вторник, 14 октября 2008 г.

Հիպոթերապիա. երբ բուժումը հաճույք է


Սեպտեմբերյան մի շոգ օր իմ կյանքը բաժանվեց երկու մասի։ Մինչեւ այդ օրը ես սովորական ձի էի, գյուղում ապրող մյուս ձիերի նման. ողջ օրն արածում էի մարգագետնում, մեկ-մեկ էլ գյուղի տղաները հեծնում էին ինձ։


Այդ օրվանից ես դարձա բժիշկ։ Ընդ որում` ոչ սովորական բժիշկ, ումից երեխաները վախենում են, այլ բժիշկ, ում մոտ «ընդունելության» գալիս են վազելով եւ լայն ժպիտներով։

Իմ անունը Խուժան է։ Չնայած ինձ համար անհասկանալի է, թե ինձ ինչու են այդպես կոչել. իմ պահվածքով եւ բնավորությամբ ես բոլորովին չեմ համապատասխանում այդ անվանը։ Ես հիպոթերապիստ Հասմիկի եւ ձիասպորտի մարզիչ Բորիսի հետ զբաղվում եմ մտավոր եւ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների ռեաբիլիտացիայի մի տեսակով, որը կոչվում է հիպոթերապիա՝ հունարեն «հիպոս»՝ ձի բառից։

Շաբաթը չորս անգամ ինձ մոտ գալիս են ֆիզիկական եւ մտավոր տարբեր խնդիրներով երեխաներ՝ մանկական ուղեղային կաթված, աուտիզմ, էնցեֆալոպատիա։ Նրանցից վեցը Խարբերդի հատուկ կարիքներով երեխաների մանկատան երեխաներ են, մի աղջիկ եւ մի տղա էլ գալիս են իրենց մայրիկների հետ։ Հասմիկը եւ Բորիսն այնքան են խոսում հիպոթերապիայից տարբեր մարդկանց հետ, որ ես դրա մասին կարող եմ պատմել իրենցից ոչ պակաս։

Հիպոթերապիա բառացի նշանակում է բուժում մեր՝ ձիերիս օգնությամբ։ Դեռ Հիպոկրատը, ով մեր մասին գրել է բազմաթիվ աշխատություններ, ասել է. «Եթե ուզում ես առողջ լինել, ճիշտ սնվիր, շատ զբոսնիր եւ ձի նստիր»

Մեզ՝ ձիերիս, հաճախ անվանում են «կենդանի տրենաժոր» Քայլելիս մեր մեջքը կատարում է եռաչափ տատանումներ, որոնք կրկնում են նաև մեզ վրա նստած երեխայի մարմնի բոլոր մկանները։ Այդ տատանումների միջոցով տեղի է ունենում ձգված մկանների թուլացում և թույլ մկանների միաժամանակյա մարզում, ինչը հատկապես կարեւոր է մանկական ուղեղային կաթված /ՄՈւԿ/ ունեցող երեխաների համար։

Շատ կարեւոր է նաեւ հոգեբանական գործոնը։ Երեխան, երբ գալիս է ինձ մոտ, չի ընկալում դա որպես բուժում, այլ որպես ձիավարության հմտություններին տիրապետելու պրոցես։ Բացի այդ, այստեղ նա է գլխավորը, նա է «վերեւում»:

Իրեն միշտ ասել են. դու թույլ ես, դու չես կարող, իսկ հիմա նա նստում է մեծ, ուժեղ կենդանու վրա, ու կենդանին ենթարկվում է իր ձեռքի շարժումներին։ Դա միանգամայն նոր զգացում է իրենց համար, որն արթնացնում է ինքնավստահություն եւ բարձր ինքնագնահատական։

Մենք շատ հիվանդություններ ենք կարող մասամբ կամ ամբողջովին բուժել. մանկական ուղեղային կաթված, աուտիզմ, շիզոֆրենիա, ողնաշարային խնդիրներ, սկոլիոզ, Դաունի սինդրոմ, նյարդային համակարգի խնդիրներ, օստեոխոնդրոզ, շագանակագեղձի հիվանդություններ, սրտի և ուղեղի կաթվածից հետռեաբիլիտացիա և այլն։

Մեր օգնությամբ բուժումը հակացուցված է շատ քիչ հիվանդությունների դեպքում, դրանք են`հեմոֆիլիա (ոսկորների փխրունություն), երիկամի որոշ հիանդություններ եւ ցանկացած հիվանդություն սրման ընթացքում։

Մասնագետները երեխաներին նստեցնում են մեջքիս` տարբեր դիրքերով, թամբով ու առանց թամբի, տալիս են նրանց զանազան վարժություններ՝ կախված յուրաքանչյուրի անհատական խնդրից։

Комментариев нет:

Отправить комментарий