«Սևանի շրջակայքում կան հանքավայրեր, և խնդիր է, որ, ի վերջո, մենք Սևանի ամբողջ ավազանը տապալելու ենք, տուրիզմը, գյուղատնտեսությունը տապալելու ենք ու զարգացնելու ենք հանքարդյունեաբերությունը»,- այսօր «Դե Ֆակտո» ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
Բնապահպանական կազմակերպություններին անհանգստացնում է այն, որ եթե մինչև այսօր նյութի հանքահանում էր իրականացվում, ապա հիմա խոսքն այն մասին է, որ տեղում լինեն ֆլոտացիոն ֆաբրիկաներ և ամբողջ վերամշակման գործընթացն իրականացվի Սևանի ավազանում: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Գեոպրոմայնինգ» և «Գեգամետ» ընկերություններին:
«Գեգամետը», ըստ «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի նախագահ Ինգա Զարաֆյանի տվյալների, արդեն թույլտվություն է ստացել` շահագործելու Շորժայի և Ջիլի տունիդ-պերիդոցիտների և քրոմոքարի հանքավայրերը: Սակայն Ինգա Զարաֆյանն ասաց, որ այդ ընկերությունն ի սկզբանե չի տեղեկացրել, որ պատրաստվում է Սևանի ավազանում վերամշակում իրականացնել, դրա համար էլ Բնապահպանության նախարարությունը տվել է դրական եզրակացություն հանքի շահագործման համար: Սակայն, ըստ Ինգա Զարաֆյանի, իրենք անձամբ են տեսել, որ այնտեղ վերամշակում է տեղի ունենում: Այդ մասին հայտնել են Բնապահպանության նախարարությանը, որն ընդամենը ստուգող խումբ է ուղարկել այնտեղ, իսկ հանքերը շարունակվում են վերամշակվել տեղում: Բնապահպանության նախարարությունում հ/կ-ներին ասել են, որ վերամշակում, հավանաբար, պետք է տեղի ունենա Հրազդանում:
«Գեոպրոմայնինգը», ըստ Կարինե Դանիելյանի, դեռ չի ստացել Սոտքի ոսկու հանքավայրի շահագործման համար Սևանի ավազանում վերամշակման ֆաբրիկա կառուցելու թույլտվություն: Ըստ նրա` դեռ խորհրդային տարիներից քննարկվում է, թե ինչպես պետք է իրականացվի Սոտքի ոսկու հանքավայրի շահագործումը ու որոշում է ընդունվել, որ հանքանյութը հանվի և վերամշակվի Արարատում: Սակայն «Գեոպրոմայնինգը», գնելով այդ ողջ համալիրը, որոշել է այլևս չտեղափոխել հանքանյութը և շահագործել տեղում: Ի դեպ, նախկին տերերի նման ցանկությունը բացասական արձագանքի է արժանացել և’ հ/կ-ների, և’ բնապահպանության նախարարության կողմից:
Սոտքի հանքավայրում, ըստ Կարինե Դանիելյանի, կա 40 տոննա հանքանյութ, որը պետք է շահագործվի 10 տարիների ընթացքում: Կարինե Դանիելյանը հավելեց, որ վերամշակման գործարանի կառուցումը Սևանին սպառնում է բազմաթիվ թունավոր նյութերով` ցիանիդներ, մկնդեղ, պիրիտ և այլն: Ըստ նրա` միայն հանքանյութի հանքահանման պարագայում արդեն Սոտք գետում ալյումինի պարունակությունը 15, մանգանը` 10 է, իսկ Մասրիկ գետում մանգանի, պղնձի,երկաթի, սելենի պարունակությունը նորմայից բարձր է 2-8 անգամ:
«Եթե մենք ունենանք այստեղ նաև գործարան, դա նշանակում է, որ մենք կունենք էկոլոգիական աղետի գոտի»,- ասաց Կ. Դանիելյանը: Ըստ նրա` եթե այսօրվա տեխնոլոգիաները թույլ տան մաքուր, անթափոն արտադրություն, ապա միայն պոչամբարի առկայությունը բավական է, որ արտահոսքեր լինեն ստորգետնյա ջրավազան: «Այստեղից են սնվում Ջերմուկի հանքային ջրերը, վտանգված է նաև Սեյդլար գետը, որը հետո թափվում է Սարսանդի ջրամբարը, և ամբողջ Ղարաբաղն օգտագործում է այդ տարածքը նաև որպես խմելու ջրի աղբյուր: Եթե մենք Սևանը կորցրինք, Արարատյան դաշտավայրն ենք կորցնում, քանի ոռոգման ջրերն այստեղից են գալիս, կորցնում ենք արտեզյան ջրավազանը, կորցնում ենք Հայաստանը»,- Բնապահպանության նախկին նախարար Դանիելյանը:
