среда, 11 марта 2009 г.

Դրամի "ՄՏԱԾՎԱԾ" արժեզրկումն՝ ի նպաստ հանքարդյունաբերության



«Արտահանող բոլոր ձեռնարկությունների, այդ թվում՝ նաեւ լեռնահանքային ոլորտի համար, միանշանակ ձեռնտու է ազգային արժույթի արժեզրկումը: Երբ դրամն արժեւորվում էր, արտահանող ընկերությունները, հատկապես լեռնահանքային ոլորտում, մեծապես տուժում էին, իսկ այժմ հայտնվել են շահեկան վիճակում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ACP» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը:
Պարոն Արզումանյանը չնշեց, թե կոնկրետ որքան պետք է լինի դոլարի փոխարժեքը, որպեսզի այս պահին չաշխատող գործարանները վերսկսեն աշխատանքը. «Որքան բարձր՝ այնքան լավ: Դժվար է մեր տեսակետից դատել, թե որքան պետք է լինի փոխարժեքը, որպեսզի փոխհատուցի գների անկումը: Պղնձի օրինակով ասեմ՝ եթե անցյալ տարի հուլիսին 1 տոննան ռեկորդային էր՝ $9000, այժմ $3000-3500 է, եւ եթե ենթադրենք, որ մեր ոլորտի ընկերություններն իրենց հասույթն ամբողջությամբ ծախսում են դրամով, ապա հարկավոր է, որ ազգային արժույթը մոտ 3 անգամ արժեզրկվի, որպեսզի փոխհատուցի պղնձի գների անկմամբ պայմանավորված կորուստները»:
Գ. Արզումանյանը վստահեցրեց, որ դրամի արժեզրկումը կնպաստի նաեւ Թեղուտի հանքավայրի աշխատանքների տեմպերի ավելացմանը: Չնայած այս ամենին, ըստ պարոն Արզումանյանի, դրամի արժեզրկումը դեռ բավական չէ, որպեսզի հանքարդյունաբերական ոլորտը ծաղկի, պետք է օրենսդրական դաշտը կարգավորել. «Ընդերքը կարգավորող օրենսդրությունը, մեղմ ասած, հեռու է կատարյալ լինելուց: Այն բազմաթիվ հակասություններ ունի:
Սա առիթ է, որպեսզի կառավարությունը ուշադիր ու համակողմանիորեն ձեռնամուխ լինի օրենքի վերանայմանը»: Խոսելով կառավարության հակաճգնաժամային ծրագրի մասին, պարոն Արզումանյանը նշեց, որ այս կամ այն ձեռնարկությանը աջակցելու համար՝ պետք չէ, որ մեր կառավարությունը հատ-հատ քննարկի յուրաքանչյուրի պլանները, քանի որ այս դեպքում կոռուպցիոն գայթակղությունները մեծ են: Նրա խոսքերով. «Խնդիրներին պետք է համակարգային լուծում տալ, որն առաջին հերթին կանդրադառնա Հայաստանում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների վրա: Եվ, ի վերջո, չեմ կարծում, որ լավ եւ վատ իմաստով պետական չինովնիկը այն անձնավորությունն է, որը կարող է լավագույնս գնահատել մասնավոր ձեռնարկության խնդիրները»:

Комментариев нет:

Отправить комментарий