понедельник, 6 июля 2009 г.

Թեղուտի հայցն այսօր դատարան կմտնի

HETQ.AM

Այսօր` հուլիսի 6-ին, Երեւանի Վարչական դատարան կմտնի Թեղուտի պաշտպանության շարժման հայցադիմումը, որի նպատակն է արգելել Թեղուտի հանքավայրի շահագործումը:

Որպես հայցվորներ հանդես են գալիս «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» եւ «ԷԿՈԴԱՐ» հասարակական կազմակերպությունները:

Հայցվորները գտնում են, որ Թեղուտի հանքի շահագործման վերաբերյալ կառավարության ընդունած վարչական ակտերը խախտում են մի շարք օրենքներ, մասնավորապես`

ՀՀ Սահմանադրության 1, 10, 33.2 հոդվածները եւ 6-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ հողային, ջրային եւ ընդերքի մասին օրենսգրքերի մի շարք հոդվածներ, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը եւ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը:

Ըստ հայցադիմումի` խախտվել են նաեւ ՀՀ միջազգային պայմանագրեր եւ եւս մի քանի ՀՀ օրենքներ:

Հետադարձ հայացք. Ինչպես սկսվեց

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը հայտնաբերվել է դեռեւս 1976 թվականին, այն գտնվում է Թեղուտ գյուղից 4 կմ հեռավորության վրա, իսկ Շնողից 6 կմ է հեռու: Հանքավայրի պաշարները կազմում են 453.8 մլն տոննա հանքաքար:

2001 թվականին ՀՀ կառավարությունը «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ՓԲԸ-ին 25 տարով տվել է Թեղուտի հանքի շահագործման լիցենզիա:

ACP-ն 2008 թվականի ապրիլ ամսից անտառահատումներ է իրականացնում կառավարության որոշումներով իրեն հատկացված տարածքներում:

Արդյունաբերական օբյեկտների շինարարության և հանքավայրի շահագործման անհրաժեշտ տարածքը կազմելու է 670 հա, որից անտառածածկ է 510 հա: Կառավարության որոշմամբ թույլատրվել է այդ տարածքում շուրջ 357 հեկտար անտառային ծածկույթի հատումը:

ACP-ի հանձնարարությամբ` «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն (ՇՄԱԳ): ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել այդ փորձաքննությանը, որից հետո էլ սկսվել է Թեղուտի անտառի հատումը:

Թեղուտի բուսական աշխարհին հասցվող վնասը




Թեղուտի պաշտպանության խմբի 66 էջանոց հայցադիմումը կասկածի տակ է առնում ՇՄԱԳ-ի եւ «Աշխատանքային նախագծի» տվյալները եւ բնապահպանության նախարարության տված դրական եզրակացության մեջ մատնանշված փաստերը:

Մասնավորապես` եզրակացության մեջ նշված չէ, որ խախտվող տարածքում առկա են Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բույսեր:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի պատվերով Թեղուտի հանքավայրի տարածքի բուսական աշխարհին վերաբերող փաստաթղթերը հետազոտվել են գիտնական-բուսաբան Պավել Ղամբարյանի կողմից:

Վերջինիս հետազոտությունը ցույց է տվել, որ Թեղուտ և Շնող գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող անտառային հողերում կան Հայաստանի Կարմիր գրքում գրանցված 3 տեսակի ծառի եւ 3 տեսակի բույսերի աճելավայրեր:



Դրանք են` իհի գարշահոտ, կովկասյան խուրմա, հունական ընկուզենի, անդրկովկասյան ձնծաղիկ, պոպուլիկ մարշալի, եզնայկոխ Կոզոպոլքնսկու:

Ըստ մասնագետի`Թեղուտի հանքավայրի շահագործումն անխուսափելիորեն կհանգեցնի վերը նշված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը:

Թեղուտի կենդանական աշխարհին սպառնացող վտանգը

Թեղուտի հանքավայրի և հարակից տարածքներում բնակվող կենդանատեսակներից մի քանիսը գրանցված են Կենդանիների Պահպանության Միջազգային Միության Կարմիր գրքում:

Մասնավորապես` կարծրաթևավորների և թիթեռների 260 տեսակներից 2-ը, եւ սողունների 10 տեսակներից 1-ը: Իսկ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված են Թեղուտի 7 թռչուն, 7 կաթնասուն եւ 2 սողուն:

«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տված դրական եզրակացության մեջ նշված չէ, որ խախտվող տարածքում առկա են Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր գրքում, ինչպես նաև` Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների տեսակներ:

Թեղուտի հանքավայրի տարածքի կենդանական աշխարհին վերաբերող փաստաթղթերը հետազոտել է գիտնական-կենսաբան Մարտին Ադամյանը, որի տված եզրակացության մեջ նշված է.

«Հանքավայրի շահագործումն անխուսափելիորեն կհանգեցնի ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված` կենդանիների վերը նշված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը»:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության տնտեսական վնասը

Ըստ հայցվորների` շրջակա միջավայրի վրա ազդեցության տնտեսական վնասի հաշվարկի համար կիրառվել է 1992 թվականի մեթոդական ձեռնարկ, մինչդեռ հողերի, մթնոլորտի և ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատման համար ՀՀ կառավարությունը 2005-ին մշակել է նոր կարգ:

Հայցվորները պնդում են, թե ՇՄԱԳ-ում եւ «Աշխատանքային նախագծում» բերված տվյալները հակասական են, որի արդյունքում դրանց հիման վրա հաշվարկված տնտեսական վնասի չափերը զգալիորեն տարբերվում են, որոշ դեպքերում` մոտ 2 անգամ: Ասվածը մանրամասնորեն փաստարկված է 66 էջանոց հայցադիմումում:

Ըստ հայցի` մթնոլորտին հասցվող վնասը ծրագրի ամբողջ ընթացքում կկազմի 1.148.597 հազար դրամ, իսկ խախտվող հողերի գծով տնտեսական վնասն իրականում կազմելու է 2.586.036.600 դրամ:

Հայցվորները հաշվարկել են նաեւ ջրային օբյեկտներին հասցվող տնտեսական վնասը, որը հանքի շահագործման ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում կկազմի 165 502 500 դրամ:

Դադարեցրեք հանքի շահագործումը

Այսօր Վարչական դատարան ուղարկած հայցադիմումով հայցվորները դատարանին խնդրում են ճանաչել առոչինչ Թեղուտի հանքավայրին վերաբերող կառավարության որոշումները: Նաեւ` անվավեր ճանաչել ACP-ի եւ Առեւտրի եւ տնտեսական զարգացման ու Բնապահպանության նախարարությունների միջեւ կնքված «Հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզային պայմանագիրը»:

Հայցվորների հիմնական պահանջն է` կառավարությանը պարտավորեցնել արգելել ACP-ին Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրով նախատեսված գործունեության իրականացումը:

Դատարանում որպես պատասխանող հանդես են գալու ՀՀ կառավարությունը, Բնապահպանության եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ՓԲԸ-ն ճանաչվել է որպես 3-րդ կողմ:
Հայցվորների շահերը դատարանում ներկայացնելու է փաստաբան Հայկ Ալումյանը:



Թեղուտգ Ցամաքային կրիան գրանցված է Կենդանիների Պահպանության Միջազգային Միության Կարմիր գրքում:



Դարեվսկու ժայռամողեսները Կենդանիների Պահպանության Միջազգային Միության Կարմիր գրքում են:



Փոքրիկ Սապսանները մտահոգված են անտառի հատումով



Կարմիր գրքում գրանցված Սեւ ագռավը եւս բնակվում է Թեղուտի անտառում

Լուսանկարները՝ Մարտին եւ Սիլվա Ադամյանների

Комментариев нет:

Отправить комментарий