среда, 3 июня 2009 г.

ԹԵՂՈՒՏԻ ՀԱՄԱՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆՆԵՐԸ

Թեղուտի անտառների պաշտպանության հարցով այսօր լրագրողներին են հանդիպել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, փաստաբան Հայկ Ալումյանը, Թրանսփարենսի ինթերնեյշնլ կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը և Էկո Դար ՀԿ նախագահ Հրայր Սավզյանը: Սոնա Այվազյանը նշել է, որ իրենք հայց են ներկայացնելու դատարան, և հայցը համարյա ամբողջությամբ պատրաստ է: Փաստաբան Հայկ Ալումյանը պարզաբանել է, որ դեռևս 2001թ. ընդունվել են մի շարք վարչական ակտեր, որոնց ընդունման կարգի մեջ ներպետական, միջազգային պայմանագրերի և սահմանադրության խախտումներ են կատարվել: Հրայր Սավզյանը նշել է, որ իրենք մոտ 5000 ստորագրություն են հավաքել Թեղուտի անտառների պաշտպանության համար: Մարդիկ սիրով ստորագրում են, ասել է Սավզյանը: Հունիսի 5-ը շրջակա միջավայրի պաշտպանության օրն է, և այդ օրը երթ է կազմակերպվելու, թռուցիկներ են բաժանվելու: Սավզյանը ավելացրել է, որ ստորագրությանն են միացել նաև նախկին և ներկա առաջին տիկինները` Բելլա Քոչարյանը և Ռիտա Սարգսյանը: Հավաքված ստորագրություններն ուղարկվելու են նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին: Իրենք դիմել են նաև ՎՏԲ բանկի Ռուսաստանի տնօրենին, սակայն պատասխան չեն ստացել: Հիշեցնենք, որ ՎՏԲ բանկը պետք է 280 մլն դոլարի վարկ տրամադրեր հանքավայրի շահագործման համար: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ գտնում է, որ եթե շահագործվի Թեղուտի հանքավայրը, կշահագործվեն նաև ուրանի հանքավայրերը, որը մահացու է պետության և ժողովրդի համար: Եթե մեր դատարաններում չլուծվի հարցը, իրենք դիմելու են նաև միջազգային դատարաններ, ասել է պատգամավորը: Հայցադիմումի պահանջն էլ լինելու է վարչական ակտերը անվավեր ճանաչելը: Ի դեպ, ասուլիսին ներկա է եղել Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերության ներկայացուցիչը, ով դուրս գալով ասուլիսից, իր հետեւից գնացած լրագրողներին ասել է, որ 357 հեկտար անտառը, որ հատվելու է, փոխարենը կրկնակին տնկվելու է ողջ Հայաստանում: Նա հակաճառել է Հայկ Ալումյանին, նշելով, որ ակտերի առումով խախտումներ չեն եղել:

lragir.am

Комментариев нет:

Отправить комментарий