вторник, 27 января 2009 г.

URGENT

Ալավերդու «մկնդեղի գերեզմանոցում» թաղվել են նաեւ քիմիական նյութեր
Խորհրդային տարիներից ժառանգություն մնացած Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի մկնդեղի գերեզմանոցը, կամ ինչպես ալավերդցիներն են ասում` «մագիլնիկը», տեղակայված է քաղաքի Լեն-Հանքեր (Մադան) թաղամաս գնացող ճամփեզրին, թաղամասից հազիվ 1 կմ հեռավորության վրա:
Իր գործարկման օրվանից մինչեւ վերջերս Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունը չի օգտագործել գերեզմանոցը: Այն այսօր բացարձակ անուշադրության է մատված: Մինչդեռ, ինչպես տեղեկացրեցին գերեզմանոցի հարեւանությամբ բնակվող բնակիչները, մեկ ամիս առաջ 3 բեռնատար ավտոմեքենայով գերեզմանոց են բերվել կապրոնե եւ երկաթե զմռսված տակառներ: Բնակիչների վկայությամբ` դրանք թաղվել են գերեզմանոցում: Նրանք տեսել են, թե ինչպես են տրակտորով հող լցրել տակառների վրա:
Զմռսված տակառների մեջ թունավոր նյութեր են եղել: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության արտադրության գծով տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովից տեղեկացանք, որ տակառների մեջ թաղվել են ընկերության պղնձաձուլական գործարանի լաբորատորիայի քիմիական այն նյութերը, որոնք գործածության համար այլեւս պիտանի չեն: Թե դրանք ի՞նչ նյութեր են, եւ արդյո՞ք «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունն իրավունք ուներ թաղել այդ գերեզմանուցում, կպարզենք առաջիկայում:
Գերեզմանոցը ցանկապատված չէ: Ինչպես թաղամասի անասունները, այնպես էլ մարդիկ ազատ ելումուտ են անում այնտեղ: Տարածքի վտանգավորության մասին զգուշացնող որեւէ ցուցանակ չկա: Գերեզմանոցի որոշ հատվածներում պատռված պարկերով մկնդեղի թափոններ են թափված, իսկ տարածքի առանձին հատվածներում մեծ խոռոչներ են:
«Հնարավոր է` մարդիկ լինեն բացած, հնարավոր է կենդանիները փորած լինեն, մի քանի տարի առաջ գերեզմանոցի տարածքում շատ մարդկանց կարելի էր տեսնել: Հայաստանում ռայոն չկար, որտեղից մարդիկ մեքենաներով չգային էստեղից շլամ տանելու: Մարդկանց թվում էր, թե այնտեղ թաղված շլամի մեջ ոսկու պարունակություն կա, պարկերով տանում էին ոսկի ստանալու համար: Շրջափակող բետոնե պատերի արմատուրաներն էլ քանդեցին տարան»,- ասացին գերեզմանոցի հարեւանությամբ բնակվող Շուրիկ եւ Լաուրա Կիրակոսյանները:
Վտանգավոր թափոնների գերեզմանոցի մասին Շուրիկ Կիրակոսյանը պատմեց նաեւ մի զավեշտական պատմություն. «Այտա մենակ էդ չի, սիրահար զույգեր են գալիս ավտոյով: Երեկ, ճաշին էր, ապրանքը հանեցի, մի ավտո ուզեր մտնի տարածքը, տեսավ ես եմ գնում, նորից կամաց ետ գնաց: Ասեցի` չերեւամ իրեն, կարող ա մոտիկ մարդ լինի, չուզենա, որ ես տեսնեմ, թողի ետ եկա: Որ լավ ման գաս, արաղի ու գինու շշեր էլ կգտնես էնտեղ: Կողքով անցնել չի լինում, միշիակի հոտը խեղդում է, ոնց էլ իրենց վատ չեն զգում»,- զարմանում է Շուրիկ Կիրակոսյանը:
Գերեզմանոցի ցանկապատման եւ տարածքի վտանգավորության մասին բնակչությանը տեղեկացնող ցուցանակ տեղադրելու կապակցությամբ Նիկոլայ Ֆեոֆանովն ասաց, որ «տարածքը տարիներ առաջ ցանցապատված է եղել, բայց այն գողացել են»: Նա տեղեկացրեց նաեւ, որ գերեզմանոցը պատկանում է «Մանես» ՓԲԸ-ին եւ խոստացավ այն ցանկապատելու եւ ցուցանակ փակցնելու համար հանձնարարություն տալ վերջինիս:
hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий