вторник, 1 июля 2008 г.

ՀՀ վարչապետպարոն Տիգրան Սարգսյանին

Հարգելի պարոն վարչապետ
Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրները համակողմանիորեն քննարկելու և դրանք լուծելու առումով Ձեր դրսևորած պատրաստակամության համար:
Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ս.թ. հունիսի 20-ին Թեղուտի պաշտպանության շարժման ներկայացուցիչների հետ կայացած խորհրդակցության արդյունքում կազմված արձանագրության մեջ տեղ են գտել թերություններ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ տվյալ խնդրի հետագա քննարկումների վրա:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է 20.06.08թ. թիվ 50-88 արձանագրության 2-րդ մասի դ) կետին, որում ամրագրված է, որ ՙհանքավայրի շահագործումը բացառում է անդրսահմանային ազդեցություններ՚: Հաշվի առնելով, որ տվյալ հարցի քննարկման և մասնագետների կողմից հիմնավորման համար խորհրդակցության ընթացքում չհատկացվեց բավարար ժամանակ, հարկ ենք համարում անդրադառնալ դրան առանձին նամակով:
Ինչպես գիտեք, Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծով նախատեսված է շահագործումից գոյացած թափոնները տեղադրել Պակասաջուր գետի կիրճում, որը հանդիսանում է Շնող գետի վտակը: Շնող գետը թափվում է Դեբեդ գետը` հոսելով դեպի Վրաստան, այնուհետև Քուռ գետով` դեպի Կասպից ծով: Մակերևութային ջրային հոսքերի` միլիոնավոր տարիներով ձևավորված ուղիներում (հուներ, կիրճեր) թունավոր թափոնների տեղադրումը վաղ թե ուշ կհանգեցնի դրանց տարածմանը ջրհավաք ավազանով` վտանgելով ողջ էկոհամակարգը, ի վերջո, նաև տարածքի բնակչության առողջությունը: Նման իրավիճակ, օրինակ` առատ տեղումների կամ արդյունաբերական վթարի հետևանքով, կարող է ծագել ինչպես հանքավայրի շահագործման ընթացքում, այնպես էլ դրանից հետո` հազարավոր տարիներ շարունակելով թունավորել շրջակա միջավայրը: Այսպիսով, Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա անդրսահմանային ազդեցությունը անխուսափելի է և ապագա, իսկ միգուցե նույնիսկ ներկա, սերունդները ստիպված են լինելու միջազգային հանրության առաջ պատասխանատվություն կրել այսօրվա իշխանության անհեռատես տնտեսական և բնապահպանական քաղաքականության համար:
Ցանկանում ենք մեկ անգամ ևս նշել, որ Թեղուտի հանքավայրի շահագործման` ACP ընկերության կողմից կազմված նախագծում և դրա բնապահպանական պետական փորձաքննության շրջանակներում ի հայտ են եկել բազմաթիվ թերություններ, ինչի մասին (մասնավորապես` մեթոդաբանական առումով) հիշատակվեց նաև Ձեզ մոտ 20.06.08թ. կայացած խորհրդակցության ընթացքում: Չնայած այն բանին, որ Ձեր կողմից տրվել է հանձնարարական ՀՀ բնապահպանության նախարարին, որ տեղական, իսկ անհրաժեշտության դեպքում նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ իրականացվի հանքարդյունահանման նախագծի բնապահպանական փորձաքննություն հանքավայրի շահագործման 25 տարիների համար, ներկայումս Թեղուտի անտառներում իրականացվում են ինտենսիվ անտառահատման գործընթացներ:
Նման իրավիճակն այսօր արդեն կարող է բացասական հետևանքներ ունենալ շրջակա միջավայրի համար և անդրադառնալ հանքավայրի շահագործման ծրագրի հնարավոր վնասների հաշվարկների վրա:
Ուստի դիմում ենք Ձեզ խնդրանքով` ձեռնարկել միջոցներ անհապաղ կասեցնելու անտառահատման գործընթացները Թեղուտում մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության անկողմնակալ գնահատման և փորձաքննության ավարտը, որի ընթացքում, ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին՚ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն կգնահատվեն շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը ինչպես շահագործման ընթացքում, այնպես էլ լուծարման ընթացքում, լուծարումից հետո և արտակարգիրավիճակներում:
Հարգանքով,Նախաձեռնող խմբի անունից`
Սոնա Այվազյան_____________________
___Թեղուտի պաշտպանության շարժում
(091) 433278 ● teghut2008@gmail.com ● www.bigfamily.am/eco

Комментариев нет: