вторник, 14 апреля 2009 г.

Զբոսաշրջության նոր ծրագիր Լոռիում. կհաջողվի՞ Վազգեն Խաչիկյանին իրականացնել այն

Լուռու Պոչամբարներն ունեն էկոտուրիզմի զարգացման հեռանկար..
Շուտով աշխարհի տարբեր ծայրամասերից կժամանեն Հայաստան -հանքավայր` զմայվելու կապտականաչավուն ջրային գոյածություններով, ոսկեգույն ցիանիդներով:
Չնայած նրանք կկրեն հակագազ ու քիմիական պատերազմից պաշտպանվելու հագուստ` սակայն փող չեն խնայի փորձ և դիմացկունություն ձեռք բերելու այս յուրօրինակ հնարավորությունից:
Մի կողմից Թունավորված Դեբետը կխթանի պղնձով, մկնդեղով հարուստ ձկնորսությանը, մյուս կողմից այն կդառնա հանքատուրիզմի առաջավոր զարգացման ուղղություններից մեկը:
Շտապեք թունավորել Հայաստան Հանքավայրը `դարձնելով այն ԲԱՑԱՌԻԿ գոտի տնտեսության զարգացման, աշխատատեղերի ապահովման, քիմիական զենքի պատրաստման համար:
Բայց մի բան լավ իմացեք, որ քաղակակիրթ եվրոպացին արդեն հատուկ սարքավորումներով է Հայաստան գալիս` որպեսզի խուսափի անցանկալի մահաբեր ճառագայթումներից:

Վերջերս Ալավերդիում շրջանառության մեջ դրվեց Սոցիալական ապահովագրության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի հեղինակած` Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման «Հյուսիսային դարպաս» բիզնես ծրագիրը: Ծրագրի նպատակն է տարածաշրջանում գյուղական եւ էկոտուրիզմի զարգացման խթանումը: Այն ենթադրում է նաեւ նոր աշխատատեղերի ստեղծում եւ ֆերմերային արտադրանքի շուկայի ապահովում:
«Սկզբում ցանկացել ենք զբոսաշրջության վայր դարձնել Ախթալան, հետո հասկացանք, որ միայն Ախթալան չի կարող: Ըստ փորձագետների` Լոռու մարզն ունի բավականին մեծ պոտենցիալ եւ այդ ծրագրով որոշել ենք լուծել երկու խնդիր` նախ օգտագործել առկա հնարավորությունը, երկրորդ` ստեղծել աշխատատեղեր, որը կխթանի նաեւ փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը»,- ասում է Վազգեն Խաչիկյանը:
Վազգեն Խաչիկյանը Հանրապետական կուսակցության անդամ է, վայելում է իշխանությունների բարեհաճությունը: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով` շատերը մտածում են, որ Վ. Խաչիկյանը անարգել կիրականացնի իր մտահղացումները: Վ. Խաչիկյանը որոշակի ազդեցություն ունի իր ծննդավայր Ախթալաում:
Վերջին ՏԻՄ ընտրություններում, նրա ջանքերով, Ախթալայի քաղաքապետ դարձավ եղբայրը` Հայկ Խաչիկյանը: Սա, իհարկե, նաեւ որոշակի պարտավորվածություն է նրա համար: Վ. Խաչիկյանն Ալավերդիում ունի բիզնես, կայուն հարաբերություններ է հաստատել Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերության բաժնետեր Սերոբ Տեր-Պողոսյանի հետ: Հենց վերջինիս հետ էլ նա պատրաստվում է իրականացնել «Հյուսիսային դարպաս» ծրագիրը:
Մեզ հետ զրույցում Վ. Խաչիկյանը տեղեկացրեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանն այդ նպատակով էլ արագացրել է Ախթալայի իր սեփականությունը համարվող Արամյանցի տան վերանորոգման աշխատանքները:
Զբոսաշրջության զարգացման իրենց հեռահար ցանկությունները վերջին տարիներին չեն թաքցրել նաեւ «Վալլեքս» խմբի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանն ու Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Սակայն հայտնի է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի եւ Վալերի Մեջլումյանի «ջուրը նույն առվով չի հոսում», եւ հազիվ թե զբոսաշրջության զարգացման առաջարկվող ծրագրում այս երկու գործարարների համագործակցությունը հաջողվի:
Հետաքրքիր է այն, որ մարզի զարգացմանն ուղղված այս ծրագրում դերակատարում նախատեսված չէ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի համար: Ծրագրի համակարգողը նույնպես լինելու է Վազգեն Խաչիկյանը:
«Մեծ աշխատանք է սպասվում, պետք է իրազեկենք բնակչությանը, աշխատանք տանենք համայնքային իշխանությունների հետ»,- ասում է Խաչիկյանը:
Ինչպիսի մղում էլ ունենա ծրագրի հեղինակը, գործազրկության եւ աղքատության մեջ հայտնված տարածաշրջանում ներկայացված ծրագիրը ողջունում են շատերը:Վ. Խաչիկյանն իր ծրագիրն իրատեսական է համարում եւ բացատրում է, թե ինչու.«Իրատեսականությունը բխում է այն հանգամանքից, որ մենք տեսնում ենք, որ այսօր թե հանրապետական գործադիր իշխանության ներկայացուցիչները, թե համայնքային իշխանությունները շահագրգռված են, որպեսզի Լոռիում զբոսաշրջությունը զարգանա»:
Ծրագրի ֆինանսավորման աղբյուրների մասին մեր հարցին Խաչիկյանը պատասխանեց. «Մեզ համար կա նվազագույն շեմ: Այս ծրագրի հաջողությունը գնահատելու համար, մեր կարծիքով, առաջիկա 3 տարվա ընթացքում պետք է ներդրվի մոտ 5 մլն դոլար: Դա նվազագույն գումարն եմ ասում: Դա պետք է ներդրվի ենթակառուցվածքների ստեղծման համար` հյուրանոցներ, քեմպինգներ, ռեստորաններ, միայն մասնավոր հատվածի մասնակցությամբ»:
Վ. Խաչիկյանը մեզ հավաստիացնում էր, որ ծրագրով իր կողմից անձնական ներդրում չի լինելու. «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության ծրագիրն առաջարկում է Հայաստանի եւ տարածաշրջանի համար «յուրահատուկ» տուրիստական փաթեթ՝ պղնձի արդյունահանման գիտաշրջություններ, ներառյալ` էքսկուրսիաներ պղնձի արդյունահանման թանգարան, որտեղ կներկայացվեն պղնձի արդյունահանման զարգացումը վերջին 2 դարերի ընթացքում եւ գիտաշրջություններ, որոնք կբացահայտեն կապը Նյու-Յորքի Ազատության արձանի, Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի եւ Ախթալայի պղնձի արդյունահանման գործարանի միջեւ»:
Նախատեսվում է նաեւ էքսկուրսիա Ախթալայի պղնձի հանք, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան պղնձի հանքաքար արդյունահանել: Ի դեպ, Ալավերդու պղնձարտադրության տարեգրությունն այստեղ անտեսված է: Եթե հետեւում ենք ծրագրի հեղինակի տրամաբանությանը, ապա պարզվում է` Լոռու մարզ եկող զբոսաշրջիկներն առնվազն գունավոր մետալուրգիայի արտադրությամբ խիստ հետաքրքրված մարդիկ են լինելու, այնքան հետաքրքրված, որ նույնիսկ նրանց մոտ բուռն ցանկություն է առաջանալու մտնել Ախթալայի պղնձի հանք եւ ինքնուրույն հանքաքար արդյունահանել:
Վ. Խաչիկյանը, սակայն, հաշվի չի առել մի բան, որ պղնձարտադրությունը որքան էլ տարածաշրջանում սոցիալական խնդիրներ է լուծում, նույնքան էլ մահաբեր է, եւ չի բացառվում, որ քաղաքակիրթ Եվրոպայից ժամանած բնապահպանության նվիրյալ շատ զբոսաշրջիկների այս պարագայում զարմացնի մեր ցավալի տգիտությունը, մանավանդ, երբ զբոսաշրջիկներին տեղեկացվի պղնձարտադրության հետամնաց տեխնոլոգիաների հետեւանքով բնակչության առողջությանը, բուսական ու կենդանական աշխարհին հասցված աղետալի վնասների մասին:
Մեզ հետ զրույցում Վ. Խաչիկյանը տեղեկացրեց, որ «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության ծրագիրը գրելու համար երկու տարի աշխատել է Փարիզի Սորբոնի համալսարանի Աշխարհագրության եւ քաղաքաշինության ամբիոնի դոկտոր Շանթ Մարճանեանի հետ:
Փաթեթում առաջարկվում են նաեւ պատմական եւ մշակութային գիտաշրջություններ, էքսկուրսիաներ Հաղպատի, Սանահինի, Ախթալայի, Օձունի եւ Քոբայրի եկեղեցական համալիրներ: Ծրագրով առաջարկվում են նաեւ արկածային եւ էկոտուրիզմի տեսակներ՝ հեծանվային արշավներ, նավարկություն/ռաֆթինգ, ոտքով արշավ, ժայռագնացություն, ձիավարություն եւ որս/ձկնորսություն:
Այստեղ էլ ակնհայտ խնդիրներ են առաջանում զբոսաշրջիկների համար` հաճելին եւ օգտակարը համատեղելու գործում: Օրինակ` սովորական զբոսաշրջիկները ձկնորսությամբ, իսկ արկածախնդիրներն էլ նավարկությամբ պետք է զբաղվեն Դեբեդում, որտեղ թափվում են Փամբակի, Թումանյանի, Ալավերդու, Ախթալայի կենցաղային աղբն ու կոյուղաջրերը, մոտավոր հաշվարկներով` ամսական շուրջ 75 հազար խմ.:
Սակայն սա պարոն Խաչիկյանը ծրագրի համար խոչընդոտ չի համարում:«Հիդրոլոգիայի ինստիտուտի տնօրեն Արմեն Սաղաթելյանը գտնում է, որ Դեբեդում առկա ձկնատեսակների օրգանիզմում վտանգավոր նյութերի քանակը թույլատրելի սահմաններում է»,- ասում է Խաչիկյանը:
Ի՞նչ է նշանակում սննդամթերքի մեջ առկա կոյուղու պարունակության թույլատրելի սահման: Սրա գիտակցումը ուտելուց առաջ անտանելի է: Դեբեդի եզրերի կենցաղային հսկա աղբակույտերի գոյությունն էլ պրն Խաչիկյանը մեկնաբանեց. «Տեսքի համար, անշուշտ, խանգարում է, իմիջիայլոց Շանթ Մարճանեանն էլ է դրա վրա մեր ուշադրությունը հրավիրել»,- ասում է Վ. Խաչիկյանը:
Վ. Խաչիկյանը ծրագրում իր նշած ծառայությունների որակը, հասանելիությունը եւ գրավչությունը երաշխավորելու համար առաջարկում է գործողությունների ցանկ, ինչպես, ասենք, ենթակառուցվածքների ստեղծում եւ վերանորոգում, ներառյալ ճանապարհաշինություն, ջրի մատակարարում, հյուրանոցների եւ կացարանների ցանց եւ այլն:
Սորբոնի համալսարանի դոկտոր Շանթ Մարճանեանը գրել է «Լոռու մարզի պատմա-ճարտարապետական վերարժեւորում եւ զբոսաշրջության զարգացում» աշխատանքը:
Այդ համագործակցության դրսեւորումները «Հյուսիսայի դարպաս» ծրագրում չեն արձանագրվում: Իր աշխատության մեջ Շ. Մարճանեանը Լոռու մարզում զբոսաշրջության զարգացման կարեւոր նախապայման է համարում հետեւյալը. «Ոչնչացնել մարզի պատկերը նուաստացնող երեւույթները եւ զարգացումը դանդաղեցնող բնապահպանման, ընկերային եւ այլ պատճառները», այդ թվում` օդի, ջրի մաքրությունը, կանաչ տարածքների ոչնչացումն ու կանաչ պուրակների պակասը: Վ. Խաչիկյանը շրջանցում է դրանք: Մարճանեանը գտնում է, որ զբոսաշրջությունը կարող է հանդիսանալ տնտեսական զարգացման մեծագույն խթան, եթե կառավարվի իմաստուն եւ հաստատ համակարգով, որի անհրաժեշտությունը եւ էլի շատ կարեւոր պայմաններ «Հյուսիսային դարպաս» ծրագրում անտեսված են: Այդ իսկ պատճառով ծրագիրն, իսկապես, իրատեսական համարել չի կարելի:

Комментариев нет:

Отправить комментарий