Կարինե Դանիելյանը հավելեց նաև, որ այն սեյսմիկ ակտիվ գոտի է, և ցանկացած աղետ կվտանգի Սևանը: Դրա համար էլ Հայաստանի էկոլոգիական կազմակերպությունների դաշինքի «Sos Sevan»նախաձեռնող խումբը պահանջում է իշխանություններից թույլ չտալ գործարանի կառուցումը:
Չնայած բարձրացրած բողոքին, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ նախարարությունը մինչ այսօր որեւէ նախագիծ չի ստացել Սեւանի ավազանում գործարան կառուցելու վերաբերյալ. «Միգուցե ներդրողը միայն ցանկություն է հայտնել, բայց նման ցանկությունների դեպքում օրենքով սահմանված ընթացակարգերը պետք է անցնեն»:
«Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ինգա Զարաֆյանը ներկայացրեց այսօր «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացրած փաստաթուղթը, որը, նրա պնդմամբ, քննարկվել է մարտի 2-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Դրան, էկոլոգի պնդմամբ, մասնակցել են մի շարք այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում բնապահպանության նախարարությունը:
Փաստաթուղթը կոչվում է «Սոտքի հանքավայրի տարածքում արդյունահանող ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգային որոշում` հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը», որտեղ գրված է, որ գործարանի կառուցումն անվտանգ է: Սակայն հասարակական կազմակերպությունների համար հասկանալի չեն անվտանգության մասին եզրակացության հիմքերը: Փաստաթղթում գրված է նաև, որ աշխատանքը «հիմնված է Գիտությունների ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության, Հիդրոլոգիայի, Բնապահպանության նախարարության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Անշարժ գույքի պետական կադաստրի հետ խորհրդակցությունների և համաձայնությունների վրա»: Ընդ որում` գործարանի կառուցման դեպքում պետք է փոխվի «Սևանի մասին» օրենքը, քանի որ Սևանի կենտրոնական գոտում և անմիջական ազդեցության գոտիներում նման աշխատանքներ իրականացնել չի կարելի:
Հասարակական դաշինքը պահանջում է` չփոխել «Սևանի մասին» օրենքը, զարգացնել մաքուր գյուղատնտեսություն և պահպանել Սևանը որպես և խմելու և ոռոգման ջուր: «Մեր պայքարը բնապահպանության նախարարության դեմ չէ, մենք պատկերացնում ենք` ինչ ճնշումների է ենթարկվում նախարարությունը, այդ ճնշումներ դեմ է մեր պայքարը, քանի որ այն կորուստները, որ մենք կունենանք, հարյուրապատիկ ավելի են նախատեսվող տնտեսական շահերի հետ համեմատ»,- ասաց Կարինե Դանելյանը: Նրանք պատրաստվում են սպասել և տեսնել, թե ինչ պաստախան կստանան նախագահից, կառավարությունից և Ազգային ժողովից: «Միգուցե լինի պատասխան, որ ձեր բարձրացրած աղմուկն ավելորդ է, մենք այդպիսի որոշում չենք պատրաստվում ունենալ»,- հույս հայտնեց Կարինե Դանիելյանը:
Комментариев нет:
Отправить комментарий