Թեղուտի խնդիրը Արա Բաբլոյանի ջանքերով «ջրվեց»
19:05 Yerevan 15:05 GMT Tuesday 27 November 2007
Գագիկ Աբգարյան
Երբ մամուլում հաղորդագրություն հայտնվեց, որ ԱԺ-ում լսումներ են լինելու Թեղուտի թեմայով, հատկապես հանքավայրի շահագործումը սկսելու մասին կառավարության որոշումից հետո, տպավորություն ստեղծվեց, թե հայրենի ազգընտիրները, թեկուզ ուշացումով, բայց ուզում են անձամբ լսել բնապահպանների առարկությունները` հարկ եղած դեպքում ինչ-ինչ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Միջոցառումն, ըստ էության, կարելի է համարել չկայացած, այդ մասին մեր հետ իր տպավորությունները կիսեց Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
- Ի՞նչ պետք է ասեիք մեր պատգամավորներին, որն այդպես էլ չասվեց:
- Բնապահպանության նախարարությունը «Վալեքս» ընկերությանը տվել է արտոնագիր Թեղուտի հանքավայրի շահագործման համար: Ասեմ, որ մի մեծ թերություն գոյություն ունի արտոնագրի հատկացման հարցում: Բանն այն է, որ եւ արտոնագիր տվողն է բնության նախարարությունը, եւ նախագիծն ընդունողը, եւ փորձաքննություն անցկացնողը, եւ եզրակացություն տվողը:
Այս ընթացակարգում նա բազմաթիվ օրենսդրական եւ պարտավորությունների կատարման խախտումներ է կատարել: Նախ պետք է նախագիծն ընդհանրապես չընդունվեր, քանի որ նախագիծը լրջագույն թերություններ ուներ, եւ երկրորդ` փորձաքննությունն անցկացնեին օրենսդրորեն սահմանված կարգով: Այսինքն` վերլուծեին այսօրվա ազդեցությունը, հեռահար ազդեցությունը, օգուտ-վնասները եւ այլն: Նախագիծը վերաբերում է անտառային տարածքին, որտեղ արգելվում է հանքարդյունաբերությունը: Այնտեղ կոչնչանան բույսեր, վայրի կենդանիներ, կխախտվեն ջրագոյացման եւ ջրաբաշխման բնական համակարգեր եւ ընդհանրապես կոչնչանա բնական մի հզոր համակարգ: Նախագիծը կազմված է օրենքների խախտումներով` այն պետք է պարունակի ծրագիրը ամբողջությամբ: Այնինչ` նրանք ներկայացրել են առաջին ութ տարում անտառին, հողին եւ բուսականությանը հասցվելիք վնասի չափերը, իսկ մնացած քսան տարիների համար չեն ներկայացրել` ասելով, երբ գործընթացը կսկսեն, դրանից հետո նոր կսկսենք նախագիծ կազմել եւ ներկայացնել, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Նախագծում կան նաեւ կեղծիքներ: Մեկ այլ, հեռավոր վայրի կենդանական աշխարհին վերաբերող տեղեկությունները վերագրել են Թեղուտ եւ Շնող գյուղերի մոտակայքում եղած անտառներին: Նախագծում թերահաշվարկներ են կատարված` 36 սմ տրամագիծ ունեցող մեկ վայրի տանձենին, օրինակ, գնահատվել է ընդամենը 1000 դրամ: Երեք գետ ոչնչանում է, խախտվում է նրանց ջրագոյացման համակարգը, դրա հետ մեկտեղ Շնող գետն աղտոտվում է, բայց ամբողջ տնտեսական վնասը հաշվարկված է ընդամենը 175 հազար դրամ, այն էլ` հաշվի են առել միայն ձկնաշխարհին հասցվող վանսի չափը` ամենաանհեթեթ հաշվարկով: Նախագծում գրել են, որ ամենահաստաբուն կաղնին 28 սմ տրամագիծ ունի, բայց անձամբ Արա Բաբլոյանի հետ եղանք Թեղուտի հանքավայրում ու չափեցինք 3մ 57 սմ պարագիծ ունեցող կաղնի, այսինքն` կոճղի տրամագիծը կազմում էր 1 մետր 12 սմ: Բազում են այսպիսի թերհաշվարկները հողի վերաբերյալ, ջրի եւ այլն:
- Կառավարությունը տեղյա՞կ է այս ամենին:
- Կառավարությունն իր որոշումը կայացրել է հիմնվելով նախագծում ներկայացված կեղծ տեղեկությունների վրա: Այսինքն` նրանք կամ կառավարությանը խաբել են` իրական պատկերը չեն ներկայացրել, կամ կառավարությունում կան մարդիկ, ովքեր փորձում են այս հանցավոր ծրագիրն իրականացնել:
- Իսկ ինչքանո՞վ է վստահելի եւ բարեխիղճ հանքարդյունաբերող ձեռնարկությունը, որին տվել են արտոնագիրը:
- 1995-96թթ. «Վալեքս գրուպը» գնեց Ալավերդու պղնձաձուլական գործարանը, բայց ներդրումային իր պարտավորությունները չկատարելով քաղաքը հասցրեց ողբերգական վիճակի: Եթե 1992թ.-ին, երբ գործարանը չէր աշխատում, Ալավերդիում չէր արձանագրվել արատավոր ծնունդի ոչ մի դեպք, 2001թ.-ին գրանցվել է բնական շեղումներով 28 դեպք, 2004-ին այդ թիվը դարձել է 107: Չարորակ գոյացությունների թիվը կտրուկ ավելացել է: 2006-ի տվյալներով` ուռուցքաբաններին են դիմել 2053 մարդ, որոնցից 450-ը քաղցկեղով` չարորակ ուռուցքով հիվանդ: 2005թ.-ին ծնվել է 201 երեխա, որոնցից 56-ը մահացել է մինչեւ մեկ տարեկան դառնալը: Երեխաների զարգացումը, ըստ ՀՀ մասնագիտական հիվանդությունների տվյալների, նորմայից ետ է մնում 7-ից 10 բալով: Այս վիճակագրական տվյալները վերցված են առողջապահության նախարարությունից, Ալավերդու պոլիկլինիկայից եւ հիվանդանոցից: Աչքի առաջ Ալավերդու բնակչությունը ոչնչանում է, բայց նույն ձեռնարկությանը հանքավայրեր են հանձնվում, 17-ը` Հայաստանում, 40ը` Ղարաբաղում:
- Ո՞րն է այս ողբերգության պատճառը:
- Այն, որ գործարանն աշխատում է առանց մաքրման կայանի ու բոլոր վնասակար նյութերը արտանետվում են մթնոլորտ: Ըստ ստանձնած պարտավորությունների` ընկերությունը պետք է կառուցեր ժամանակակից գործարան, որսար եւ ուտիլացներ թունավոր արտանետումները, ստանար մաքուր պղինձ եւ հարակից թանկարժեք ու հազվագյուտ մետաղները: Սակայն գործարանն աշխատեցնում են նախնադարյան, բարբարոս մեթոդներով: Եւ ամբողջ թունավոր արտանետումները, առանց որեւէ որսման, մղվում են մթնոլորտ: Այդ թվում` կապար, ցինկ, մկնդեղ, պղինձ եւ այլ ծանր մետաղների աերոզոլներ:
- Խորհրդարանական լսումների ժամանակ կարողացա՞ք այս բոլորը հասցնել պատգամավորներին:
- Լսումներ, որպես այդպիսին, չեղան: Եղել է միակողմանի քարոզչություն: Զեկույցներ են ունեցել բնապահպանության նախարարը, նախկին նախարար Վ.Այվազյանը, Արա Բաբլոյանը, «Վալեքս գրուպի» գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը եւ այլն: Հակառակ որեւէ կարծիք չներկայացվեց: Զեկուցման փոխարեն մի քանիսին հինգ րոպեանոց ելույթի հնարավորություն տվեցին եւ այն էլ վերջում, երբ դահլիճում 2-3 հոգի էին մնացել:
- Ո՞վ էր լսումների կազմակերպիչը:
- Արա Բաբլոյանի հետ երբ գնացինք Թեղուտ, դրանից հետո նա առաջարկեց կազմակերպել լսումներ, ես համաձայնեցի: Բայց լսումներից երեք օր առաջ նա ասաց, որ հ/կ-ները զեկույց ներկայացնելու հնարավորություն չեն ունենալու: Սկզբում շատ ուրախ էի` հավատալով նրա բարի համբավին, բայց փաստորեն նրա ջանքերով ստեղծվեց մի անմաքուր փաստաթուղթ մի անմաքուր գործի կցելու համար: