լուրջ արտադրողական հնարավորություններ, արտադրական կարողություններ, բայց ինչն ամենակարեւորն է` մարդկային ռեսուրս, մասնավորապես` հմուտ ոսկերիչներ եւ ադամանդագործներ։ Քանի որ ոլորտում հազարավոր աշխատատեղեր ունեինք, մեզ մտահոգում է այս խնդիրը, ոլորտի ապագան»,- ասել է Տիգրան Սարգսյանը, ընդգծելով, որ այսօր ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտի 45 ձեռնարկություններում շուրջ 2 հազար աշխատակիցների խնդիրը եւ մեր տնտեսության համար հեռանկարային ոլորտի ներկայիս դժվարությունները հնարավոր է հաղթահարել համատեղ ջանքերով եւ արդեն 2009թ. ունենալ առաջընթաց։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, միջազգային շուկայում ոլորտի վիճակի վերլուծության հետ միասին, ներկայացրել է Հայաստանում ոսկերչության եւ ադամանդագործության ընդհանուր պատկերը, առկա դժվարությունները, այդ թվում` համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված, նաեւ` նշել այդ ազդեցությունը մեղմելուն ուղղված միջոցառումների առաջարկությունները։
Խորհրդակցության ավարտին նախարար Ն. Երիցյանին հանձնարարվել է` Ֆինանսների նախարարի եւ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ 2-օրյա ժամկետում ամփոփել քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները եւ ներկայացնել դրանցից բխող միջոցառումների ծրագիր` հստակ ժամանակացույցով,-տեղեկացնում է կառավարության կայքէջը:


Комментариев нет:

Отправить комментарий