среда, 4 февраля 2009 г.





առողջապահություն,
Աշխարհի բոլոր երկրներում` ինչպես տնտեսապես զարգացած, այնպես էլ զարգացող եւ թերզարգացած երկրներում, արձանագրվում է չարորակ ուռուցքներով հիվանդության մակարդակի աճ: Հայաստանում արձանագրվել է չարորակ ուռուցքների 2-3 % աճ:
Այս մասին այսօր «Դե Ֆակտո» ակումբում հրավիրված ասուլիսում տեղեկացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը:
Մասնագետի հավաստմամբ, հիվանդացիության պատկերը երկու տասնամյակ առաջ այլ էր: 1985թ.-ին Հայաստանում արձանագրվել է չարորակ ուռուցքներով 5000 նոր հիվանդներ, տվյալ տարում այդ մարդկանց մոտ առաջին անգամ է հայտնաբերվել:
Եթե 1985թ.-ին 100 հազար բնակչից 145 հիվանդ էր արձանագրվում, ապա 2007թ-ին այդ թիվը հասել է 220-ի: «Թեկուզ և աճը կա, բայց տնտեսապես զարգացած երկրներում, ինչպես օրինակ` ԱՄՆ-ում, Կանադայում, Սկանդինավյան երկրներում, Ռուսաստանի որոշ մարզերում 100 հազար բնակչությունից արձանագրվում է 450 դեպք: Մեր երկրում հիվանդացության մակարդակը կազմում է 50 %` համեմատած նշված երկրներին»-փաստեց Հայրապետ Գալստյանը:
Բանախոսը շեշտեց, որ չարորակ ուռուցքների առաջացման հիմնական գործոնները պայմանավորված են մարդկանց ապրելակերպով և նրանց սննդով:
Վիճակագրական տվյալների համաձայն` ոչ ճիշտ սնունդ օգտագործելու հետևանքով քաղցկեղով հիվանդանում է քաղցկեղով հիվանդների ընդհանուր թվի 35 %-ը: Ծխախոտից` 30 %, ինֆեկցիոն հիվանդություններից` 10-15 %-ը:
«Սննդի վնասակար գործոնները հիմնականում առաջանում են ոչ ռեժիմով, ոչ առողջ ապրելակերպից` կծու, թթու համեմունքներով սննդամթերքներ, ապխտած կերակուրներ օգտագործելիս: Խորհուրդ է տրվում օգտագործել պտուղ բանջարեղեն, կաթնամթերք, բուսական ծագում ունեցող ճարպեր»-ասում է բանախոսը:
Թոքի քաղցկեղով հիվանդների 45-90 %-ի թոքերում քաղցկեղը պայմանավորված է ծխելով: «Ծխելը բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն բրոնխների, թոքերի և կոկորդի, այլ նաև կրծքագեղձի և այլ օրգանների վրա: Ծխախոտի խեժը իր մեջ պարունակում է 50-ից ավելի քաղցկեղածին նյութեր, որոնց բնույթը ապացուցված է»,-շարունակեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը:
Ինֆեկցիոն հիվանդությունները հիմնականում պատճառ են դառնում արյան և արյունաստեղծ օրգանների չարորակ ախտահարմանը:
Կրծքագեղձի քաղցկեղի աճման դեպքերն արդեն գերազանցում են թոքերի քաղցկեղի դեպքերին: Եթե 3 տարի առաջ թոքի քաղցկեղով հիվանդացիությունը առաջին տեղում էր, ապա այժմ գրեթե հավասար մակարդակի վրա է կրծքագեղձի քաղցկեղը: 2007-ին արձանագրվել է 7200 առաջնային հիվանդ, որից 1300 եղել են թոքի քաղցկեղով հիվանդներ, իսկ 1100-ը` կրծքագեղձի:
Կենտրոնի փոխտնօրեն Գ. Բազիկյանը փաստեց, որ կրծքագեղձի և ներարգանդային քաղցկեղը այժմ տարածված է կանանց շրջանում, որը կազմում է կանանց մոտ հայտնաբերված քաղցկեղների ընդհանուր թվի 50 %-ը` մոտ 1700 մարդ ամեն տարի:
«Այդ օրգանները ավելի շատ ծանրաբեռնվածություն են կրում իրենց վրա, և իրենց դերն ունեն տարիքային և հորմոնալ գործոնները»,-նշեց Գ. Բազիկյանը:
Մասնագետներն ասացին, որ չարորակ ուռուցքների դեմ պայքարել պետք է «սկրինինգային» ծրագրով: Այն կոչված է չարորակ ուռուցքները հայտնաբերել ամենավաղ զարգացման շրջանում:
Գոյություն ունի «սքրինինգի» երկու տեսակ` ազգային կամ ռեգիոնալ և «օպորտունիստական»: Առաջին դեպքում ընդգրկվում է պետության ողջ բնակչությունը, իսկ երկրոդում` բժիշկն է հիվանդին ուղարկում կամ հիվանդը ինքնակամ է գնում հետազոտության:
«Մեր հանրապետությունում դեռևս չկա ազգային սկրինինգային ծրագիր, և հիմնականում սկրինինգի մեջ ընդգրկվում է բնակչության 5 %-ը»,-հավելեց Հ. Գալստյանը:
Վերջինս վկայեց, որ իրենց Ուռուցքաբանական կենտրոնը, բացի ամենօրյա աշխատանքներից, կազմավորել է արտագնա մասնագիտական խմբեր, որում ընդգրկված են հանրապետության առաջատար մասնագետները, դիագնոստներ:
Կազմված է հատուկ ժամանակացույց, որ Հյաստանի բոլոր մարզերում տարեկան մեկ անգամ, անվճար հիմունքներով այդ խմբերը այցելեն և կանխարգելիչ հետազոտություններ անցկացնեն:
Հ. Գալստյանը նշում է, որ «մեր ժողովրդի սոցիալական կուլտուրան դեռևս պատշաճ մակարդակի վրա չի գտնվում, չնայած մարզի բոլոր լրատվամիջոցներով տեղեկացվում է այդ մասին, բայց ժողովրդի միայն 10-12 % է գալիս այդ միջոցառումներին: Գուցե կան ինչպես կազմակերպչական թերություններ, բայց այդպես էլ մասնագետներին չենք կարող ուղարկել տուն-առ տուն»:
Հայաստանի մասնագետները արդեն մշակել են ուռուցքաբանության դեմ պայքարի ազգային ծրագիր, որը ներկայացված է առողջապահության նախարարության քննարկմանը: Հ. Գալստյանը վստահ է, որ «սրա ընդունումից հետո զգալի առաջխաղացումներ կլինեն այս ոլորտում»:


կարևոր Քրիստինե Աղալարյան
hetq.am


1 комментарий:

  1. In fact when someone doesn't be aware of after that its up to other people that they will assist, so here it happens.

    Also visit my web-site - online stopwatch.

    ОтветитьУдалить