«Բրուտյան Անահիտին շուրջկալ արած՝ տղերքը մի լավ ծեծին, հետո էլ բռնաբարեցին: Ես էն վախտ 10-11 տարեկան էի, Անահիտն էլ քիչ էր ինձնից մեծ: Գիշերը էկավ քնելու, սաղ մարմինը կապույտ էր, ոտերի արանքն էլ արնոտ. ես հասկացա ինչ են արել: Ինձ կպած դողացնում ու ասում էր. ինձ պինդ բռնի, հանկարծ չգան տանեն», - հիշում է Մարթա Ժակ-իչը` Նուբարաշենի թիվ 11օժանդակ հատուկ դպրոցում իր ընկերուհու ողբերգությունը: Անահիտը ամուսնացել է ու ապրում է Ռուսաստանում:
Այս դպրոցը նախատեսված է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար:
Դպրոցի չորս շրջանավարտներ «Անկախին» պատմեցին, թե ինչ դաժանությամբ էին դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը, ուսուցիչները - դաստիարակները դաժանորեն ծեծում իրենց, իսկ դաստիարակները սովորեցնում ու հրահրում էին բարձր դասարանի տղաներին բռնաբարել աղջիկներին:
«Ով սրան չանի՝ բոզի տղա ա», - հիշում է դպրոցի 1990թ. շրջանավարտ 35-ամյա Մարթան, - Դպրոցի դաստիրակները բարձր դասարանի տղերքից մի քանիսից պահանջում էին փչացնել աղջկերքին ու ըտենց քֆուր էին դրել»: Նա ասում է, որ այդպես դաստիարակը դասընկեր Արմեն Ադամյանին ստիպում էր բռնաբարել իր ընկերուհուն:
«Էդ նույն բանը արել են Գայանի, Գեղեցի հետ (ազգանունը չի նշվում աղջիկների ապահովության համար), - ասում է նույն դպրոցի մեկ այլ շրջանավարտ 38 -ամյա Գայանե Սահակյանը, - Ստեփանավանում, երբ դպրոցը՝ ոչ բարով, ամառները տանում էր ճամբար, անտառի մեջ մեր աչքի առաջ աղջկերքին տկլորցրած ծեծում, հետո էլ հերթով բռնաբարում էին: Ես էլ փոքր էի ու երբ լսեցի` «բոզի տղա» խոսքերը, միամիտ հարցրեցի, էդ ի՞նչ ա նշանակում: Ենգիբարյանն էդ որ լսեց՝ ինձ բռնեց, իրեք անգամ տարավ—բերեց ընենց շպրտեց պառավոների վրա, որ 3 ամիս էր պոչկեքիս ցավից մեռնում էի»:
Իսկ 1988թ. շրջանավարտ Թամարա Սանթրոսյանն ասում է, որ դա ոչ թե դպրոց էր, այլ «կոնցլագեր»: Նա ասում է, որ ծեծն այս դպրոցում սովորական, պարբերաբար կրկնվող երեւույթ էր. «Ծեծում էին հաստ փետով ու գլխներիս էին տալիս, - ասում է Թամարը, - իսկ ծեծում էին ամեն ինչի համար, ասենք, որ գիշերը քուններս չտաներ ու խոսայինք: Մի անգամ ինձ ընենց էին ծեծել, որ ուշքս գնաց: Հետո երբ ուշքի էկա, մի հատ էլ ծեծին, թե խի ես ձեւ տալի, իբր ուշքդ անցավ»:
«Ծեծն իրանց կայֆ էր տալիս, - ասում է Մարթայենց դասարանցի Լաուրա Արթոյանը, - հիմա որ տանես մեր գլուխները թրաշես, սաղ շռամները՝ մեծ-մեծ ու անմազ, կերեւա: Տալիս գլուխներս բացում էին, հետո տանում էին` կարելու ու ասում էին. հանկարծ ծպտուն եք հանել, կտանենք գժանոց»:
Աղջիկները պատմում են որ իրենց նկատմամբ սեռական ոտնձգություններ է արել Հայոց լեզվի ուսուցիչ Լեւոն Ավագյանը. «Ինձ կանչում էր սենյակ, ասում էր փոշիները սրբի, հետո էլ պաչում էր, - «Անկախին» ասաց Մարթան, - սաղ էրեսներս դրա բեղերը քրքրել էր»: «Անձամբ ինձ իրա սենյակ չի կանչել, բայց հետեւիս ձեռով խփում էր, - ասում է Գայանեն, - իսկ գիշերները, երբ ինքը հերթապահ էր՝ անկապ պրիչինով սաղիս կհաներ ու հասունացած կրծքերով աղջիկներին` մայկա-տրուսիկով, կշարեր տղերքի հետ ու կվազացներ կամ կպահանջեր. նստեք-հելեք, նստեք- հելեք»:
Մարթան պատմում է, որ այդ մասին ասել է տնօրենի քրոջը՝ Սուսաննա Ենգիբարյանին ու կնոջը՝ Մարետա Դոխոյանին, ովքեր եւս դասավանդել են դպրոցում, իսկ նրանք բարկացել ու սաստել են.« սուտ-սուտ բաներ մի հորինի»:
Մոտ 20 տարի անց, 2008թ. նոյեմբերին Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրով` առաջին անգամ, հրապարակվեց փոքրիկ աղջիկների նկատմամբ Լեւոն Ավագյանի կատարած սեռական բռնությունների մասին պատմող տեսանյութը: Տեսանյութում դպրոցի արդեն շրջանավարտ Դիանա Ամիրխանյանը պատմում է, որ հայոց լեզվի ուսուցիչ Լեւոն Ավագյանը սեռական ոտնձգություններ է արել իր նկատմամբ: Տեսանյութը «Հայլուրի» արդեն նախկին լրագրող Սյուզան Սիմոնյանին տրամադրել էր բնապահպանական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:
Սակայն ոստիկանությունը` այս օգոստոսի 15-ին, գործ է հարուցել Մարիամ Սուխուդյանի դեմ, որ նա շահադիտական նպատակներով սուտ մատնություն է արել: Դիանան հրաժարվել է իր ցուցմունքներից եւ ոստիկանությունում ասել, թե Մարիամը համոզել է նման բան պատմել:
Իսկ անցյալ տարվա Դիանայի ռեպորտաժից մի քանի օր անց եթեր է հեռարձակվում երկրորդը, ուր դպրոցի արդեն շրջանավարտ Հասմիկը նույնպես պատմում է, թե ինչպես է Ավագյանը իր նկատմամբ սեռական բռնություններ կատարել: Աղջիկը, տեսնելով Դիանայի պատմածը, զանգել էր հեռուստատեսություն ու ասել, որ ինքն էլ կուզեր պատմել իր պատմությունը:
Ոստիկանությունը Հասմիկի պատմածը հիմք չի ընդունել եւ Ավագյանի դեմ գործ հարուցելու փոխարեն նրա` սեռական բռնությունները բացահայտողի, դեմ է գործ հարուցում: Մեղադրանքն ապացուցելու դեպքում՝ Մարիամ Սուխուդյանին սպառնում է մինչեւ 5 տարի ազատազրկում:
Իսկ առաջին ռեպորտաժի հիման վրա անցյալ տարի Էրեբունու քննչական բաժնում նյութեր են պատրաստվում, սակայն, ինչպես պարզվում է հետո՝ ուսուցիչ Ավագյանը դիմում է գրում, թե իրեն զրպարտել են: Փետրվարի 11-ին քրեական գործ է հարուցվում ոչ թե սեռական ոտնձգությունների մեղադրանքով, այլ աշակերտուհու դեմ՝ ուսուցչին զրպարտելու մեղադրանքով, իսկ այս գործն էլ շրջվում է, ի վերջո, Սուխուդյանի դեմ:
Սուխուդյանի գործընկեր Արման Ղարիբյանը պահել է Դիաննայի հետ հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում աղջիկը ասում է, թե հրաժարվելու է իր խոսքերից, քանի որ մայրը իրեն ծեծել է ու պահանջել հրաժարվել: Ղարիբյանը ձայնագրությունը հանձնել է քննչական մարմնին:
Դիաննան տեսախցիկի առաջ բռնությունների մասին պատմել է Մարիամի ընկերների եւ «Հետք» թերթի լրագրող Լենա Նազարյանի ներկայությամբ:
29-ամյա Մարիամ Սուխուդյանը ավարտել է Համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, «S.O.S.» Թեղուտ երիտասարդական հասարակական խմբի ակտիվիստ է, խումբը պայքարում է կառավարության ծրագրի դեմ, որով Թեղուտի անտառը ոչնչացվելու է հանքարդյունաբերության համար:
2008թ. մարտ-մայիս ամիսներին Սուխուդյանը իր 9 ընկերների հետ հատուկ դպրոցում իրականացրել է «Կրթական մուլտիմեդիոն նյութերի եւ աուդիոգրքերի պատրաստում» ծրագիրը, որի պատվիրատուն ու ֆինասավորողը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն է:
Ծրագրի իրականացման ընթացքում դպրոցում բացվել է համակարգչային սենյակ, կազմակերպվել են խոհարարական, անգլերեն եւ ռուսերեն լեզուների ուսուցում, անցկացվել են էքսկուրսիաներ:
