среда, 14 января 2009 г.

Սեւանի ափին 412 շինություններից օրինական են միայն 25-ը



Այսօր տեղի ունեցավ ԱԺ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստը, որի արդյունքները ամփոփեց պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:Նիստում հաստատվեց 7 ընթացիկ հաշվետվություն: Բնապահպանության նախարարության ոլորտում հայտնաբերվել են շուրջ 226 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ, որոնց մեծ մասը վերաբերում է անարդյունավետ ծախսերին. «Արձանագրվել է մեկ յուրահատուկ դեպք. գնվել է հիդրոլոգիական նավ 79 մլն 931 հազար դրամ արժեքով, ըստ մաքսային ձեւակերպման, այնուհետեւ այս նույն նավի համար պետական բյուջեից տրվել է 153 մլն դրամ»:
Այս ոլորտում արձանագրվել է 30 մլն դրամի անարդյունավետ ծախս, որը հատկացվել է պետական բյուջեից. «Փաստացի ծախսվել է 27 մլն 762 հազար դրամ, որը վերաբերում է նավերի ակումբի հետ կապված ծախսերին, գումարը ծախսվել է «Ծովային շինարարություն եւ տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի կողմից, որը ծրագիրը կազմել է, բայց որեւէ զարգացում չի ունեցել»:
Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն դարձնելու նպատակով բյուջեից նախատեսված էր 31.7 մլն դրամ, որով նախատեսվում էր ժամանակակից հիդրոօդերեւույթաբանական սարքավորումներ ձեռք բերվեն, բայց սարքավորումները ձեռք բերելուց հետո պարզվել է, որ համապատասխան շենք չկա, ուստի այս գումարը եւս որակվել է, որպես անարդյունավետ ծախս: 63 մլն դրամ էլ կազմել են տարբեր բնույթի խախտումները եւ համապատասխան գումարը պետք է վերականգնվի պետական բյուջե. «Օրինակ` հանքավայրերի գույքագրման հետ կապված, պայմանագիր է կնքվել «Սահակ» կազմակերպության հետ, որը պետք է գույքագրեր 133 հանքավայրեր, բայց արդյունքում գույքագրել է 74-ը, որի դիմաց կազմակերպությունը ստացել է ամբողջ գումար»:
Վերահսկողները 10.5 մլն դրամի ծավալային հավելագրում են հայտանբերել այս փաստի վերաբերյալ, որը պետք է վերականգնվի պետական բյուջե: Նույն կազմակերպությունը պետք է հանքավայրերի չափագրում կատարեր, սակայն նախատեսված 110-ի փոխարեն ընդամենը 67-ն է իրականացրել, ինչը ենթադրում է 6.4 մլն դրամի հավելագրում, որը ենթակա է վերականգնման: Սխալ հաշվարկի 5.6 մլն դրամ քիչ է վճարվել ընկերությունների կողմից, որոնք թափոներ են արտանետում շրջակա միջավայր:
Նիստում քննարկված երկրորդ հարցը վերաբերում էր «Սեւան» ազգային պարկի հետ կապված խնդիրներ: Կազմվել է ամփոփ տեղեկանք, որտեղ նշվում է, որ ամբողջ պարկում հողօգտագործողների թիվը 904 է, որից 492-ը դեռեւս որեւէ աշխատանք չի իրականացրել, մնացած 412-ը տարբեր բնույթի աշխատանքներ են իրականացրել: Այդ 412-ից 227 դեպք կառուցապատում են իրականացրել 1908 նիշից ցածր, որը օրենքի կոպիտ խախտում է, այդ 227-ից 142 դեպքում շինությունները ինքնակամ են, 4 դեպքում կա շինթույլտվություն, 12-ը հողազավթման դեպք են, իսկ մյուս 12-ն էլ խորհրդային տարիներից ժառանգություն են առանց համապատասխան վերաձեւակերպումների: 1908մ բարձր շինությունները 78-ն են, որից 35-ը ինքնակամ են, 8-ն ունեն շինթույլտվություն, 5-ը հողազավթմամբ են ձեռք բերվել, 12-ն էլ խորհրդային տարիներից ժառանգություն են առանց համապատասխան վերաձեւակերպումների: 100 դեպքում էլ հողը այնպիսի տարածքում է, որ եւ 1908 նիշից բարձր է, եւ միաժամանակ` ցածր: Այս 100 դեպքից սակայն արձանագրվել է 56 ինքնակամ շինություն, 13-ը շինթույլտվություն ունեին, 5-ը հողազավթման դեպք են, 3 դեպքն էլ խորհրդային տարիներից ժառանգություն են առանց համապատասխան վերաձեւակերպումների, իսկ մնացած 7-ի դեպքում վերահսկողները չեն գտել, թե ովքեր են տերերը: Ընդհանուր առմամբ Սեւանի ափին 412 շինություններից օրինական են միայն 25-ը:
Այս եւ այլ խնդիրները կապված Սեւանի ավազանի հետ դեկտեմբերին քննարկվել են Կառավարությունում. «Խնդիրների մեծ մասը ծագում է նրանից, որ «Սեւան» ազգային պարկն ունի 4-5 տեր` Բնապահպանության նախարարությունը, «Սեւան» ազգային պարկի տնօրինությունը, քաղաքապետարանները, մարզպետարանը, գյուղական համայնքները, սակայն այսուհետ բոլոր կարգի որոշումները կայացնելու է Կառավարությունը»: Խորհրդի նիստում ներկայացվեց նաեւ այն խնդիրը, որ ջրի բարձրացման դեպքում կազմակերպությունը հողամաքրումը բավական չափով չէ իրականացրել, սակայն կազմակերպությունը բացատրություն է ներկայացրել, որը «եթե տրամաբանությանը մոտ լինեն, կընդունվեն», իսկ եթե բացատրությունները չբավարարեն Վերահսկիչ պալատին, կազմակերպությունը պետք է գումարը վերականգնի պետական բյուջե:
Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագիրի շրջանակներում, որը եւս առնչվում է Բնապահպանության նախարարությանը եւ իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ, հայտնաբերվել են 13.5 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ, որոնք ենթակա են վերականգնման:
Քննարկված հարցերից էր նաեւ Դավթաշեն համայնքի կողմից բյուջետային միջոցների օգտագործումը` 2006-2007թ ընթացքում, արձանագրվել է 91 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ, որից 46 մլն կվերադարձվի պետական բյուջե, 11.5 մլն յուրացման դեպք է գրանցվել. «Կանաչապատում եւ բարեկարգում» ՍՊԸ-ի կողմից օգոստոս ամսին աշխատողները ազատվել են աշխատանքից, սակայն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ մարդկանց անունով գումարներ են հատկացվել որպես աշխատավարձ: 31 մլն դրամի խախտում էլ գրանցվել է ոչ բնակելի շինությունների վաճառքից, որը պետք է վերականգնվի բյուջե: Ամենակոպիտ խախտումը համայնքում 6445 քառ. մ տարածք քաղաքապետարանի կողմից թաղապետարանին տրվել էր վարձակալության հիմունքներով, սակայն, օրենքին հակառակ, այդ հողերը մաս-մաս սեփականաշնորհվել են եւ վաճառվել:











Комментариев нет:

Отправить комментарий