вторник, 29 сентября 2009 г.

Երեխայի իրավունքների պաշտպանությունը` բարեփոխումների անկյունաքար

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի-Ջիլանիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հատուկ կրթության ոլորտում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մասնակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը: Նախարարը, բարձր գնահատելով երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքները, նշեց, որ միջոցառումների ծավալները, իհարկե, տպավորիչ են, բայց հատուկ կրթության ոլորտում դեռ առկա են մի շարք լուրջ հիմնախնդիրներ:

«Երեխաների իրավունքների պաշտպանության հարցը անկյունաքարային է հատուկ դպրոցի բարեփոխումների շրջանակում: Երեխաները մեկուսացված են հասարակությունից, որն էլ պարարտ հող է հանդիսանում զանազան չարաշահումների համար: Մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք հատուկ կրթության կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի և ամեն ինչ անենք, որ այդ ուսումնական հաստատությունները միշտ բաց լինեն հասարակության համար, իսկ գործընթացները` թափանցիկ և տեսանելի»,-ընդգծեց նախարարը:
Հյուրերին հետաքրքրում էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի վերաբերյալ մամուլի հրապարակումները: Նախարարը նշեց, որ հիմնական մտահոգությունը իրավական դաշտում է, և հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է: Նա տեղեկացրեց, որ հատուկ դպրոցի խնդիրների շուրջ տեղի է ունեցել հանդիպում նախարարի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր հատուկ դպրոցների տնօրենների հետ: «Տվյալ դպրոցում ստեղծված իրավիճակը մեզ ստիպեց առավել ուշադրության արժանացնել հատուկ դպրոցի խնդիրները, և քանի որ նախարարության ռեսուրսները բավարար չեն լիարժեք վերահսկողություն իրականացնելու համար, մենք առաջարկով դիմել ենք բոլոր հասարակական և միջազգային կազմակերպություններին` կազմավորել հասարակական վերահսկողության խորհուրդ` խնդիրներին համակարգային լուծումներ տալու նպատակով: Առաջարկին արձագանքել է շուրջ 25 կազմակերպություն»,-նշեց նախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հատուկ դպրոցների ֆինանսավորմանը, ջեռուցմանը, պահպանմանը, աշխատակազմի ցածր վարձատրությանը, ինչպես նաև հատուկ դպրոցի շրջանավարտների կրթության շարունակականության ապահովմանը, նոր ուսումնական ծրագրերին և դասագրքերին վերաբերող հարցեր


http://edu.am/index.php?id=-3291&topMenu=2&menu1=-1&menu2=2&arch=0

Комментариев нет:

Отправить комментарий