Վտանգված է մեր և մեր անմեղ երեխաների առողջությունը, գենոֆոնդը…
Ընդամենը մի քանի տասնամյակ և Հայաստանի հողերը կվերածվեն ծանր մետաղներով հարստացված հանքաշերտի, գետերը կվերածվեն պոչամբարների, կվերանա բուսական և կենդանական աշխարհը: Իսկ մարդիկ....կփախչեն ավերակ երկրից կամ կշարունակեն գոյատևել` հաշտվելով հիվանդ սերունդներ ունենալու մտքի հետ:
Եվ այդ ամենը ` ԻՐԱԿԱՆ Է ՈՒ ԱՆԽՈՒՍԱՓԵԼՒ, եթե դու ` ՀԱՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ, քո անհամաձայնության վճռորոշ ձայնը չբարձրացնես այդ հանցավոր գործարքների դեմ:
Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ, լռությունը համաձայնություն է:
Լոռու մարզում ոչնչանում է Թեղուտի անկրկնելի բնաշխարհը` պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով:
Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում (առաջիկա 30 տարիների ընթացքում)`
Կոչնչանա մեր երկրի շուրջ 1000 հա հարուստ բնաշխարհ
Առաջանալիք թափոնների , այդ թվում` թունավոր մետաղների ներթափանցումը հողային, ջրային և օդային ավազան ահռելի վնաս կհասցնի շրջակա միջավայրին
Զգալիորեն կավելացնի մի շարք հիվանդությունների աճը`քաղցկեղ, չբերություն, ամլություն, մարմնական ու մտավոր թերզարգացածությամբ երեխաների ծնունդների և այլ:
Արդեն իսկ Հայաստանը անոմալ ծնունդների աճով ԱՊՀ երկրների ցանկում երկրորդն է Ղրղստանից հետո:
Հետևյալ Գործարքում խախտվել են բազմաթիվ օրենքներ
- ՀՀ "Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին" օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթները,
- ՀՀ <Բուսական աշխարհի մասին> օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները
- և այլն:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ`
- վերանայել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N1278-Ն ու N1279-Ն որոշումները և դադարեցնել հանքավայրի տարածքում արդեն իսկ սկսված աշխատանքները` ելնելով ինչպես շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը հասցվելիք վնասների ծավալներից, այնպես էլ մոլիբդենի ու այլ հազվագյուտ մետաղների հանքավայրերի ռազմավարական նշանակությունից.
- կասեցնել նոր հանքավայրերի հետազոտմանն ու արդյունահանմանն ուղղված բոլոր գործողությունները` մինչև կայուն զարգացման և ռացիոնալ ընդերքօգտագործման երկարաժամկետ ռազմավարության մշակումը, քննարկումն ու ընդունումը` հաշվի առնելով ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների բարօրությունը:
_________________________
Թեղուտի Պաշտպանության Շարժում