воскресенье, 28 марта 2010 г.

ԹՈՒՆԱՎՈՐ ԳԱԶԵՐ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ




Երեք օր առաջ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում (100 մետր երկարություն,100 մետր լայնություն, 5 մետր խորություն) անհայտ անձինք բուլդուզերով բացվածք են իրականացրել, ինչից դուրս են գալիս թունավոր գազեր: Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի խոսքով, այնտեղ լցված են 18-20 տեսակի թունաքիմիկատներ, որոնք պետք է ոչնչացվեն, սակայն դրանց ոչնչացումը ծրագրված է 2-3 ամսից միայն: Հարցին` ի՞նչ գտնելու նպատակով այնտեղ կարելի է մտնել, Արմենակ Դովլաթյանը պատասխանում է, որ նպատակն անհայտ է, քանի որ թունաքիմիկատներ գողանալն անիմաստ է: “Հայի ուղեղը յուրահատուկ է աշխատում”, մեզ հետ զրույցում նշեց Կանաչների կուսակցության նախագահը: Նաև տեղեկացրեց, որ երեկ երեկոյան բացված տեղն արդեն լցվել է, հարթեցվել, որպեսզի քիմիկատների մուտք չլինի: Ըստ նրա` խնդիրն այն է, որ այնտեղ տարիների ընթացքում ջուր է լցվել, տոպրակաների մեծ մասը քայքայվել են, թունաքիմիկատները խառնվել են իրար, և անհասկանալի ինչ-որ նյութ է առաջացել:

Առաջիկայում ծրագրվում է դրանց վերամշակման, ոչնչացման աշխատանքներ: “Խնդիրն այն է, որ որոշ հեռավորության վրա անց է կացվում Արարատյան դաշտավայր տանող ջրագիծը: Չնայած 1-2 կմ հեռավորության վրա է, բայց այստեղ սահանքային գոտի է, գերեզմանոցն ինքը արդեն մի տասը մետր տեղաշարժվել է, ինչն էլ վտանգավոր է: “Եթե թունաքիմիկատների գերեզմանոցը չվերանա, բնականաբար, անձրեւաջրերը լցվում են, և քանի որ այստեղ բետոնապատված չէ, մի քանի մետր խորության վրա հողը նույնպես աղտոտված է: Այստեղ լուրջ աշխատանքներ պետք է իրականացվեն”, ասաց Արմենակ Դովլաթյանը` նշելով թունաքիկիատի գերեզմանոցի հետ կապված վտանգները. առաջինը` սահանքային գոտի է, երկրորդը` այդ թույները անձրևաջրերի, ձնհալի ջրերի հետ ներծծվում են հողի շերտ և ներքին ստորգետնյա ջրերին խառնվելով`չգիտես որտեղ են դուրս գալիս: Այսինքն` բոլոր հարցերի պատասխանը մեկն է` որքան հնարավոր է շուտ պետք է իրականացվեն վերամշակման, վերացման աշխատանքները:

Комментариев нет: