среда, 29 апреля 2009 г.


Ոչ մեկը 100 հազար դրամով հանք չի մտնի"...

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԿԱՊԱՆՑԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԸ ՀԱՍԱՆ ԻՐԵՆՑ ՆՊԱՏԱԿԻՆ

"Կարծես այս տնօրենը եկել է՝ լավ թիքաները հորատի, ծախի-գնա, մեզ էլ թողնի պարապ: Ոչ մեկը 100 հազար դրամով հանք չի մտնի, նախկինում մի 450-600 հազար դրամ ստանում էինք",-ասում է Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Արմեն Մարգարյանը: Այդ կոմբինատի "Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի" ՓԲԸ-ին պատկանող հանքի 50-60 աշխատակիցներ ապրիլի 22-ից բողոքի ցույց էին սկսել: Վերջիններս բողոքում են "առողջության համար վտանգավոր աշխատանքի դիմաց ընկերության տնօրինության սահմանած նոր` ավելի ցածր աշխատավարձից եւ հորատապայթեցման աշխատանքների նորմաների բարձրացումից": "8 ժամ աշխատում ենք, հետո հիվանդանում, բյուլետեն ենք բերում, ասում ա` դու չես կարող աշխատել, մեզ նման աշխատող պետք չի",-նշեց հանքագործներից մեկը` ավելացնելով, որ "2,5 անգամ պլանն ա ավելացրել, 300%-ով էլ աշխատավարձերը իջեցրել": Ըստ հանքագործների՝ նախկինում այսպես չէր. այս ամենը սկսվել է ապրիլի 4-ից, երբ գործարանն սկսեց աշխատել: Նախկինում, ճիշտ է, հորատապայթեցման աշխատանքների նորմաները ցածր էին, լավ էլ վարձատրվում էին: Արդյունքում՝ պլանից ավելի էին հորատում ու վարձատրվում: "Հիմա ահավոր են դարձրել նորմաները, ինչ մնաց խոսենք գերակատարման մասին": "Վերընթաց մինչեւ 10 մ փորվածքով` 5 քմ կտրվածքով մեկ հորատող ստանում էր 600 հազար աշխատավարձ, հիմա ասում ենք՝ գոնե 50%-ը տուր, 300 հազար դրամ, ասում է՝ չէ, 175 հազար դրամ է",-ասացին հանքափորները: Մեր այն հարցին՝ եթե տնօրինությունը բողոքավորներին ազատի աշխատանքից` ի՞նչ են անելու, պատասխանեցին. "Մենք ենք անգլիացիներին ազատելու ու քշենք ստեղից, սա մեր հայրենիքն է": Նշենք, որ մարտի 30-ին, երբ ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ֆալետան հայտարարեց ապրիլի 1-ից աշխատանքները վերսկսելու մասին, նշել էր, որ մասսայական կրճատումներ ու աշխատավարձի տարբերություն նախկինի համեմատ չեն լինելու, աշխատակիցների հետ կկնքվեն նոր աշխատանքային պայմանագրեր: "Իհարկե, այսուհետ տնօրինությունն ավելի խստապահանջ է լինելու, հետեւելու է աշխատանքային կարգապահությանը: Այն մարդիկ, որոնք չհարմարվեն այդ պայմաններին, բնականաբար, չեն շարունակելու աշխատել մեզ հետ: Այդ ամենն արվելու է ՀՀ օրենսդրության սահմաններում",-ասել էր Ֆալետան: Մեր զրուցակիցների խոսքով, եթե սա է տնօրինության խստապահանջությունը, ապա նման նորմաներով ոչ մի հանք աշխարհում չի աշխատում: Սամվել Գրիգորյանն էլ մտահոգված է երիտասարդների առողջությամբ. "Հանքում 26-40 տարեկան տղամարդիկ են աշխատում: Կան երիտասարդ ընտանիքներ, որ վարձով են մնում, բա ո՞նց հասցնեն: Չնայած կարեւորը գենոֆոնդի խնդիրն է: Առողջություն չունեն երիտասարդները, ամեն ինչ ազդում է",-ասաց նա: Ինչպես անցած տարվա գործադուլի օրերին, այս անգամ էլ հանքագործները հաստատակամ էին ու վստահ, որ հասնելու են իրենց ուզածին, հակառակ դեպքում հանք չեն մտնելու: Բողոքավորները տնօրինությանը ժամանակ էին տվել` բանակցելու եւ իրենց պայմաններն ընդունելու համար: Կոմբինատի աշխատակիցները մեզ հետ հեռախոսազրույցում նշեցին, որ տնօրինությունն ընդունել է նրանց պահանջները, ապրիլի 25-ից սկսել են աշխատել, բայց դեռեւս աշխատանքային պայմանագրեր չեն կնքվել: "Այդ իսկ պատճառով չենք կարող ասել, թե ինչքան է նախատեսել փորվածքներում հորատման աշխատանքների համար, բայց, ըստ երեւույթին, բարձրացրել է աշխատավարձը",-ասացին նրանք: "Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի" ընկերության համայնքի ու լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանն էլ նշեց, որ ձեռնարկության տնօրինությունն առաջիկա օրերին հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ

Комментариев нет:

Отправить комментарий