Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին պատկանող հանքի 50-60 աշխատակիցներ` ապրիլի 22-ին, ժամը 17,30-ից բողոքի ցույց են սկսել: Վերջիններս բողոքում են «առողջության համար վտանգավոր աշխատանքի դիմաց ընկերության տնօրինության սահմանած նոր` ավելի ցածր աշխատավարձից եւ հորատապայթեցման աշխատանքների նորմաների բարձրացումից»:Հիշեցնենք, որ երբ մարտի 30-ին, ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ֆալետան հայտարարեց ապրիլի 1-ից աշխատանքները վերսկսելու մասին` նշել էր, որ մասսայական կրճատումներ չեն սպասվում, աշխատավարձի տարբերություն, նախկինի համեմատ` չի լինի, իսկ աշխատակիցների հետ կկնքվեն նոր աշխատանքային պայմանագրեր:«Իհարկե, այսուհետ տնօրինությունը ավելի խստապահանջ է լինելու, հետևելու է աշխատանքային կարգապահությանը: Այն մարդիկ, ովքեր չհարմարվեն այդ պայմաններին, բնականաբար, չեն շարունակելու աշխատել մեզ հետ: Այդ ամենն արվելու է ՀՀ օրենսդրության սահմաններում»,- ասել էր Ֆալետան:«Առաջ օրական աշխատում էինք 6 ժամ, հիմա դարձրել են 8: Բացի այդ, եթե նախկինում հորիզոնական փորվածքի 9 քմ կտրվածքի վրա երկու հոգով աշխատելու դեպքում ամեն մեկին բաժին էր ընկնում 1,06 մ, այժմ ավելի պակաս գումարի դիմաց 1 հորատողին հասնում է 5,32 մ»,- մանրամասնում է Կարեն Հարությունյանը:«Կարծես այս տնօրենը եկել է լավ թիքաները հորատի, ծախի գնա, մեզ էլ թողնի պարապ»,- ասում է Արմեն Մարգարյանը` ավելացնելով, որ դանակը արդեն ոսկորին է հասել: «Ոչ մեկը 100 հազար դրամով հանք չի մտնի, նախկինում մի 450-600 հազար դրամ ստանում էինք»,- ասում է Արմենը:Մեր զրուցակիցները նշեցին, որ ապրիլի 4-ից` գործարանի աշխատացնելու օրվանից այս իրավիճակն է: «Տնօրենի ենթականերից` արտադրության պատասխանատուն ասում է այս պայմաններով կաշխատե՞ք, ասում ենք` այո, մենակ փողը տվեք, բայց տնօրենն ասում է` երբեք, ոչ մի փող»,- նշեցին հանքագործները:Վերջիներս նշեցին, որ նման պայմաններում աշխատելը վնաս է առողջությանը. «8 ժամ աշխատում ենք, հետո հիվանդանում, բյուլետեն ենք բերում, ասում ա` դու չես կարող աշխատել, մեզ նման աշխատող պետք չի»,- նշեց հանքագործներից մեկը` ավելացնելով, որ «2,5 անգամ պլանն ա ավելացել, 300 %-ով էլ աշխատավարձերն իջել»:Զրուցակիցներս նշեցին, որ նման նորմաներով աշխարհում ոչ մի հանք չի աշխատում: Հորատողները պատմում են իրենց ծանր աշխատանքի մասին` հիշելով, որ երբ անգլիացիները եկել, իրենց ուսուցանում էին` զարմացան: «Հիմա ասում ենք` էդ նույն մարդկանց բեր, տեսնենք ինչ կասեն»,- մեկը մյուսին հերթ չտալով ասում էին բանվորները:«Նախկինում ճիշտ է, հորատապայթեցման աշխատանքների նորմանները ցածր էին, լավ էլ վարձատրվում էին դրա համար պլանից ավելի էինք անում, ու վարձատրվում: Հիմա ահավոր են դարձրել նորմաները, ինչ մնաց գերակատարման համար վճարեն: Եվ հետո` գոնե սնվում էինք առաջ, հիմա ճգնաժամ է, մի բաժակ սուրճ ենք խմում ու իջնում հանք,- ասացին բանվորները: - Վերընթաց մինչև 10 մ փորվածքով` 5քմ կտրվածքով մեկ հորատող ստանում էր 600 հազար աշխատավարձ, հիմա ասում ենք` գոնե 50 %-ը տուր, 300 հազար , ասում է չէ` 175 հազար դրամ է»:«Մենք չարչարվում ենք, իրենք հանգստանում ուզածի պես: Թարգմանիչները գալիս, մի եռամսյակ աշխատում, «Աուդի» ավտոմեքենա են առնում, Երևանում բնակարան: Ի՞նչ ա, մենք գերի՞ ենք մեր քաղաքում: Կինս հիվանդ է, փող չկա` տանեմ բուժման, վարկ եմ վերցրել, ընկել բեդայի մեջ»,- վրդովված ասում է երկարամյա հանքափոր Թոմիկ Բոյաջյանը` զարմանալով, որ անգլիացին «վայելում է Սյունիքը, իսկ տեղացիները չարչարվում են»:Սամվել Գրիգորյանի մտահոգությունն էլ ուրիշ է: Կոմբինատում, մասնավորապես հանքում 26-40 տարեկան տղամարդիկ են աշխատում: Կան երիտասարդ ընտանիքներ, որ վարձով են մնում, բա ո՞նց հասցնեն. «Չնայած կարևորը գենոֆոնդի խնդիրն է: Առողջություն չունեն երիտասարդները, ամեն ինչ ազդում է: Պատկերացրեք օրվա մեջ հաց չեն ուտում: Տեսնում եմ հնարավորություն չունեն` ընդմիջում բերելու, ես մեր տնից բերած հացը կիսում եմ նրանց հետ»,- ասում է Սամվել Գրիգորյանը: Վերջինս համոզված է, որ նորմալ աշխատավարձ ստանալու դեպքում նման իրավիճակ չէր ստեղծվի: Ի՞նչ են որոշել հանքագործները: Նրանք հաստատակամ են ու վստահ, որ հասնելու են իերնց ուզածին, հակառակ դեպքում հանք չեն մտնելու:Բողոքավորները տնօրինությանը ժամանակ են տվել` բանակցելու եւ իրենց պայմաններն ընդունելու համար: Նրանց միջեւ բանակցություններն արդեն սկսված են: Իսկ մեր այն հարցին, եթե տնօրինությունը բողոքավորներին ազատի աշխատանքից, ի՞նչ են անելու, պատասխանեցին. «Մենք ենք անգլիացիներին ազատելու ու քշենք ստեղից, սա մեր հայրենիքն է»,- ասացին հանքագործները:«Դինո ոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության համայնքի ու լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիորսյանը ասաց, որ դեռևս պարզ չեն նորմատիվները. «Այս բոլորը քննարկման փուլում են` կլինեն, կտեղեկացնենք»:Ի դեպ, ըստ հանքագործների` նրանց հետ դեռևս տնօրինությունն աշխատանքային նոր պայմանագրեր չի կնքել:
четверг, 23 апреля 2009 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий