среда, 9 февраля 2011 г.

Կանաչի'ր

Վարագույրը բացվում է. Խաղաղ բնության տեսարան. ձախ կողմում հսկայական ծառ է, աջ կողմում` բլրակ, խոտեր, ֆոնին կանաչապատ սարերի տեսարան է պատկերված, սարի լանջով գետ է հոսում: Տեսարանի ընթացքում լսվում է թռչունների ծլվլոց, գետակի խոխոջյուն:
Մի երեխա ծառի ճյուղերի միջից դուրս է հանում գլուխը, նայում շուրջը: Հեռվից լսվում է մանուկների ծիծաղի ձայն: Երեխան ետ է թաքնվում ճյուղերի հետևում: Աջ կողմից մտնում են մի խումբ մանուկներ` ծիծաղելով, միմյանց հրմշտելով: Երբ մոտենում են ծառին, վրայից ներքև է թռչում թաքնված երեխան` ուղիղ մանուկների դիմաց. նրանք վախենում են ու բարձր ճիչերով ետ ցատկում: Երեխայի անունը Վարդան է, խմբի մանուկներն են Անահիտը, Մարիամը, Ռուբենն ու Հայկը:
Վարդան – Հահա, վախեցաք?
Անահիտ – Բա ինչ եղանք?
Մարիամ – Սիրտս ճաքեց, Վարդա’ն:
Ռուբեն – Դե սպասիր, տես քեզ ինչ կանենք:
Ռուբենն ու Հայկը ընկնում են Վարդանի ետևից, նրանք վազում են ծառի շուրջ, ձախ կողմից դուրս գալիս ու շնչակտուր մտնում աջ կողմից: Այդ ընթացքում աղջիկները հանգստանում են, ծիծաղում տղաների չարաճճիությունների վրա ու նստում խոտերին` ոտքերը կախելով բեմից ներքև: Տղաները վազվզում են խոտերի մեջ, բլրակի վրայից վար գլորվում, Վարդանը մագլցում է ծառը, Հայկը փորձում է ոտքից ներքև քաշել, բայց չի կարողանում:
Հայկ – Այ տեսար դու հիմա վաեցար:
Վարդան - /ծիծաղելով/ Ես չեմ վախեցել, ծառիս վրա հարմար է:
Ռուբեն – Վախկոտ – Վարդան, վախկոտ – Վարդան...
Վարդան – Վախկոտը դու ես, Ռուբենչիկ. ես միշտ էլ բարձրանում եմ իմ ծառի վրա, սա իմ տեղն է:
Անահիտ – Հայկ, դե եկեք հա, թող մնա իր ծառի վրա:
Տղաները միմյանց հրմշտելով` գալիս միանում են աղջիկներին, բոլորը նստում են խոտերին` ոտքերը ներքև կախած: Տղաները շնչակտուր են, աղջիկները ծիծաղում են նրանց վրա.
Մարիամ – Լրիվ փոշի եղաք, ֆու~...
Հայկ – Ոչինչ, կարևորը Վարդանին կարգին վախացրեցինք...
Վարդան – Դուք եք վախկոտները...
Անահիտ – Դե լավ, հերիք վիճեք: Երեխեք, ուզում եմ արշավ գնանք:
Ռուբեն – Արշավ? Ուր, Անահիտ?
Անահիտ – Սարի մյուս կողմը: Ծնողներս պատմում են, որ մեր կողմերում ամենասիրուն բնությունն է, ու շատ կարևոր հին հուշարձաններ կան. ուզում եմ էդ բոլորը տեսնել:
Վարդան – /մռթմռթում է/ Թե դուք բնությունից ինչ եք հասկանում... այ ես ու իմ ծառը իրար միշտ հասկանում ենք. չէ, ծառ ջան? /ծառը դանդաղ շարժում է ճյուղերը/. Տեսաք, ես կարողանում եմ խոսել ծառերի հետ:
Հայկ – Ավելի լավ, ուրեմն ծառերի հետ էլ կընկերանանք. եկեք, հենց այսօր էլ գնանք, գալիս եք?
Մարիամ – Ես պիտի մայրիկիս հարցնեմ... դասերս դեռ չեմ վերջացրել:
Անահիտ – Դա ոչինչ, Մարիամ, ես կօգնեմ միասին կանենք. ախր գիտես ինչ սիրուն կենդանիներ կան անտառում? Մեզ միշտ փոքրի տեղ են դնում, չեն թողնում գնալ, իսկ ես ուզում եմ գնալ ու բոլոր կենդանիներին տեսնել...
Ռուբեն – Բա որ հրեշներ լինեն... ԲՈՈՈ /փորձում է վախացնել/
Անահիտ – Չէ, մեր անտառներում հրեշներ չկան, մեզ մոտ եղնիկներ են, նապաստակներ...
ԹԽԿ: Ուժեղ թխկոց է լսվում ու ծառը ցնցվում է: Բոլոր երեխաները ճչում են, հատկապես Վարդանը:
ԹԽԿ: Կացնի ձայն է: Ծառը ավելի ուժեղ է ցնցվում ու Վարդանը վայր է ընկնում:
Վարդան – Աաաա~խ... ոտքս:
Երեխաները ցատկում են իրենց տեղից ու վախեցած հավաքվում աջ կողմում: Մի մեծ կացին նորից իջնում է ծառի վրա. ԹԽԿ: Վարդանը դժվարությամբ ոտքի է կանգնում ու մոտենում ծառին:
Աղջիկներ – Վարդաաան, ետ արի:
Վարդան – Դուք ով եք? Հեռու’ տարեք ձեր կացինը իմ ծառից:
Աղջիկները վախից դողում են, Ռուբենն ու Հայկը հանգստացնում են նրանց ու մոտենում են Վարդանին: Բայց երեք տղաները միասին ետ են քաշվում, երբ ձախ կողմից մտնում են ամբողջությամբ սև հագնված հսկաներ` հսկա կացիններով, ու շարունակում են երկու կողմից հարվածել ծառին: Թռչունների ծլվլոցն ու գետակի ձայնը դադարում են. մռայլ երաժշտություն է սկսվում:
Վարդան – Հանգիստ թողեք իմ ծառը: Չեք լսում?
Ռուբենը քաշում է հսկայի փողքից, բայց նա չի պատասխանում: Թխկոցները շարունակվում են, ծառը թեքվում է: Բոլոր երեխաները սկսում են բղավել.
- Հանգիստ թողեք մեր ծառը, հրեշներ, հեռու գնացեք, ինչ եք անում?
Վարդանը զայրույթից ցատկում է հրեշի վրա, բայց սա միայն վայր է գցում նրան ու շարունակում հատել ծառը: Հայկը մի կողմ է քաշում տղաներին ու քարով հարվածում հրեշին: Սա մի պահ դադարում է հատել, շրջվում է դեպի երեխաները, բարձր մռնչոց հանում ու ուժգին հարվածում ծառի բնին: Երեխաները վախից բարձր ճչում են ու փախչում հեռու, բեմից դուրս, հեռվից լսվում են նրանց ճիչերն ու լացի ձայնը: Ծառը ընկնում է. հսկաները քաշ են տալիս այն, տանում իրենց հետ բեմից դուրս: Բեմը մթնում է, ծանր երաժշտություն է իջնում բեմի վրա... միայն հատված ծառի մնացորդն է լուսավորված:
Լսվում է փորող մեքենայի աշխատանքի ձայն. բեմը լուսավորվում է` ֆոնի նկարում երկինքն ամպամած է, գետնից հող է ցայտում ու թափվում բեմից դուրս: Մեքենայի հռնդյունն ուժեղանում է, բեմը լցվում է ծխով: Բեմը մթնում է. գիշեր է իջնում: Թույլ լուսավորված բեմում աջ կողմից գաղտագողի հայտնվում են երեխաները.
Ռուբեն – Տես ինչ մեծ փոս են փորել...
Վարդան – Իմ ծառի տեղում...
Մարիամ – Ծնողներս ասացին, որ այստեղ հանքեր են փորում, ինչ-որ կարևոր բաներ են գտել գետնի տակ.
Անահիտ – Գիտեմ. էլ արշավի չենք կարողանա գնալ... ծառերը կտրել են, իսկ կենդանիները բոլորը փախան հեռու. մեզ մոտ էլ մնալու տեղ չունեն...
Հայկ – Բայց ես չե’մ ուզում, որ մեր խաղահրապարակի փոխարեն փոս լինի... ես առավոտյան փորձեցի էստեղ գալ, ինձ չթողեցին...
Վարդան – Բա հիմա որտեղ ենք խաղալու? Ես ուզում եմ իմ ծառը բարձրանալ...
Ծխի քուլա է անցնում բեմով, երեխաները սկսում են հազալ:
Մարիամ - /հազալով/ Մեզ էլ չի կարելի գալ այստեղ...
Անահիտ - /հազալով/ Հա, վտանգավոր է...
Ռուբեն - /հազալով/ Էս հրեշները երևի մենակ փոսերի մեջ են ապրում...
Մարիամ – Հա, ու նրանք չգիտեն, թե ինչպես պետք է վերաբերվել ծառին ու ծաղիկին. նրանք պարզապես քարի պես սև են:
Հայկ – Հիմա ինչ? Մենք պարտվել ենք?..
Վարդան – Չէ, չէ. ես մի բան եմ մտածել...
Անահիտ – Ինչ?..
Վարդան – Եկեք ասեմ:
Բոլոր երեխաները հավաքվում են միասին, քչփչում են.
Հայկ – Այ, ճիշտ է, ախր դու գիտես նրանց լեզուն...
Մարիամ – Ապրես Վարդան, այ դրանից հետո հաստատ կկորչեն հրեշները
Ռուբեն – Այ թե լավ կվախեցնենք էդ սև հրեշներին...
Անահիտ – Դե եկեք պատրաստվենք, գնացինք...
Երեխաները ուրախ խոսելով դուրս են գնում:
Ցերեկ. սևազգեստ հրեշները` գործիքներն ուսերին, մտնում են բեմ ու սկսում փորել հողը: Մեքենայի հռնդյուն է լսվում կողքից, ծուխ է բարձրանում: Հանկարծ հեռվից լսվում է Վարդանի ձայնը.
Վարդան – Ծառեր ջան, առաաաաջ~:
Բարձր ուրախ ճիչեր են լսվում ու ամեն կողմից ներս են վազում ծառեր ու կենդանիներ: Երկու մեծ արծիվ վերևից արագ իջնում ու գողանում են հսկաների գործիքները: Հսկաները ապշած չորս կողմն են նայում: Ծառերը շուրջպար են բռնում նրանց շուրջն ու սկսում են երգել: Ներս են վազում երեխաներն ու մոտենալով հսկաներին` նրանց կանաչ են ներկում /կարող են պարզապես կանաչ զգեստ գցել նրանց վրա/: Հսկաները ապշած նայում են իրենց նոր հանդերցանքին: Երեխաները, ծառերի շուրջպարին միանալով, երգում են նրանց հետ: Վարդանը մոտենում է հրեշներին, որոնք շուրջն են նայում` կարծես առաջին անգամ են տեսնում աշխարհը:
Վարդան – Մի վախեցեք, ծառերը բարի են:
Հրեշ Ա – Ինչ գեղեցիկ է կանաչ լինել...
Հրեշ Բ – Մենք միշտ սև ենք եղել, և միշտ ուզել ենք իջնել հողի տակ, որ մեզ պես սև աշխարհում ապրեինք...
Վարդան – Ուրեմն սրանից հետո կանաչ եղեք ու ապրեք կանաչ աշխարհում` ծառերի ու ծաղիկների հետ:
Անահիտը մի շիվ է բերում.
Անահիտ – Դե վերցրեք ու տնկեք այս շիվը, թող աճի նոր ծառ մեր բակում:
Հրեշ Ա – Ներեք մեզ, որ հատեցինք ձեր ծառը...
Հրեշ Բ – Մենք մեղավոր ենք, ներեք մեզ:
Ծառեր – Մենք ներում ենք ձեզ, բայց երբեք այլևս փչորձեք վնասել մայր բնությանը:
Հայկ – Բնությունը երբեք թույլ չի տա, որ իրեն վնասեն:
Մարիամ – Մարդիկ էլ միշտ պիտի բնությանը սատար կանգնեն ու պաշտպանեն:
Վարդան – Չէ որ բնությունն է մեր մայրը, մեր խաղահրապարակը, մեր տունը:
Հրեշները տնկում են շիվը, միանում շուրջպարին ու երգում բոլորի հետ:
Վարագույրը փակվում է;


Комментариев нет: