понедельник, 23 марта 2009 г.

Որտե՞ղ է թաղված շան գլուխը, կամ` ու՞մ տակն է շան պոչը


Վերջին ամիսներին վնասազերծում արտահայտությունը մուտք գործեց հայկական լեքսիկոն ու խիստ նորաձև դարձավ: Քաղաքապետարանի գնումների գործակալությունը զգաց, թե ազգիս մեջ որքան շատ են թափառող «բարեկամները», նրանց վնասազերծման ու ստերիլիզացման համար մրցույթ հայտարարեց, մրցույթում էլ շահող ճանաչվեց «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ն: Ընկերության տեղեկատվության հարցերով փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանն ասում է, որ անհնար է հաշվարկել թափառող կենդանիներին, նրանք փաստաթուղթ չունեն, մեկ այս, մեկ այն վայրում են, իսկ մրցույթը շահելուց հետո ընկերության աշխատակիցները, ըստ Լ. Գրիգորյանի, պատշաճ կերպով կատարում են իրենց գործը: «Նուբարաշենի խճուղում սանիտարական գոտի կա, մեր աշխատակիցները կատարում են կենդանիների որս, բերում են կլինիկա, վարակակիրներին վնասազերծում ենք, իսկ առողջ շներին ստերիլիզացնում ու բաց ենք թողնում»,- ասում է նա:


Միայն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ստերիլիզացվել է 1391, վնասազերծվել 1921 շուն, ընդ որում, վնասազերծման համար ծախսվում է 2400, ստերիլիզացման համար` միջինում 10 հազար դրամ: Լ. Գրիգորյանը նշում է, որ վնասազերծված կենդանիներին թաղում են հատուկ վայրում, և վարակներից զերծ մնալու համար քլորի լուծույթ են լցնում նրանց վրա: Թվում է` ամեն ինչ կատարյալ է, բայց սա միայն մեկ տեսանկյունից: Հարցն այլ կողմեր էլ ունի:


«Փրկենք կենդանիներին» հասարակական բարեգործական ընկերության նախագահ Նունե Մեհրաբյանը վնասազերծումը համարում է սպանդ: «Վնասազերծել բառը շատերը չեն հասկանում, ի՞նչ տարբերություն սպանդի և վնասազերծման միջև, միևնույն է` կենդանին սպանվում է: Բոլոր քաղաքակիրթ երկրներում սպանդ բառն օգտագործվում է, մեր երկրում դա, չգիտես ինչո՞ւ, կոչվում է վնասազերծում»,- ասում է նա: Նունեն դաշնակահարուհի է, վաճառել է իր բնակարանն ու մի կացարան գնել, որտեղ այսօր արդեն 250 շուն է ապաստան գտել: Շների կացարան ստեղծելու գաղափարնը Նունեինն էր: Նա դիմել էր քաղաքապետարան, այնտեղ նրան ասել էին, որ սիրով կաջակցեն: Ըստ նախնական պայմանավորվածության, ոչ մի շուն չէր սպանվելու, սետրիլիզացիայի համար տրամադրվելու էին համապատասխան միջոցներ: Անցավ ժամանակ, թափառող շների թիվն ավելացավ, բայց քաղաքապետարանը լռում էր: Նունեն` իր նախաձեռնությամբ, ստեղծեց կացարանը, արտերկրի բարեգործների օգնությամբ ստերիլիզացման համար սենյակներ պատրաստեց:


«Նունեն իրավաբանական անձ չի ու չի կարող զբաղվել կենդանիների ստերիլիզացմամբ. սա «Յունիգրաֆ Իքս»-ի խոսքերն են… Իսկ այն, որ նրանք իրավաբանական անձինք են, թույլ է տալիս դժբախտ շներին սպանե՞լ: Շատ մարդիկ տարիներով իրենց բակում մեծացրած շներին բերում են կացարան, որ նրանց չսպանեն»,- ասում է Ն. Մեհրաբյանը: Նունեն ասում է, որ ստերիլիզացված ոչ մի շուն էլ չի վերադարձել իր բնակավայր, անգամ շատ դեպքեր են եղել, երբ ինքն է սերիլիզացրել շներին, վզկապ կապել ու բաց թողել, բայց մի քանի օրից նրանց սպանված է գտել քաղաքի տարբեր մասերում, դրա համար էլ որոշել է կացարանից այլևս շուն բաց չթողնել:


«Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ի տեղեկատվության հարցերով փոխտնօրենն ասում է, որ ահռելի մեծ գումարների հետ գործ կունենան, եթե որոշեն չվնասազերծել շներին, իսկ Նունեն ունի այս ամենի բացատրությունը: «Այս փոքրիկ քաղաքում, ունենալով երկու նման կացարան, բավական է, որ հրաժարվենք սպանդից, բայց քաղաքապետարանը վաղուց է հասկացել, որ սպանդն արդյունավետ չէ, ինքնապաշտպանական բնազդը ստիպում է ավելի շատ բազմանալ, և դա դիտարկվում է որպես լավ բիզնես. ավելի շատ շուն կծնվի, կլինի խնդիրը, ավելի շատ շուն կսպանեն, և վնասազերծման պատրվակիով ավելի շատ գումարներ դուրս կգրեն բյուջեից»,- ասում է նա: Նունեն համամիտ է, որ շներին պահելու համար քիչ գումարներ չեն ծախսվում, նա այդ գումարը բարեգործներից է հայթայթում, այժմ նաև հաշվի համար է բացվել, որտեղ մարդիկ կարող են թողնել իրենց հանգանակությունները, իսկ եթե լինի պետության աջակցությունը, ավելի հեշտ կիրականացվի գործընթացը:


