среда, 3 июня 2009 г.

«Առաջին տիկինը իր ամուսնու կարծիքին դեմ է»


Թեղուտի պաշտապանության նախաձեռնող խումբն ուրբաթ օրը կդիմի վարչական դատարան` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման` կառավարության և տարբեր իրավասու մարմինների կողմից ընդունված վարչական ակտերն անվավեր ճանաչելու հայցով: Շրջակա միջավայրի պահպանման միջազգային օրվա նախօրեին «Ուրբաթ» ակումբում Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի ներկայացուցիչներն ասուլիս էին հրավիրել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի դեմ ձեռնարկվող դատական հայցի վերաբերյալ£
«Թրանսփերենսի Ինթերնեյշնըլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ծրագրի ղեկավար Սոնա Այվազյանը պատմեց, որ անցյալ տարվա հունիսի 20-ի բազմաթիվ ակցիաներից հետո Թեղուտի պաշտպանության խմբի անդամներին ընդունել է վարչապետը, և նրանք կարողացել են հիմնախնդիրը ներկայացնել, քննարկել սխալները:

«Մենք հույս ունեինք, որ այդ խնդրի լուծմանը ինչ-որ ընթացք կտրվի, այդ հանդիպմանը կազմվեց նաև արձանագրություն, որով վարչապետը հանձնարարեց ԲՆ-ին իրականացնել 25 տարվա ծրագրի փորձաքննություն, և այդ գործընթացում ներգրավել հասարակությանը և միջազգային փորձագետներին, կատարելագործել տնտեսական վնասի հաշվարկման հետ կապված կարգերը և օրենսդրությունը` կապված բնապահպանական վնասների վարձ հետ»,-ասաց Սոնա Այվազյանը:
Սակայն այս բոլոր հանձնարարականները այդպես էլ արդյունք չեն ունեցել և «Վալեքս» ընկերությունը, որը մրցութային կարգով ստացել է 25 տարով Թեղուտի հանքավայրի շահագործման լիցենզիան, արդեն սկսել է շահագործման նախատապատրաստական աշխատանքներ տանել: «Մենք չունենք այլ լուծում, քան դիմել դատարան, որպեսզի կարողանանք դատական կարգով վիճարկել մեր կառավարության գործունեությունը և որոշ դեպքերում նաև անգործությունն այս առումով»,-հավելեց Սոնա Այվազյանը:
Թեղուտի պաշտպանության խմբի հայցն ուրբաթ օրը Երևանի վարչական դատարանում կներկայացնի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Իմ ուսումնասիրած փաստաթղթերից պարզ դարձավ, որ դեռևս 2001թ-ից մեր կառավարության և տարբեր իրավասու մարմինների կողմից ընդունվել են մի շարք վարչական ակտեր, որոնց ընդունման կարգի մեջ կոպիտ խախտումներ են տեղի ունեցել, խախտվել են ինչպես ներպետական օրենքների դրույթներ, այնպես էլ միջազգային պայմանագրերի ու ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթները»,-պարզաբանեց փաստաբանը,սակայն մանրամասները դեռ չներկայացրեց, ասաց, որ հայցը դատարան ներկայացնելուց հետո մանրամասները կտրվեն լրագրողներին:
«Էկոդար» ՀԿ նախագահ Հրայր Սավզյանն էլ պատմեց, որ վերջին 10 օրվա ընթացքում մոտ 4-5 հազար ստորագրություն են հավաքել Թեղուտի հանքի շահագործման դեմ:
«Մենք` ՀՀ քաղաքացիներս և բնակիչներս պահանջում ենք անմիջապես չեղյալ հայտարարել Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման նախագիծը և դադարեցնել բոլոր նախապատրաստական աշխատանքները»,-ստորագրահավաքի նամակի այս բովանդակության ներքո հունիսի 1-ին Հաղթանակի զբոսայգում ստորագրել են նաև ՀՀ նախկին և ներկա առաջին տիկնայք` Բելլա Քոչարյանը և Ռիտա Սարգսյանը: Ստորագրությունները ուղարկվելու են ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին:
«Առաջին տիկինը իր ամուսնու կարծիքին դեմ է»,-կես կատակ կես լուրջ ավելացրեց Հրայր Սավզյանը:
«Երբ այդ կառավարության որոշումը տրվեց, այդ ժամանակ վարչապետ էր Սերժ Սարգսյանը»,-նկատեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ պետք է օգտվել բոլոր հնարավոր միջոցներից, որպեսզի թույլ չտրվի նման աղետալի ծրագրի իրագործումը:
«Եթե այս հանքավայրը շահագործվի նման կոպիտ խախտումներով, ապա մեզ սպասում է ուրանի հանքավայրերի շահագործում, որը նույնպես վտանգավոր է լինելու: Նման ձևի բարբարոս մոտեցումը մեր բնությանը և հանքավայրերին, խոսում է այն մասին, որ մեր այսօրվա իշխանություններն ու ղեկավարությունը մեր ապագայի նկատմամբ բացարձակ լուրջ մոտեցում չեն ցուցաբերում,-ասաց պատգամավորը և շարունակեց,-ծրագիրը հիմնավորվում է մոտ 1 500 աշխատատեղերով, իսկ իրականում թե ինչ է մեզ և մեր երեխաներին սպասվելու, որևիցե մեկը չի ցանկացել հոգ տանել»:
Զարուհի Փոստանջյանը այս խնդիրը պատրաստվում է բարձրացնել Եվրոպայի Խորհրդդի լիագումար նիստում:
Հրայր Սավզյանը նաև տեղեկացրեց, որ «ՎՏԲ» բանկի պայմանագրի համաձայն տրվելիք 280 մլն դոլար վարկը դեռ չի փոխանցվել, իրենք այս առիթով նամակ են հղել ռուսաստանյան մասնաճյուղի տնօրենին` խնդրելով չֆինանսավորել ծրագիրը, սակայն դեռևս պատասխան չեն ստացել:
«Վալեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչ Վահրամ Ավագյանը նույնպես ներկա էր ասուլիսին, սակայն Թեղուտի պաշտպանության խումբն այդպես էլ հնարավորություն չտվեց նրան մեկնաբանել իրենց հնչեցրած տեսակետները և մեղադրանքները:
Հանքավայրի շահագործման ողջ ընթացքում նախատեսված է շուրջ 357 հեկտար անտառի հատում: Որպես փոխհատուցման ծրագիր` ՀՀ Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարությունների հետ համատեղ հաստատված ծրագրով նախատեսվում է իրականացնել անտառապատման աշխատանքներ անտառհատման մակերեսի կրկնակի մակերեսի չափով: Այսինքն` հատված 357 հեկտարի փոխարեն կանտառապատվի 714 հեկտար ՀՀ տարբեր վայրերում: Վահրամ Ավագյանը ավելի ուշ լրագրողներին ներկայացրեց այս տվյալները:
Ըստ «Վալեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչ Վահրամ Ավագյանի՝ առաջին հերթին անտառապատման աշխատանքներ կիրականացվեն հենց Թեղուտ և Շնող համայնքներում, հետո վարչական տարածքներում գտնվող անտառային ֆոնդին ամրագրված տարածքներում, և այդպես ողջ հանրապետությունում: Տենդերը շահող կազմակերպություններն էլ 2009-2010թթ. կիրականացնեն 135 հեկտար մակերեսի վրա անտառապատման աշխատանքները:
«Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ մենք չենք չեզոքացնի բնապահպանական վնասը իսպառ, սակայն մենք հավակնում ենք ունենալ աշխատանքային ծրագիր, որում նախատեսված գործողությունները նվազագույնի են հասցնում հնարավոր բնապահպանական վնասը: Նախատեսված միջոցառումների, բնապահպանական տարբեր գործողությունների վերաբերյալ մենք այդպես էլ կոնկրետ առաջարկներ մեր ընդդիմախոսներից չլսեցինք: Նրանք սկսել են իրենց ակտիվությունն արդեն այն փուլում, երբ օրենքով նախատեսված հասարակական լսումները «Էյ-Սի-Փի» ընկերությունը ավարտել է»,-նշեց Վահրամ Ավագյանը:
Վերջինս վստահեցնում է, որ ջրերի աղտոտում նույնպես տեղի չի ունենա, քանի որ ներդրված է արդյունաբերական ջրերի փակ շրջանառու համակարգ, որի պարագայում բոլոր արդյունաբերական ջրերը, որոնք մտել են արդյունաբերական ցիկլ, նորից վերադառնալու են արդյունաբերական ցիկլ, ոչ մի գրամ արդյունաբերական ջրի արտահոսք նախատեսված չէ: Բուսական կամ կենդանական աշխարհը նույնպես չեն վնասվելու:
«ՎՏԲ» բանկի ֆինանսների ուշացումը «Վալեքս» ընկերությունների ներկայացոցիչը պատճառաբանեց նոր ֆինանսական վերահաշվարկով, որի պահանջով իրենց դիմել է բանկը: Այս պահին հենց այդ վերահաշվարկի գործընթացն է ընթանում: Միևնույն ժամանակ «Վալեքս» խմբի ընկերությունները փնտրում են այլընտրանքային ներդրումներ և ֆինանսական այլ միջոցներ:

Комментариев нет: