Օրգանական սննդամթերք նախընտրող հայաստանցիներն այսուհետ կարող են ստուգել` արդյոք տվյալ սննդամթերքն օրգանակա՞ն է, թե՞ ոչ: Սկսած մայիսի 5-ից բոլոր այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են օրգանական գյուղատնտեսությամբ, պետք է ունենան «Էկոգլոբ» կազմակերպության սերտիֆիկատը: 2002 թ. հիմնված «Էկոգլոբ» ընկերությունը (www.ecoglobe.am) Հայաստանում առայժմ միակ կազմակերպությունն է, որ սերտիֆիկատ է շնորհում օրգանական գյուղատնտեսությամբ կամ օրգանական սննդամթերքի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին:«Էկոգլոբի» շնորհած սերտիֆիկատներն այժմ արդեն ճանաչվում են եվրոպական DAP (Deutsches Akkreditierungssystem Prüfwesen) կազմակերպության կողմից: Իսկ այս կազմակերպության ակրեդիտացիան (ճանաչումը) գործում է Եվրամիության ողջ տարածքում:«Այս սերտիֆիկատն ունեցող հայկական ընկերությունները հնարավորություն կունենան իրենց արտադրանքն արտահանել և վաճառել Եվրամիության երկրներում»,- ասում է «Էկոգլոբ» ընկերության գլխավոր տնօրեն Նունե Դարբինյանը:Սերտիֆիկատ ստացած ընկերությունները կարող են վաճառել իրենց արտադրանքը «Էկոգլոբի» շնորհած պիտակով: Հայաստանում ներկայումս արտադրվում են օրգանական հյութեր, չրեր, մեղր, կաթնամթերք և հաց: Սակայն դրանց մեծ մասը օրգանական լինելը հաստատող սերտիֆիկատ չունի: Սպառողը պետք է պարզապես հավատա արտադրողին:DAP կազմակերպության ներկայացուցիչ Յոխեն Նոյենդորֆը, ով հունվարի 19-ին ներկա էր ծրագրի շնորհանդեսին, ասաց, որ «Էկոգլոբն» առաջին կազմակերպությունն է տարածաշրջանում, որ ստացել է օրգանական գյուղմթերքների սերտիֆիկացման իրավունք:Անցյալ դարի 80-ական թվականներից Եվրոպայում մեծ տարածում գտած օրգանական գյուղատնտեսությունը նոր ուղղություն է Հայաստանի համար: Այն հիմնված է մաքուր, առանց քիմիական նյութերի սննդի արտադրության վրա: Ըստ Դարբինյանի` Եվրոպայում օրգանական է սննդամթերքի մոտ 10 տոկոսը և միտում ունի ամեն տարի 10 տոկոսով աճելու: «Հայաստանում վաղ է խոսել տոկոսների մասին, մեր երկրում դա դեռ նորույթ է»,- ասում է Դարբինյանը: Սննդամթերքի խանութներում աշխատող վաճառողները փաստում են, որ հիմնականում երկու խումբ մարդիկ են առավել հետաքրքրված էկոլոգիապես մաքուր սնունդով` փոքր երեխաների ծնողներն ու հատուկ սննդակարգի հետևող մարդիկ: Օրգանական սննդամթերքը 10-50 տոկոսով թանկ է ոչ օրգանականից: «Կան սննդատեսակներ, որոնք սպառվում հենց ստանալու օրը, օրինակ` «Երիցյանների» «Բիոհացը»,- ասում է «Բարեկամություն» մետրոյի տարածքում գտնվող «Կիև» սննդամթերքի խանութի վաճառող Արուս Բաբիկյանը: Նա ավելացնում է, որ մարդիկ հիմա ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց սննդի բաղադրությանը, քան առաջ: «Էկոգլոբից» առայժմ սերտիֆիկատ ստացել են հինգ հայկական կազմակերպություններ` «Թամարա ֆրութ», «Սիս նատուրալ», «Չիր» ընկերությունները, «Մագ» մեղվաբուծական տնտեսությունը և «Կիլիկիա» գարեջրի գործարանը:«Առաջիկայում ակնկալում ենք ևս 10 ընկերությունների սերտիֆիկացում»,- ասում է Դարբինյանը: Նա նշում է, որ դրանք հիմնականում կլինեն բուսական թեյ և կաթնամթերք արտադրող ընկերություններ: Նրա կարծիքով` Հայաստանում հատկապես կաթնամթերքի օրգանական արտադրություն ավելի հեշտ է կազմակերպել, եթե օգտագործվեն արոտավայրերի բարձրադիր ալպիական գոտիները: (Ալպիական գոտիները զերծ են քիմիական պարարտանյութերից: Օրգանական կաթնամթերքի արտադրության առաջին քայլը մաքուր կերն է:)«Թամարա ֆրութի» օրգանական արտադրանքն արդեն մուտք է գործել եվրոպական շուկա: Ընկերությունն անցյալ տարի հյութեր է արտահանել եվրոպական մի շարք երկրներ: Ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով` այս տարի կշարունակվի հյութերի, ինչպես նաև սառեցված մրգերի ու հատապտուղների արտահանումը նաև Ռուսաստան:«Սիս նատուրալ» ընկերությունն իր հյութերի տեսականուց միայն նռան, չիչխանի և մասուրի հյութերի արտադրությունն է սերտիֆիկացրել:Մյուս ընկերությունները, որոնք արտադրում են «էկոլոգիապես մաքուր» մակագրությամբ սննդամթերք, հավաստում են, որ իրենք ևս, անհրաժեշտության դեպքում, կստանան այդ սերտիֆիկատը:«Եթե դա ձևական բնույթ չկրի, ապա անպայման կդիմենք, որ ստանանք այդ սերտիֆիկատը»,- ասում է միայն տեղական շուկայի համար կաթնամթերք արտադրող «Բիոկաթ» ընկերության մենեջեր Սեյրան Հովհաննիսյանը:Իսկ «Հայր և որդի Երիցյանններ» ՍՊԸ-ին պատկանող հացի գործարանի տնօրեն Գևորգ Խաչատրյանը մեզ հայտնեց, որ առաջին անգամ է լսում նման սերտիֆիկատի մասին: 2008 թ. մայիսին ընդունված «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա մայիսին:Հայաստանում վաճառվում են «էկոլոգիապես մաքուր» մակագրությամբ բազմաթիվ սննդատեսակներ: Սակայն, ինչպես նշում է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը, այդ ապրանքատեսակները ոչ միշտ են համապատասխանում իրենց մակնշմանը:«Հայաստանում 40 կազմակերպություն այս կամ այն չափով զբաղվում է օրգանական գյուղատնտեսությամբ, բայց ոչ բոլորն են սերտիֆիկացված: Եթե տվյալ ընկերությունը համապատասխան սերտիֆիկատ չունի, եվրոպական երկրների սպառողը չի հավատա, որ արտադրատեսակն էկոլոգիապես մաքուր է: Այդ պարագայում մեր արտադրանքը նաև մրցունակ չի լինի»,- ասում է Ավետիսյանը:Գյուղատնտեսության փոխնախարարի կարծիքով` Հայաստանի փոքր հողատարածությունների և արտահանման փոքր պոտենցիալի պատճառով անհրաժեշտ է միավոր տարածքի վրա աճեցնել և արտահանել ավելի բարձր որակի և բարձր գին ունեցող արտադրանք:«Դրա համար մենք ունենք պոտենցիալ: Կարող ենք արտադրել և արտահանել էկոլոգիապես մաքուր ծիրանի չիր, դեղաբույսեր, բանջարեղենի տարբեր տեսակներ և վերամշակված արտադրանք: Այսինքն` այս ամենի համար շատ կարևոր էր այդ իրավունքի ստացումը»,- ասում է Ավետիսյանը:
Armenianow.com
I am truly pleased to glance at this blog posts which includes
ОтветитьУдалитьplenty of helpful facts, thanks for providing such statistics.
Feel free to visit my web page ... online stopwatch bomb.