«Եթե ես, դաշնակահարուհի լինելով, կարող եմ, ուրեմն` պետությունն էլ կարող է, պարզապես ցանկություն է պետք: Ինչ վերաբերում է անհույս հիվանդ շների վնասազերծմանը, ասեմ, որ վնասազերծողներն իրենք մամուլի ասուլիսի ժամանակ սխալ թույլ տվեցին, և ոչ ոք չնկատեց էլ: Նրանք սպանել են քոսով հիվանդ շների, այն ինչ, այդ հիվանդությունն ընդամենը մի ներարկումից բուժվում է: Ի՞նչ է, շունը դատապարտված է մահվան միայն նրա համար, որ փողոցո՞ւմ է ծնվել»,- ասում է Նունեն:


Շների սպանդի կամ վնասազերծման պայքարի տակ մեկ այլ ուժ էլ կա թաքնված: Վերջին ամսվա ընթացքում մայրաքաղաքի շատ թաղամասերում հայտնված «ջիպով» տղաները երեկոյան և առավոտյան ժամերին սպանում էին շների, իսկ որոշ «բախտավոր» շներ էլ կարողանում էին դուրս պրծնել նրանց հրազենից` դառնալով հաշմադամ: Մեր հարցին, թե ո՞վ է իրավունք տվել նրանց հրազեն կիրառել քաղաքում և սպանել շներին, նրանցից մեկը պատասխանեց. «Թաղապետը»: Հաջորդ հարցի պատասխանը եղավ. «Հեռացի՛ր, քանի շների օրը չես ընկել»:


Նորք Մարաշի թաղապետ Վարազդատ Մկրտչյանից փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս եղավ, որ հանձնարարեց շներին սպանել օրը ցերեկով: Նա ասաց, որ նման բան նա հանձնարարել էր 6 ամիս առաջ, այն էլ գիշերը ժամը 1-ից հետո են սպանել շների: «Այժմ թաղամասում մի շուն տեսնո՞ւմ եք, փոխանակ շնորհակալություն հայտնեք, մունա՞թ եք գալիս... բայց երեկոյան ու առավոտյան ժամերին չեմ նկատել, որ շուն սպանեն, մանավանդ հիմա հատուկ խումբ է ստանձնել այդ գործը»,- ասաց նա:


«Յունիգրաֆ Իքս»-ից ասացին, որ իրենց մեքենաները հատուկ պաստառներով են պատված, և իրենք նշված ժամերին հրազեն չեն կիրառում: Այս դեպքում ովքե՞ր են ծպտյալ ու թաղապետի անվան տակ հանդես եկողները, և թաղապետն, իրո՞ք, չի լսում այն կրակոցները, որ լսում են թաղի բոլոր բնակիչները:


Բնակիչների մոտ էլ կարծիքները հակասական են: Ոմանք ասում են, որ շները գողություն են անում, դրա համար էլ ճիշտ է նրանց սպանելը, շատերի համար էլ ցավալի է տեսնել, թե ինչպե՞ս են սպանում իրենց մեծացրած շներին: «Կարծում եմ, սրանք շներից ուտելիք պատրաստելու համար են սպանում, թե չէ էլ ինչո՞ւ պետք է սպանեն խեղճերին»,- ասաց 60-ամյա մի տատիկ, ով իր ձեռքով էր կերակրում թաղամասի շներին, այժմ էլ շարունակում է իր գործը` մեկ-երկու շուն ունեցող թաղամասում:


Բազմաթիվ մոտեցումներ կարող են լինել` շներին սպանելու կամ կենդանի թողնելու հետ կապված, ամենարդյունավետ միջոցը, սակայն, Նունե Մեհրաբյանը համարում է ստերիլիզացիան: «Սա փրկություն չէ, բայց, եթե ձագուկը պետք է լույս աշխարհ գա, ու մի քանի ամսից սպանդի ենթարկվի, ավելի լա՞վ չի, ընդհանրապես, չծնվի»,- ասում է նա:


Ի դեպ, արդեն մեկ շաբաթ է` «ջիպով» տղաները թաղամասում չեն երևում, չեն երևում նաև շներ, միայն երկու` հազիվ ոտքի վրա կագնող շներ են մնացել:


Հ.Գ. Եթե այս նյութը գրվեր եվրոպական որևէ երկրի պարբերականի համար, ստերիլիզացիայի դեմ պայքարով կսկսվեր, քանի որ այս դեպքում խախտվում է շան` սեռական կյանք ունենալու իրավունքը: Բայց մենք Հայաստանում ենք, ու պետք է շնորհակալ լինենք կենդանի նմացած ցանկացած շան համար, անգամ, եթե նա ստեղջ է, հաշմանդամ կամ էլ իր էներգիան փոխանցել է մարդու օրգանիզմ այն քյաբաբի միջոցով, որ գետնանցումի տակ վայելեց մարդ բանականը:

Комментариев нет:

Отправить комментарий