Սուխուդյանի մեղադրականում նշված է, որ նա շահադիտական նպատակներով է ձայնագրել տեսանյութն ու հասարակական հնչեղություն է հաղորդել դրան, որովհետեւ ծրագրի իրականացման համար ՄԱԿ-ի կողմից դպրոցին փոխանցված 1մլն դրամը տնօրենը հրաժարվել է վճարել Մարիամին ու վճարել է աստիճանաբար:
«Դա շատ անհեթեթ մեղադրանք է, - ասում է Արմանը, - որովհետեւ անհրաժեշտ գույքն ու այլ պահանջվող առարկաները մենք ձեռք ենք բերել մեր սեփական միջոցներով, հետո կտրոնների հիման վրա տնօրենը մեզ վճարել է: Դա մեր համար այնքան էլ հարմար չէր, բայց մենք տնօրենի հետ այդ հարցում ոչ մի խնդիր չենք ունեցել»:
Արման Ղարիբյանն ասում է, որ մեղադրականի ոչ կոռեկտ լինելը երեւում է նաեւ նրանից, որ այնտեղ «Հայլուրի» փոխարեն նշված է «Լրաբեր», Սյուզան Սիմոնյանը ներկայացված է Սուսաննա Սիմոնյան, իսկ իր անունը՝ Արմեն:
Երեխաների հետ շփվելիս Մարիամն ու նրա ընկերները պարզել են, որ դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Լեւոն Ավագյանը սեռական ոտնձգությունների է ենթարկում աղջիկներին:
Արման Ղարիբյանն ասում է, որ անձամբ իրեն 11-12 տարեկան Մկրտչյան Դիանան ասել է.«Որ դասը չէի իմանում, ընկեր Ավագյանը ինձ ծեծում էր», իսկ Արմանի հարցին, թե մյուսներին չի՞ ծեծում, պատասխանել է.«չէ, որովհետեւ ես չեմ թողնում, որ իմ հետ փիս-փիս բաներ անի»: Մանրամասնելով «փիս-փիս բաները», Դիանան ասել է, որ Ավագյանը բազմիցս կանչել է իր սենյակ, դուռը կողպել, պահանջել, որ իջեցնի շալվարն ու շոշափել է նրա մարմինը: «Իսկ հետո ի՞նչ է արել», - հարցրել է Արմանը: «Դե, ամեն ինչ էլի, ես մեղավոր չեմ», - արտասվելով պատասխանել է Դիանան, այդպես էլ չասելով, թե ինչ է նշանակում ամեն ինչ:
Արմանն ասում է, որ Դիանան արբունքի տարիքի սիրունատես աղջիկ է՝ ակնհայտ մտավոր խնդիրներով, որի ասածներին ոչ ոք չի հավատա: Նույն բանը աղջիկը պատմել է իրենց մյուս ընկերներին:
Արմանը պատմում է, որ երբ մի անգամ Ավագյանը նրան ուղարկել է շալվարի փոխարեն յուբկա հագնել ու գալ իր սենյակ, նրան հանդիպել է դպրոցի հանդերձապահ Լուսինեն ու իմանալով, թե ինչի համար է Դիանան եկել, ասել է, որ նա էլ չգնա Ավագյանի սենյակ: Դրանից հետո Դիանան խուսափել է Ավագյանի սենյակ գնալուց:
«Էդ դպրոցում, Աշոտ անունով մի դաստիարակ կար, որն առանձնակի դաժանությամբ երեխաներին ծեծում էր, -ասում է Արմանը, - ու բոլոր էրեխենքն էլ ասում էին, որ նրան ատում են, սակայն սեռական բռնությունների մասով միայն Ավագյանի անունն են տվել»:
Արմանն ասում է, որ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանին դուր չի եկել, որ իրենք դպրոց էին հաճախում անկանոն գրաֆիկով: «Նա մեզնից պահանջում էր, որ մենք գրաֆիկ սահմանեինք, թե որ օրը՝ ով պիտի գնար, - ասում է նա, - բայց մեզ նախ այդպես հարմար չէր. մեզնից շատերը ուսանողներ են, համ էլ այդ դեպքում մեզ կարգելեին գրաֆիկից դուրս այցելել դպրոց: Իսկ երեխաները մեզ հետ շատ էին կապվել: Նրանք մարդկային վերաբերմունքի կարոտ էին. մեզ տեսնելուց գրկում էին, իսկ գնալուց՝ խնդրում, որ մի քիչ էլ մնանք»:
Արմանն ասում է, որ իրենք ավելի շատ ուշադրություն էին դարձրել այն հանգամանքի վրա, որ դպրոցում տիրում էր ահավոր փնթիություն, իսկ ուտելիքը բանի նման չէր.«շան լափ». ինչպես որակել էին դպրոցի սաները:
Նախկին աշակերտուհի Գայանեն հիշում է, որ մի անգամ, երբ հրաժարվել է որդոտ ճաշն ուտել, տաք ճաշով լի կաթսան լցրել են վրան ու ձմռան կեսին ոտաբոբիկ դուրս հանել: «Ու ինձ իրեք օր հաց չտվին, - ասում է նա, -հետո պովորներից մեկի մեղքն էկա ու հին պերաշկի տվեց: Ուտելուց զգացի, որ կարտոլը լպրծուն ա, բայց կերա, կես ժամից ջանս ուռեց ու էրկու ամիս հիվանդանոց պառկեցի»:
Երիտասարդների ուշադրությունը գրավել էր, որ դպրոցում ակնհայտ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ սովորում են միանգամայն առողջ երեխաներ: «Դիանա Ամիրխանյանը, որոնք 5 քույրով այս դպրոցն են ավարտել, ու շատ- շատերը ոչ մի մտավոր խնդիրներ էլ չունեն», - ասում է Արմանը:
Դպրոցի շրջանավարտ Թամարն ասում է, որ իրենց ժամանակ դպրոցում մտավոր խնդիրներ ունեցող երեխաները քիչ էին, սակայն երբ նախարարությունից գալիս էին ստուգելու, բոլորին պատվիրում էին ձեւացնել, թե իբր մտավոր արատներ ունեն: «Մեզ ասում էին ձեւ տվեք յանի կանաչը կապուտից չեք տարբերում կամ ուղիղ գիծ քաշել չգիտեք, թե չէ կտանենք գժանոց, - ասում է նա, - ո՞վ ռիսկ ուներ իրանց ասածը չաներ: Ու սաղս էլ գիտեինք. էդ անում են, որ դպրոցը հանկարծ չփակեն»:
Դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը հրաժարվեց «Անկախին» մեկնաբանություններ տալուց, միայն մեղադրեց երիտասարդներին, թե նրանք ուր հայտնվում են մի «կլյաուզնիկություն դուրս ա գալիս»: Տնօրենը, հավանաբար, նկատի ունի Սուխուդյանի ու նրա ընկերների ակտիվությունը Թեղուտի հարցում, Գառնու քարերի սիմֆոնիայի թալանի ժամանակ բարձրացրած նրանց աղմուկը, Սուխուդյանի նկարահանած տեսանյութը, թե ինչպես է Խոսրովի անտառում անտառապահը վարազ խփում, որը նույնպես ցուցադրվել է «Հայլուրով»:
Սուխուդյանի դեմ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ քաղաքից չբացակայելու խոստումը:
Սեպտեմբեր 23rd, 2009 at 13:44
Уроды
укак можно уничножать зелень
ей рожать ребенка не на асфальте
ну люди с такими лицами что скажешь
а организацию лишить лицензии и оштрафовать и потребовать чтоб они посадили деревья и поливали их в течении 10 лет
может тогда поймут что нельзя уничножать зелень
говорят о геноциде и сами это же делают в отношении прроды
УРОДЫ
Reply
Սեպտեմբեր 23rd, 2009 at 15:02
Կեղեցկության սրահի պետք է փակել, դիրոջն էլ բանտարկել: ոչ թե միայն խցում նստի ուտել խմելով զբաղվի, այլ ամեն օր մեկ հատական ծառ տնկելով….
Reply
Սեպտեմբեր 23rd, 2009 at 18:05
միշտ մտածել եմ որտեղից հայերին այդ թշնամանքը ծառերի ու կենադանի ամեն ինչի հանդեպ? Քայլում եմ Կիևի փողոցներով , ամեն քայլափոխի պուրակներ են , նույնիսկ անտառներ կան քաղաքի կենտրոնում , բուսաբանական այգիներ, բա ինչու սրանք րեն կտրատում սրճարաններ ու գեղեցկության սրահներ սարքեն , էլիտար թաղամասեր կառուցեն , ինչի իրանց չեն խանգարում այդ ծառերը, եթե դրանք այդքան անպետք բաներ են
Reply
Սեպտեմբեր 24th, 2009 at 00:09
de hima tox sran nstaznen petakan unezvazq@ pchaznelu hamar.
lragroxnerin el xorhurd ktai hetamut linel ays gorzin.
Reply
Սեպտեմբեր 24th, 2009 at 14:44
Isk naxkin <>anvan mankakan zbosajgu daravor careri hatumn artonvac e exel? Sa erevi inch-vor nerqin tuyltvutyn e.
Reply