среда, 9 сентября 2009 г.

«ԲՌՆԱԲԱՐԵԼԸ » ՀԻՄԻ ԴԵ ՏԵՍ

«Ոստիկանապետը Մարիամ Սուխուդյանի պաշտպանությանն ուղղված բողոքի ակցիաներն համարում է անիմաստ»- խորագրի տակ լրատվական միոցներն լուսաբանել էին Ալիկ Սարգսյանի ` լրագրողների հետ օգոստոսի 21-ի հանդիպման ժամանակ Մարիամ Սուխուդյանի հայտնի գործին կատարված անդրադարձը:
Այս հրապարակումները կրկին գրգռեցին հասարակության հետաքրքրությունը Հանրային հեռուստատեսության «Հայլուրի» 2008 2 նոյեմբեր 13-ի թողարկմամբ, որի` մի քանի րոպե տևողությամբ հատվածում Նուբարաշենի 11 հատուկ կրթահամալիրի սան Դ.Ամիրխանյանը պատմում էր այդ կրթահամալիրում ձևավորված «բարքերի» մասին: Մասնավորապես ` ուսուցիչ Ավագյանի կողմից Դ.Ամիրխանյանի և այլոց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ:


Այն հանգամանքը, որ ոստիկանապետը ստիպված է եղել անդրադառնալ հայտնի դարձած այդ գործին` արդեն իսկ վկայում է, որ բողոքի ակցիաներն իմաստավորված էին:Այսպես, ոստիկանությունը ժամանակավրեպ չհամարեց անգամ հրամցնել հանրությանը /սեփական և զանգվածային այլ միջոցներով/ ընթացող նախաքննության վերաբերյալ որոշ տեղեկություններ: Ինտերնետային կայքերում և թերթի էջերում հասարակության հետաքրքրասեր զանգվածը տեղեկացավ, որ 
«Հայլուրի» տեղեկատվության կապակցությամբ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնց հիման վրա ուղիղ երեք ամիս անց հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանները շռայլորեն կիսվել են ազգաբնակչության հետ քրեական գործ հարուցելու մասին որոշման նկարագրական մասով, ըստ որի` երիտասարդների կամավորական մի խումբ մշակել է բարեգործական մի ծրագիր , որը հավանություն էր ստացել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից:Արդյուքնում, Նուբարաշենի 11 հատուկ կրթահամալիրին շնորհվել է մեկ միլիոն ՀՀ դրամ:
2008 թ. Մարտ-մայիս ամիսների ընթացքում կրթահամալիրում բացվել էր համակարգչային սենյակ , կազմակերպվել էին խոհարարական դասընթացներ, էքսկուրսիաներ, անգլերե և ռուսերեն լեզվի ուսուցում և այլն:
Նախաքննության նյութերի շարադրումը ընդմիջելով` ուշադրության արժանացնենք այն հանգամանքը, որ քրեական վարույթը իրականացնող մարմինները ամիսներ շարունակ թաքցնում էին գործով վկաներից և արդեն այն ժամանակ մեղադրյալ «նշանակված» Մարիամ Սուխուդյանից քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
Թաքցնում էին ամենաարդյունավեր միջոցով . «տեղեկացնելով »` իբր գործը հարուցված է բացառապես զրպարտության առիթով, որ զրպարտողը Դ.Ամիրխանյանն է , և որ այլ անձինք և հատկապես Մարիամ Սուխուդյանը առանց որևէ մտավախության կարող են և պարտավոր են ցուցմունքներ տալ որպես վկա:

Այսօր Մարիամ Սուխուդյանը «լիիրավ» մեղադրյալ է և այժմ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հովածի 2-րդ մասի 3րդ կետով` սուտ մատնություն շահադիտական դրդումներով:

Շարունակենք նախաքննության «գաղտնիքների» շարադրումը, որից և պարզ կդառնա , թե ինչպես բարեգործական ծրագրի ղեկավարը «դարձավ » հանցագործ:

«Ծրագրի իրականացման սկզբնական փուլում ` դեռևս 2008թ ապրիլին Մ.Սուխուդյանը կրթահամալիրի տնօրեն Մ.Եգիբարյանից պահանջել է ծրագրի իրականացման համար նախատեսված և դպրոցի հաշվեհամարին փոխանցված մեկ միլիոն դրամը կանխիկացնել և տրամադրել իրեն` ծրագրով նախատեսված միջոցառումների ծախսերն անձամբ կատարելու համար: Տնօրենը մերժել է նրա պահանջը: Այդ պատճառով Մարիամ Սուխուդյանը սկսել է դպրոցի վերաբերյալ տարածել կեղծ տեղեկություննր ` իբր հայոց լեզվի ուսուցիչ Լ.Ավագյանը կրթահամալիրի սան Դ.Ամիրխանյանի և այլոց նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել.. » 
Դժվար է /չենք փորձի/ տրամաբանության որևէ նշույլ փնտրել քննիչի այն եզրակացության մեջ, որ ծրագրային մեկ միլիոն դրամը նպատակային իրացնելուց հետո Մարիամ Սուխուդյանը «շահադիտական» դրդումով տեղեկատվություն է տարածել դպրոցի կամ ուսուցչի վերաբերյալ»
Խելքին, մոտ կլիներ, օրինակ վրեժ լուծելու վարկածը, եթե իհարկե, առկա է սուտ մատնությունը...

Իրադարձությունները սթափ գնահատող յուրաքանչյուր մարդու համար պարզից պարզ է, որ քննիչը դիմում է ապօրինի միջոցների` այն դեպքում , երբ գործը «շինում է»

«Շինվածք 1»

2009 թ օգոստոսի 11-ին Մարիամ Սուխուդյանը ծանուցվում է , որ «ՀՀ քր.օր.-ի 135 հոդվածի 1ի մասով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ս.թ.օգոստոսի 15-ին հրավիրվում է հարցաքննության:

Սա պետք է նշանակեր, որ առնվազն օգոստոսի 11-ին քննիչը պետք կայացրած լիներ որոշում Մ.Սուխուդյանին , որպես մեղադրյալ ներգավելու մասին:

Ավելին, օրենքը միանշանակ պահանջում է որպեսի անձը այդ որոշմանը ծանոթանա այն կայացնելու պահից ոչ ուշ , քան 48 ժամվա ընթացքում: Պետք է , արդյոք, ենթադրել , որ քննիչը մտադրված էր խախտել օրենքը և իր որոշման հետ մեղադրյալին ծանոթացրել ոչ թե 48 , այլ 96 ժամ հետո:

Մենք մտադրված չենք մեղադրել քննիչին քրեադատավարական այդ նորմը խախտելու մեջ, քանի որ նա` քննիչը, պարզապես խաբել էր Մ.Սուխուդյանին”

Շինվածք 2
Ոչ օգոստոսի 11-ին , ոչ էլ դրանից առաջ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացած չի եղել: Օգոստոսի 15-ին հարցաքննութան գնացած Մ.Սուխուդյանը և նրա փաստաբան ըտեղեկացել են , որ որպես մեդադրյալ ներգրավելու մաիսն որոշումը քննիչը կայացրել է ….

Նույն այդ օրը`օգոստոսի 15-ին, իսկ մեղադրանքը առաջադրվել է ոչ թե 135 –րդ , այլ վերը նշված 333-րդ հոդվածով:
Եվ այդ քննիչի կողմից իրականացված այդպիսի վարույթը ոստիկանապետը համարել է օրինական և արժանահավատ:
Ավելին, այդ քննիչին է, բարձրացված աղմուկից հետո, համայնքի դատախազը հանձնարարել «Մ.Սուխուդյանի նկատմամբ քրեական գործի քննության օբյեկտիվությունը , բաղմակողմանիությունը, լրիվությունն ապահովելու նկատառումներից ելնելով քննության առարկա դարձնել դիտարկվող քրեական գործին վերաբերվող մամուլի հրապարակումները»
Ասել, թե հետաքրքիր կլիներ լսել քննիչի կարծիքը սույն հրապարակման մասին` կնշանակեր խորամանկել. Այն կարծիքը`ավելի քան կանխագուշակելի է:



Մամուլը պնդել է և շարունակում է պնդել , թե Մ. Սուխուդյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Հեր
թական այդ սուտը, անկասկած նույնպես ծնվել է քրեական վարույթն իրականացնող մարմիններից: Մ.Սուխուդյանը չի հրաժարվել ցուցմունք տալուց , Մ.Սուխուդյանը պնդել է և պնդում է , որ պատրաստ է և ցանկանում է համագործակցել իրավապահների հետ այն պահից, երբ վարույթը կվերադարձվի իրավական դաշտ:

Կարծում ենք` իսկը պահն է անդրադառնալու ոստիկանապետի հայտարարության մեխը հանդիսացած մտքին, որ «Մ.Սուխուդյանի պաշտպանությանն ուղղված բողոքի ակցիաներն անիմաստ են »: Նշանակում է,արդյոք, որ ՀՀ ոստիկանապետը, հանդիսանալով ուժային կառույցի ղեկավար , բացեիբաց հայտարարեց, որ հայ հասարակության ձայնը իմաստազրկված է իր համար: Անշուշտ, մեկ երկու տասնյակ բողոքավորները հասարակություն չեն , սակայն նրանք այն անձիք են, որոնք անմիջականորեն առնընչվել են քրեական վարույթի հետ և լավատեղյակ են դրա ապօրինություններին: Հետևաբար, նրանք հասարակության հենց այն մասնիկն են, որոնք ձևավորում են հասարակական կարծիքը:

Իսկ ինչպես պետք է գնահատել այն փաստը, որ լիարժեք քրեական վարույթ իրականացնող մարմնի ղեկավարի կարգավիճակում ոստիկանապետը ուղղակիորեն ուղղորդել է գործի հետագա ընթացքը: Ինքնուրույն դատողություններ անելու համար մեղջբերվում է Ալիկ Սարգսյանի խոսքը. 
 «Նա անհիմն մեղադրանքով է հանդես եկել , զրպարտել անմեղ մարդկանց և անչափահասին դրդել պատժելի արարքների»: Այս բառերով ոստիկանապետը , բացահայտելով, որ ինքը լրիվ անտեղյակ է գործից /հիշեցնում ենք, որ Մ.Սուխուդյանը մեղադրվում է ոչ թե զրպարտության այլ սուտ մատնություն համար / միարժամանակ վերարտադրում է մեկ այլ հանցագործության դիսպոզիցիան /հանցավոր արարքի նկարագրությունը/ որի կատարման մեջ /դեռ?/ չի մեղադրվում անձը:
Մ.Սուխուդյանը անթաքույց խուսափում է լրագրողների հետ շփվելուց:Ոչ այն պատճառով, որ ասելու բան չունի:Ավելի շուտ հենց այն պատճառով, որ ասելու շատ բան կա: Սակայն մտավախություն ունի, որ նման «տեմպերով» զարգացող քրեական վարույթի պայմաններում դյուրին է «արժանանալ» մեկ այլ մեղադրանքի:
Օրինակ նախաքննության «գաղտնիքները» հրապարակելու համար:
Այս նյութի հեղինակը կիսում է այդ մտավախությունը և այդ պատճառով դիմեց Մարիամին «չեզոք» մեկ հարցով
«Ինչպես ստացվեց, որ ձեր խումբը «գրանտավորեց» Նուբարաշենի կրթահամալիրը»  
Մ.Ս.- Մեր կամավորական խմբի գործունեությունը ունի տարիների պատմություն Փնտրում էին առանձնապես կարիքավորներին և նրանց օգնել ցանկանողներին: Ինքներս տարբեր և տարբեր միջոցներով, ` այդ թվում նաև անձնական, հայթայթում էին հագուստ , կոշիկ, խաղալիք, քաղցրավենիք, գրենական պիտույքներ..Խարբերդի մանկատունն առաջին հաստատությունն էր, որին հանձնեցինք հավաքածը:
Հաջորդը Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցն էր , ու 2005 –ի վերջերին կամ 2006 սկզբներին առաջին անգամ հանձնեցինք մեր ունեցածը: Հետո փորձեցինք կազմակերպել էքսկուրսիաներ` բուսաբանական այգի, թատրոն, ...ՄԱԿ-ի ծրագիրը մեզ թվաց առավել համապատասխանող այդ կրթօջախի համար:Չսխալվեցինք:

Մեր գործունեություն ը իրականացնում էին առանց գովազդային աղմուկների, և հիմնականում մեզ հետ համագործակցում էին անձինք, որոնք չէին ցանկանում գովազդվել, քանի որ համարում էին , որ մարդու պարտականությունն է օգնել կարիքավորներին, կիսվել ունեցածով...
Այցելել ենք Նորքի գիշերօթիկ դպրոց, N5 գիշերօթիկ դպրոց, դժվար դաստիարակվող տղաների դպրոց, Նուբարաշենի մանկատունն ավարտած երեխաների հանրակացարան և այլն...
Հաճախում էինք անապահով ընտանիքներ, որոնց մասին տեղեկանում էինք մամուլից, մեզ էին դիմում: Ինտերնետում ունենք կայք էջ www.bigfamily.am

Կարծում եմ կարիք չկա շարունակել նշված հարցի շուրջ մեկ ժամ տևողությամբ պատասխանի շարադրումը , բառերով թախիծը չես փոխանցի:

Ժամանակն է նաև ավարտել նյութը, համոզված մնալով, որ ինչ-որ չափով հաջողվեց արտահայտել այն իրողությունը, որ այսօր պաշտպանության կարիք ունեն ոչ այնքան մարիամները , որքան բարոյականությունն ու արդարությունը: Այլապես բռնաբարված կմնա ԱԶԳԸ...

Ա.Աբգարյան
Հետաքննություն Թերթ

Комментариев нет:

Отправить комментарий