четверг, 19 марта 2009 г.

Լրագրող Գալուստ Նանյանի ցուցահանդեսը՝ նվիրված ջրի համաշխարհային օրվան


[ 2009/03/18 14:22 ]
բնապահպանություն

Մարտի 20-ին՝ ժամը 11:30-ին, Հայաստանի բնության պետական թանգարանում, (Տիգրան Մեծի 34) տեղի կունենա «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի անդամ, լրագրող-լուսանկարիչ Գալուստ Նանյանի «Կովկասի ջրերը» խորագրով լուսանկարների անհատական ցուցահանդեսի բացումը եւ նույնանուն գրքույկի շնորհանդեսը` նվիրված Ջրի համաշխարհային օրվան: Ցուցահանդեսի եւ գրքույկի հովանավորը «Երեւան Ջուր» ընկերությունն է:

Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն Կովկասյան տարածշրջանի ջրային պաշարները պատկերող 50 լուսանկարներ: Լուսանկարների ցուցադրությունը մարտի 20-27-ն է:

«Կովկասի ջրերը» գրքույկի նպատակն է ընթերցողին ծանոթացնել Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի ջրային պաշարներին: Գրքույկում զետեղված են Գալուստ Նանյանի՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տպագրված նյութերը: «Հուսով եմ, որ գրքույկի միջոցով ընթերցողները հնարավորություն կունենան տեղեկանալ, թե ինչ ջրային պաշարներ ունենք այսօր, ինչպես ենք պահպանում դրանք եւ ինչ պետք է անենք, որ սերունդներին փոխանցենք կենարար այն հեղուկը, որի անունն է ՋՈւՐ»,-իր գրքույկում գրում է հեղինակը:

«Ըստ գիտնականների՝ անծայրածիր տիեզերքում առայժմ միայն Երկիր մոլորակում գոյություն ունեն ջրի պաշարներ:

Երկիրն անվանում են նաեւ ջրային մոլորակ, քանզի վերջինիս մակերեսի մոտ 75 տոկոսը ջրային տարածքներ են: Սակայն այդ հսկայական ծավալի 97 տոկոսն աղի է եւ օգտագործման համար ոչ պիտանի: Ավելին, մնացած 3 տոկոս քաղցրահամ ջրերի միայն երրորդ մասն է, որ հասանելի է մեզ եւ ծառայում է որպես կյանքի աղբյուր:

Հաշվարկների համաձայն՝ յուրաքանչյուր տարի աշխարհում վերարտադրվում է ավելի քան 44 հազար խորանարդ կմ ջուր, որից 0,01 տոկոսը, կամ 46,6 խորանարդ կմ-ն բաժին է ընկնում Հայաստանի Հանրապետությանը: Շատ չէ, բայց եւ ոչ քիչ, որից ելնելով՝ Հայաստանը համարվում է ջրային երկիր՝ իր զարգացած, բայց անհամասեռ ջրագրական ցանցով, ինչը բնորոշ է լեռնային երկրներին: Այլ բան է, որ ջուրը հաճախ չի բավականացնում մեզ, չի բավարարում բնակչության եւ տնտեսության կարիքները մեր իսկ անփույթ տնտեսվարման պատճառով:

Խոսքը միայն մեր լեռնային անուշահամ աղբյուրների մասին չէ, որոնցից բխող քաղցրահամ ջրերի շուրջ 80 տոկոսն այդպես էլ չի հասնում սպառողրին: Հայաստանում գոյություն ունեցող 9480 փոքր եւ միջին գետերի` 23 հազար կմ ընդհանուր երկարությամբ հոսքի զգալի մասը մեր պապակ դաշտերն ու այգիները սնուցելու փոխարեն հոսում են Քուռ եւ Արաքս գետեր, Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով հասնում Կասպից ծով: Իսկ թե ինչպիսին է մեր վերաբերմունքը Կովկասյան տարածաշրջանում քաղցրահամ խոշորագույն ջրային ավազանի՝ Սեւանա լճի նկատմամբ, լավ հայտնի է մեր հասարակությանը,-տեղեկացնում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն:.

Комментариев нет:

Отправить комментарий