Հաշվի առնելով Հայաստանի առաջնահերթությունները, որոնք կապված են ներքին եւ արտաքին քաղաքական վիճակի անվտանգության եւ կայունացման, սոցիալ-տնտեսական զարգացման հարցերում լարվածության նվազեցման հետ, կոչ ենք անում քաղաքացիական եւ քաղաքական ողջ հասարակությանը կանգնեցնել «GEOPROMINING» ընկերության` Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման հետ կապված գործունեությունը եւ աջակցել S.O.S. Սեւան հասարակական կամպանիային, որն ուղղված է փրկելու Կովկասի՝ 33 միլիարդ խմ ծավալով քաղցրահամ ջրի ամենախոշոր պաշարը:
Համեմատելու համար նշենք, որ Հայաստանում քաղցրահամ ջրի ողջ պաշարը՝ ներառյալ բնական եւ արհեստական ռեզերվուարները, կազմում է 35 միլիարդ խմ: Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները: Ներկայումս այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սիրիան կամ Արաբական Էմիրությունները, գնում են ջուրը նավթի դիմաց:
2001թ. ընդունվեց «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը: Օրենքի 10-րդ հոդվածում արգելք է դրված հանքարդյունաբերական գործունեության վրա, ինչպես եւ ցանկացած գործունեության վրա, որը սպառնում է Սեւանի էկոհամակարգի պահպանմանը:
Չնայած դրան՝ 2008թ. «GEOPROMINING» ընկերությունը նախաձեռնեց Սեւանա լճի ջրահավաք ավազանի գոտում՝ Սոտքի ոսկու հանքավայրի տարածքում, ոսկու արդյունահանման ֆաբրիկայի, ցիանիդների եւ այլ թունաքիմիկատների ամբարի եւ պոչամբարի կառուցման նախագծի վերաբերյալ գործընթաց:
Սոտքի նախագծի պատրաստման եւ մշակման ողջ գործընթացն անօրինական է, քանի որ նախագիծը հակասում է ազգային եւ միջազգային օրենսդրությանը, սպառնում է երկրի անվտանգությանը, մինչդեռ այդ գործընթացի մեջ ներգրավված են պետական հաստատություններ:
Տվյալ նախագծի վերաբերյալ հետազոտությունները եւ նախագծային որոշումները գտնվում են մշակման տարբեր փուլերում: Ընկերությունը հրաժարվում է տրամադրել այդ փաստաթղթերը՝ պատճառաբանելով, որ դրանք «GEOPROMINING»-ի սեփականությունն են: Սակայն արդեն պարզ է, որ այդ փաստաթղթերի պարունակությունը, որն ընդհանրացված է «Սոտքի հանքավայրի տարածքում ոսկու արդյունահանող ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգային որոշում` հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը» վերտառությամբ փաստաթղթում, նախագծի իրականացման ծրագիրն է, որն անուղղելի վտանգ է ներկայացնում երկրի գլխավոր ռազմավարական առաջնահերթության՝ Սեւանա լճի համար:
Փաստաթուղթը քննարկվել է սույն թվականի մարտի 2-ին՝ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ՀՀ բնապահպանության եւ այլ շահագրգիռ նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության, հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության կենտրոնի եւ «GEOPROMINING» ընկերության ղեկավարներ:
Սոտքի նախագծից կանխատեսվող ռիսկերից մեկը՝ հանքանյութի վերամշակման առաջին փուլից հետո դատարկ ապարների կուտակումն է: Դրանց ծավալները կարող են հասնել հարյուրավոր միլիոն տոննաների: Վտանգն այն է, որ ապարները միայն պայմանականորեն են դատարկ, քանի որ նույնպես պարունակում են տոքսիկ տարրեր, ծանր մետաղներ՝ անտիմոն, մկնդեղ, պիրիտ: Միանալով մթնոլորտային տեղումների հետ՝ պիրիտներն առաջացնում են ծծմբաթթու, որը քայքայում է շրջակա ապարները եւ առաջացնում է շղթայական ռեակցիա, որի արդյունքում թունավոր տարրերը եւ միացությունները գրավում են նորանոր տարածքներ: Փխրուն գրունտերը, որոնք բնորոշ են հանքավայրի տարածքին, չեն կարող այդ ապարները պահել հավաք վիճակում, եւ տոքսիկ տարրերը մթնոլորտային տեղումների հետ կներթափանցեն ստորգետնյա եւ գրունտային ջրերի մեջ, ապա դրանց միջոցով՝ Սեւան:
Ցիանային միացություններով, ծանր եւ տոքսիկ տարրերով պոչամբարը մշտական ռումբ է Սեւանի համար, որը կարող է զրոյի հավասարեցնել բոլոր այն տնտեսական եւ այլ շահերը, որոնց մասին խոսում է ընկերությունը:
Սկզբում տնտեսության մասին: Պոչամբարի աշխատանքային եւ ավտանգ վիճակն ապահովելու համար ընկերությունը նախատեսում էր տարեկան ծախսել 1,4 դոլլար 1 խորանարդ մետր պարունակության համար: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ 28 միլիոն խորանարդ մետր ծավալով պոչամբար պահելու համար, որը Սոտքի հանքավայրի շահագործման ավարտից հետո լցված կլինի, տարեկան մոտ 40 միլիոն դոլլար կպահանջվի:
Ենթադրվում է, որ հանքի շահագործման ողջ ժամկետի՝ 10 տարվա ընթացքում բյուջե մուտք կգործի 105 միլիոն դոլլար: Սակայն պետք է նշել, որ ընկերության հեռանալուց հետո այդ գումարը կբավականացնի մոտ 2,5 տարի, որից հետո պետությունը պարտավոր կլինի պոչամբարը պահելու ծախսերը վերցնել իր վրա՝ փոխանցելով դրանք սերունդից սերունդ:
Բայց անգամ այս դեպքում պոչամբարի անվտանգությունը երաշխավորված չէ: Բանն այն է, որ Սոտքի հանքը, ինչպես եւ ողջ Հայաստանը, գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ երկրաշարժերը հասնում են 9-10 բալ ուժգնության: Բոլոր հավաստիացումները, թե գտնվել է տարածք ճեղքվածքի գոտուց դուրս, անհիմն են, քանի որ ոչ մի սեյսմոլոգիա չի կարող երաշխավորություն տալ այն բանի համար, թե չի առաջանա նոր ճեղքվածք: Սակայն գոյություն ունի նաեւ այլ վտանգ: Սոտքի հանքավայրի տարածքում եւ նրա շուրջ մշտապես արձանագրվում են 2-3 բալանոց ցնցումներ: Դրանք կործանարար են ցանկացած ծածկի համար, որի միջոցով ընկերությունը մտադիր է պաշտպանել պոչամբարի հատակը: Այսպես կոչված պաշտպանության ազդեցության ժամկետը մի քանի տարի է:
Ամբարտակի տեսքով պաշտպանության մասին: Ենթադրվում է, որ որպես պաշտպանություն կարող են կառուցվել ամբարտակներ դատարկ ապարներից: Դա նշանակում է, որ ապարները պարզապես կտեղափոխվեն մի վայրից մեկ այլ վայր, եւ նրանց ներկայությունից բխող վտանգը կմնա:
Չափազանց մեծ վտանգով է սպառնում հազարավոր կիլոգրամների հասնող ցիանային աղերի տեղափոխումը «Սեւան» ազգային պարկի միջով, ինչպես նաեւ ճանապարհի այն հատվածներով, որոնք անմիջականորեն հարում են լճին: Ոչ ոք չի կարող ապահովագրված լինել ճանապարհային վթարներից եւ արտակարգ իրավիճակներից, որոնց դեպքում ողջ ցիանային նատրիումը (կալիումը) կլցվի Սեւանի մեջ:
Անկանխատեսելի վտանգների հետ մեկտեղ, Կովկասի ողջ տարածքում՝ մեր բոլոր հարեւանները ներառյալ, առկա է նաեւ բարդ, անկայուն եւ պայթունավտանգ իրավիճակ: Եթե Քելբաջարի սահմանին կից հայտնվի մի օբյեկտ, որը կարող է ծառայել որպես քաղաքական սպեկուլիացիայի, սպառնալիքների, ռազմական գործողությունների, հրաձգության, ահաբեկչության առարակա, ապա իրավիճակը տարածաշրջանում բազմակի անգամ կսրվի: Մենք արդեն ունենք նման օբյեկտ, ինչպիսին հայկական ատոմակայանն է: Սակայն հայկական ատոմակայանը պետության, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների՝ ինչպես օրինակ ՄԱԳԱՏԷ-ի կողմից իրականացվող մոնիտորինգի եւ հսկողության առարկա է: Սոտքի նախագծի դեպքում մենք կստանանք մի օբյեկտ, որի ոչնչացումը մեկ հարվածով շարքից կհանի Հայաստանի ողջ սոցիալ-տնտեսական կյանքը:
Երկրի ռազմավարական եւ տնտեսական շահերին սպառնում է նաեւ Արարատի ոսկու արդյունահանման գործարանի կանխատեսվող փակումը, Արարատում աշխատատեղերի կրճատումը, Սոտք-Արարատ հատվածի՝ ռազմավարության առումով կարեւոր երկաթգիծը կաթվածահար անելը, ինչպես նաեւ հանքանյութի արդյունահանման նկատմամբ հսկողության կորուստը: Ներկայումս պետական հսկողությունը լրացվում է հասարակական հսկողությամբ, քանի որ վագոններով տեղափոխվող հանքանյութի ծավալների թաքցնելը գործնականում անհնար է: Սոտքի նախագծի դեպքում հսկողությունը կարող են իրականացնել միայն առանձին մարմիներ, որոնք հատուկ մուտք կունենան դեպի ընկերության տարածք:
Հիմնական ջրային ռեսուրսի՝ Սեւանա լճի աղտոտումն իր հետ կբերի նաեւ այլ ծանր հետեւանքներ, ինչպիսիք են՝ թունավորված խմելու ջուր, թունավորված ոռոգման համակարգ, շարքից դուրս եկած գյուղատնտեսական տարածքներ, ռեկերեացիոն, ձկնորսության գոտիների ոչնչացում: Առաջին հարվածը կընդունեն Գեղարքունիքի մարզը եւ Արարատյան դաշտավայրը, ինչը կարող է դառնալ արտագաղթի ամենածանր եւ անդառնալի տեսակներից մեկի՝ էկոլոգիական արտագաղթի սկիզբը:
Մենք ուշադրություն ենք դարձնում այն բանի վրա, որ այս բոլոր ռիսկերը կապված են մասնավոր ընկերության հետ, որի գործունեությունը բացարձակ թափանցիկ չէ, իսկ ողջ քննարկումները բարձր մակարդակով կազմակերպվում են ոչ թե ընկերության, այլ պետական բարձրաստիճան պաշտոնաների կողմից:
Մենք անհրաժեշտ ենք համարում, որպեսզի հասարակությանը թույլատրվի ծանոթանալ նախագծի վերաբերյալ բոլոր փաստաթղթերին, եւ անհրաժեշտ ենք համարում «GEOPROMINING» ընկերության գործունեության ստուգումը՝ մեր երկրի օրենսդրության եւ անվտանգության հետ համապատասխանելու առումով:
Սեւանը ազգային սեփականություն է, Սեւանի շահերը՝ ողջ հայության եւ երկրի բոլոր քաղաքացիների շահերն են, որոնց հետ անհամեմատելի են մասնավոր ընկերության շահերը:
Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքի
S.O.S. Սեւան նախաձեռնող խումբ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Բջջ.՝ (+37491) 92 12 64
URL: www.ecolur.org
Էլ-հասցե՝ info@ecolur.org
10.04.2009թ.
Комментариев нет:
Отправить комментарий