Ալավերդիում հոկտեմբերի 22-ից արձանագրված աղիքային ինֆեկցիայի բռնկումը շարունակվում է: Ալավերդու Առողջապահական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում հոկտեմբերի 27-ի դրությամբ հոսպիտալացվել էին 14 հիվանդներ, որոնցից 12-ը` երեխաներ:
Հոկտեբերի 28-ին վաղ առավոտյան նրանց թիվը ավելացել է եւս 3-ով, հոկտեմբերի 29-ին բաժանմունքում հոսպիտալացվել են եւս 8 հիվանդներ, որոնք նույն ընտանիքի անդամներ են: Ընտանիքի մայրը` Անահիտ Նակաշյանը, հայտնեց, որ իր ընտանիքի 8 անդամները արդեն մի քանի օր է ունեն բարձր ջերմություն, սրտխառնոց, փորացավ եւ փորլուծ:
Տիկին Նակաշյանի կարծիքով` իր ընտանիքն այդ վիճակում է հայտնվել խմելու ջրի պատճառով: Հիվանդանոցում Ռիմուլիկը եւ Շաքեն պատմեցին, որ իրենք կերել են խանութից գնված խինկալի, որից մի քանի ժամ անց իրենց փորն ու գլուխը սկսել է ցավել, ջերմությունը 39-ից չի իջել, նրանք իրենց շատ թույլ են զգացել: Երեխաների վիճակը բարելավվել է ներերակային ներարկումներից հետո:
Մարիամի եւ Մանեի տատը` տիկին Ալվարդը, պատմեց. «Հոկտեմբերի 25-ին երեխաները բարձր տրամադրությամբ դպրոց են գնացել: Դասից տուն գալուց հետո նրանք պատմեցին, որ դպրոցի ճաշարանից նրբերշիկ են գնել ու կերել, որոնցից մեկի գույնը սպիտակ է եղել, համն էլ իրենց դուր չի եկել: Մի քանի ժամ հետո Մարիամը սկսեց գանգատվել փորի ցավից ու սրտխառնոցից: Կեսգիշերին բարձր ջերմությամբ նրան տեղափոխել ենք հիվանդանոց»:
Հաջորդ օրը երեկոյան նույն գանգատներով հիվանդանոց է տեղափոխվում Մարիամի քույրիկը` Մանեն: Մինչ հիվանդներն իրենց վիճակը կապում են սննդամթերքի հետ, համաճարակի կանխարգելման պատասխանատուները կատարում են իրարամերժ հայտարարություններ: Առողջապահության նախարարության Պետական հիգենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետի տեղակալ Ժանետա Բեդյանը հայտնեց. «Համաճարակի ամենաշատ դեպքերը արձանագրվել են հոկտեմբերի 26-ին` 6 դեպք, հիվանդներից 8-ը քաղաքի Սարահարթ թաղամասից են: Օգտագործած սննդամթերքից երեխաները նշում են խինկալի, նրբերշիկ, սուպ, թթվասեր, կոլա, որոնք ենթարկվել են մանրէաբանական ուսումնասիրության, եւ որեւէ բան չի հայտնաբերվել: Հոկտեմբերի 29-ին մեր հարցումներից, սակայն, պարզվեց, որ Ռիմուլիկի եւ Շաքեի կերած «Սերոբ եւ Սյուզի» ՍՊԸ-ի (հասցեն` ք. Երեւան, Լից. - ԱԼ-001) արտադրած խինկալին մանրէաբանական ուսումնասիրության չի ենթարկվել: Մանրէաբանական շեղումներ չեն հայտնաբերվել նաեւ քաղաքի ջրում, այստեղ ապահովված է եղել մնացորդային քլորի պահանջվող քանակը: Հոկտեմբերի 27-ին
Ալավերդու տեղական հեռուստաընկերության եթերում Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտնեց, որ Ալավերդիում եւ Վանաձորում բռնկված համաճարակների միջեւ կապ չի տեսնում: Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն էլ Առողջապահության նախարարի կարծիքին հակառակ տեսակետ հայտնեց. «Ալավերդիում բոլոր հիվանդներին մեկ առ մեկ զննելով` մենք եկանք այն հետեւության, որ այստեղ լրիվ նույն հիվանդությունն է, ինչ որ մենք ունենք Վանաձորում: Սա աղիքային վարակիչ հիվանդություն է, որի բակտերիան միանշանակ վարակ է, վկայությունն էլ այն է, որ հակաբակտերիոզ բուժումից հետո հիվանդները լավանում են: Այն, որ հիվանդ երեխաների թիվն ավելի շատ է, քան մեծահասակներինը, նույնպես բնորոշ է աղիքային ինֆեկցիաներին»:
Պարոն Ասոյանն «անկեղծորեն» հայտնեց, որ Առողջապահության նախարարության կողմից հսկայական ուժեր են տրամադրվել հիվանդության հարուցիչը պարզելու համար: Միջոցառումներ են կատարվում եւ' ջրի, եւ' սննդամթերքի վրա հսկողություն սահմանելու համար: Սակայն առ այսօր Ալավերդու խանութներում կուտակված էժանագին եւ անորակ, ինչպես նաեւ ժամկետանց սննդամթերքի վիճակի մասին պրն Ասոյանը որեւէ տեղեկատվություն ալավերդցիներին չի հաղորդել:
«Ավելի քան վստահ եմ, որ ժամանակ է հարկավոր հիվանդության պատճառները հայտնաբերելու համար, վստահ եմ, որ օդը վարակված չէ, թունավորում չի սա, վստահ չեմ, որ ջրից չէ, սա աղիքային ինֆեկցիա է, որ ամենաշատը տարածվում է ջրով, որոշ դեպքերում` նաեւ սննդով»,- ասաց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը: Ալավերդու Առողջապահական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Սուրեն Լալայանը հայտնեց, որ դրսեւորված հիվանդության հարուցիչին այսօր առաջին անգամ է հանդիպում եւ դրա մասին կոնկրետացված փաստաթուղթ չունի, քանի որ հիվանդների մոտ նկատվել է հեմոկոլիտ, բարձր ջերմություն եւ նման կլինիկական որոշ ախտանիշներ, մտածել է, որ դա բակտերիոլոգիական հիվանդություն է` աղիքային ինֆեկցիա, ախտորոշումը նրա կողմից կատարվել է բուժական գործի միջոցով: Բուժումից էլ ենթադրվել է, որ դա բակտերիա է: Ս. Լալայանը նաեւ հայտնեց, որ բուժման ընթացքում օգտագործել է երեխաների համար անվնաս պենիցիլին խմբի պրեպարատներ: «Չեմ կարող ասել, թե բռնկման էպիդեմիկ կորը իջնում է: Կարող են անակնկալներ սպասվել»,- ասաց Ս. Լալայանը: Ջրի` որպես համաճարակի բռնկման աղբյուր լինելը միանշանակ հերքեցին «Ջրմուղ-կոյուղու» Ալավերդու տեղամասի պետ Արթուր Կոլոլյանը եւ շահագործման բաժնի պետ Սամվել Սոխակյանը` պատրաստակամություն հայտնելով քաղաքի ցանկացած ջրի ծորակից ջուր խմել: «Մեր ջուրը համապատասխանում է պետական ստանդարտներին»,- ասացին նրանք: Այսուհանդերձ, հոկտեմբերի 29-ին բռնկման էպիդեմիկ կորը բարձրանում էր: Ժամը 16-ի դրությամբ բաժանմունք էին ընդունվել եւս 8 հիվանդներ: «Այս պահի դրությամբ բաժանմունքում պառկած են 23 հիվանդներ, երկու հիվանդներ հոկտեմբերի 29-ի առավոտյան դուրս են գրվել»,- ասաց ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Սուրեն Լալայանը: Մեր այցելության պահին ինֆեկցիոն բաժանմունքում էր Առողջապահության նախարարության Պետական հիգենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը, որն էլ ասաց. «Վանաձորում աշխատել ենք ի սկզբանե, երբ որ դեպքերը արձանագրվել են, նաեւ առաջին օրը եղել ենք Ալավերդիում, երբ որ ահազանգ ենք ստացել, որ այստեղ եւս կան նմանատիպ դեպքեր:
Կատարել ենք համապատասխան համաճարակաբանական հետազոտություններ, ունենք դրանց արդյունքները, կատարել ենք նաեւ մանրէաբանական հետազոտություններ, նախնական ոչինչ չի անջատվել հիվանդներից վերցված հետազոտության արդյունքում, այսօր ինքներս նորից նմուշառում ենք կատարում, որպեսզի կարողանանք հետազոտությունները շարունակել Երեւան քաղաքում: Ինչ վերաբերում է Ալավերդիում այս վիճակին` տագնապ, որը որ ես դիտում եմ բնակչության շրջանում, ուզում եմ բնակչությանը հայտնել, որ խուճապի անհրաժեշտություն չկա, իրավիճակը վերահսկվում է, ուժեղացվել է հսկողությունը խմելու ջրի ցանցի վրա, իսկ Ալավերդու ինֆեկցիոն բաժանմունքի հիվանդների հետազոտությունը ցույց է տվել, որ չի նշվում կապ Վանաձորում բռնկված հիվանդությունների հետ:
Համենայնդեպս, հիվանդության արձանագրման պահով ետ ենք գնում, ոչ մի հիվանդ կապը չի նշում Վանաձոր քաղաքի հետ: Ինչ վերաբերում է Ալավերդու Սարահարթ թաղամասում արձանագրված հիվանդություններին, ուզում եմ ասել, որ այստեղ հոկտեմբերի 22-ին մի վթար է արձանագրվել եւ' կոյուղու ցանցում, եւ' ջրագծերի ցանցում, եւ այսօր հիվանդների արձանագրումը Սարահարթ թաղամասում կապված է դրա հետ, պատճառը այսօր մենք դա ենք դիտում: Աղտաբանական նմանություն Վանաձորի հետ կարող են ունենալ, սակայն նրանց հետ չեն շփվել եւ նույն հիվանդությունը չեն կարող ունենալ: Սա լոկալ տեղային բնույթի բռնկում է, համաճարակ չէ»,- համոզված ասում է Լիլիթ Թորոսյանը: Ալավերդու Առողջապահական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Սուրեն Լալայանը չհամաձայնեց այդ տեսակետի հետ. « Սա լոկալ բնույթի տեղային բռնկում չի»,- համոզված է Ս. Լալայանը:
http://www.hetq.am/arm/society/8500/
четверг, 30 октября 2008 г.
Ալավերդիում ավելանում է հիվանդների թիվը, իսկ մասնագետները չեն կարողանում գտնել համաճարակի աղբյուրը
Автор: bnamard на 10:11
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий