суббота, 6 июня 2009 г.

ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ

Ուրբաթ» ակումբում երեկ տեղի ունեցավ Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի ներկայացուցիչների ասուլիսը՝ Թեղուտի անտառի մի հսկայական մասի ոչնչացմամբ տվյալ վայրում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի դեմ ձեռնարկվող դատական հայցի, ինչպես նաեւ նախաձեռնող խմբի վերջին այլ գործողությունների վերաբերյալ։
Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Սոնա Այվազյանի հավաստմամբ, իրենք այսօր պարզապես չունեն այլ լուծում, քան դատարան դիմելը, որպեսզի կարողանան դատական կարգով վիճարկել կառավարության գործունեությունը եւ, որոշ դեպքերում, անգործությունը։ Ինչ վերաբերում է միջազգային փորձաքննությանը, ապա նախաձեռնող խումբը դեռեւս 2008թ. դեկտեմբերին կառավարությանը խնդրել էր, որ դիմեն Նիդերլանդների կառավարությանը՝ միջազգային փորձագետներ ներգրավելու նպատակով։
-Նիդերլանդներում գործում է անկախ փորձագիտական հանձնաժողով՝ ամբողջ աշխարհի մակարդակով հայտնի Նիդերլանդների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հանձնաժողովը, որը կարող էր նույնիսկ անվճար մատուցել այդ ծառայությունը,- տեղեկացրեց Ս.Այվազյանը։ -Սակայն մինչ օրս կառավարությունը չի դիմել եւ փորձաքննության չեն ներկայացրել այդ ծրագիրը։
Փաստաբան Հայկ Ալումյանի տեղեկացմամբ, առաջիկայում վարչական դատարան ներկայացվելիք հայցը նախապատրաստում է ինքը։
-Ուսումնասիրված փաստաթղթերից պարզ դարձավ, որ դեռեւս 2001 թվականից մեր կառավարությունը եւ պետական իրավասու տարբեր մարմիններ ընդունել են մի շարք վարչական ակտեր, որոնց ընդունման կարգի մեջ կոպիտ խախտումներ են թույլ տրվել,- ասաց Հ.Ալումյանը։
Հայցադիմումն արդեն գրեթե պատրաստ է, իսկ հայցապահանջը հանքավայրի հետ կապված վարչական ակտերն անվավեր ճանաչելն է։ Փաստաբանի հավաստմամբ, ի թիվս այլ օրենսդրական ակտերի, խախտվել են «Բուսական աշխարհի մասին» եւ «Կենդանական աշխարհի մասին» օրենքները, մինչդեռ Թեղուտի անտառում կան նույնիսկ միջազգային Կարմիր գրքում գրանցված բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչներ, որոնք անտառահատման հետեւանքով ոչնչացման սպառնալիքի տակ են։
«Էկոդար» ՀԿ նախագահ, Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ Հրայր Սավզյանի տեղեկացմամբ, վերջին 10 օրվա ընթացքում փոքրաթիվ ուժերով մոտ 5000 ստորագրություն են հավաքել Թեղուտի հանքի շահագործման դեմ երկրի ղեկավարներին ուղղված մի դիմումի տակ։
Հանրապետության նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին ուղղված հիշյալ դիմումի մեջ մասնավորապես նշված է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս եւ բնակիչներս, պահանջում ենք անմիջապես չեղյալ հայտարարել Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման նախագիծը եւ դադարեցնել կատարվող բոլոր նախապատրաստական աշխատանքները։ Այս ծրագիրը խախտում է սահմանադրությունը, մի շարք օրենքներ եւ միջազգային իրավական նորմեր։ Թեղուտի հանքավայրի շահագործման դեպքում մեր երկիրը կզրկվի իր առանց այն էլ չնչին անտառային տարածքի զգալի մասից, կոչնչանան Լոռու այդ տարածքի բնաշխարհն ու ողջ էկոհամակարգը։
Շրջակա գյուղերի բնակիչները կզրկվեն իրենց մշտական գյուղատնտեսական աշխատատեղերից՝ փոխարենը ստանալով առավելագույնը մինչեւ 50 տարվա ժամանակավոր աշխատատեղեր։ Թունավոր թափոնները՝ ծծումբ, կապար, մկնդեղ եւ այլն, կներթափանցեն հողի, օդի եւ ջրերի մեջ, իսկ դրանցում ծանր մետաղների բարձր խտությունները հայտնի է, որ հանգեցնում են քաղցկեղի, չբերության, մարմնական ու մտավոր թերզարգացած երեխաների ծնունդների, ինչին արդեն ականատես ենք լինում այլ մետաղական հանքերին կից բնակավայրերում, օրինակ, Քաջարան, Կապան, Ալավերդի եւ այլն»։
Հ.Սավզյանը հայտնեց նաեւ, որ հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի պահպանության օրը, Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբը երթ է նախաձեռնելու։ 18։30-ին կոնսերվատորիայի դիմացի պուրակից մեկնարկելիք երթի ընթացքում թռուցիկներ են բաժանվելու, բարձրացվելու են ոչ միայն Թեղուտի, այլեւ Սոթքի տարածքում ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցման դեպքում Սեւանա լճին սպառնացող թունավորման վտանգին, մայրաքաղաքի էկոլոգիական վիճակին առնչվող եւ բնապահպանական այլ կարեւոր խնդիրներ։
Ըստ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի, Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ կառավարության որոշումը նպաստավոր է տվյալ տնտեսավարողի, եւ ոչ թե պետության համար։
-Եթե մենք հաջողություն չունենանք մեր ազգային դատարաններում, միջազգային ատյաններում նույնպես հետապնդելու ենք այս խնդիրը,- ասաց Զ.Փոստանջյանը, նշելով, որ ինքը Եվրոպայի խորհրդում հայաստանյան պատվիրակության անդամ է, իսկ Եվրոպայի խորհրդում բնապահպանության հարցերը լուրջ քննարկման առարկա են։


ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

http://www.armtown.com/news/am/has/20090604/3407106817/

Комментариев нет:

Отправить комментарий