четверг, 9 октября 2008 г.

Lena Nazaryan /Hetq.am/ecology/

Անցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն:

Այն շուտով կավարտվի: Այդ տարածքում որեւէ շինություն կառուցել հնարավոր չէր լինի, եթե այն կոչվեր արգելոց, այլ ոչ թե արգելավայր: Բայց այդ խանգարող հանգամանքը կառավարությունում շատ հեշտ լուծվեց 2007 թ. ընդունված երեք որոշումներով:

Սկզբում եղավ կառավարության որոշումը, որով արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» արգելավայր (2007թ. մայիս), հետո կառավարությունը հաստատեց արգելավայրի պահպանության կանոնադրությունը (2007թ. օգոստոս), որով թույլատրվում է «զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումըգ», իսկ երրորդ որոշմամբ (2007թ. հոկտեմբեր) «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ եղավ լրացում, որով «Գիլան» պետական արգելավայրի հողամասերը կարող են կառուցապատման իրավունքով տրամադրվել վարձակալության:
«Գիլան» արգելավայրի տարածքի վարձակալության եւ կառուցապատման իրավունքը տրվեց «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որը գրանցվել է 2007 թ. սեպտեմբերին: Ընկերության հիմնադիրները Կամո Խաչատրյանն ու Միխայիլ Բեզրուկովն են: 49-ամյա Կամո Խաչատրյանը ծնունդով Արարատի մարզի Ոստան գյուղից է: Հիմա բնակվում է Մոսկվայում:


Ոստան գյուղի բնակիչները, արգելավայրում հյուրանոցի շինարարները, արգելավայրի անտառապետը նրան մեծահարուստ էին անվանում, թեպետ տեղյակ չէին, թե ինչ «բիզնեսով» է նա զբաղված: Մեր զրուցակիցներն ասում էին նաեւ, որ նա կապեր ունի Ռուսաստանի կառավարական շրջանակների հետ: Իսկ նրա կապը Հայաստանի կառավարության պաշտոնյաների հետ բավականին սերտ է. Կամո Խաչատրյանի որդու քավորը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն է:

Ի դեպ, վերոնշյալ որոշումների տակ կա նաեւ նրա ստորագրությունը` որպես ՀՀ փոխվարչապետ: Արգելոցի տարածքում արգելավայր ստեղծելու նպատակահարմարությունը, բնականաբար, չէր կարող հիմնավորվել Կամո Խաչատրյանի եւ Հովիկ Աբրահամյանի բարեկամական կամ գործնական կապերով:

Դրա համար պետք էր այլ հիմնավորում, որը եւ գտնվել է. «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կա մի խնդիր, որը ոչ մի կերպ չի լուծվում: Այնտեղ ապրում են մարդիկ: Նրանց` այնտեղ գտնվելն անօրինական է, քանի որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքն արգելում է բնակություն կամ որեւէ գյուղատնտեսական գործունեություն արգելոցում:

Այն տարածքը, որտեղ ապրում են նրանք (մոտ 25 բազմազավակ ընտանիք), կոչվում է Գիլանլար: Այնտեղ չկա էլեկտրաէներգիա, խմելու ջուր, գազ, ճանապարհներ, գյուղապետարան, դպրոց: «Գիլանլարի խնդիրն» էլ դարձել է վերոնշյալ որոշումների ընդունման եւ հիմնավորման առանցքը:
Այսինքն` «Քանի որ արգելոցում չի կարելի բնակվել, իսկ գործնականում հնարավոր չէ այդ մարդկանց հեռացնել այդտեղից, մենք որոշեցինք արգելոցի կարգավիճակը փոխել արգելավայրի, որի պահպանման ռեժիմն այդքան խիստ չէ»,- բացատրում է ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:
Այս բացատրությունը գուցե տրամաբանական լիներ, եթե «Գիլան» անունով արգելավայրը ստեղծվեր Գիլանլար բնակատեղիում: Մինչդեռ այն ստեղծվել է հարեւան անմարդաբնակ Բայբուրդ տեղամասում, որի ազգությամբ թուրք բնակիչները այդ գյուղը լքել են 1990-ական թթ.:

Բայբուրդը դատարկ է, եւ այնտեղ արգելավայր ստեղծելու ոչ մի պատճառ չկար, կար միայն հյուրանոց կառուցելու նպատակ: Արդյունքում` արգելավայր ստեղծվել է մի տարածքում, որտեղ դրա կարիքը չկար, իսկ խնդիրը, որի լուծման համար ընդունվել են կառավարական երեք որոշումները, չի լուծվել եւ ընդհանրապես կապ էլ չուներ լուծման փորձի հետ:

Գիլանլարի բնակիչները արգելոցի տարածքում հայտնվեցին այն ժամանակ, երբ 1985 թ. ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի որոշմամբ Եղեգնավան, Բայբուրդ, Շիրազլու, Շիդլու, Փոքր Վեդի, Ուրցաձոր, Գիլանլար եւ այլ գյուղերի հողատարածքները հանձնվեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոցին` պահպանվող տարածքն ընդլայնելու համար:


Իսկ այդ տարածքներում ապրող բնակիչները պետք է տեղափոխվեին` ստանալով փոխհատուցում եւ հողամասեր: «Նրանք փոխհատուցում ստացել են, բայց, միեւնույն է, դուրս չեն գալիս, ասում են, որ հարազատներ ունեն այդ տարածքում թաղված եւ չեն կարող լքել իրենց տները»,- հավաստիացնում է պրն Աղասյանը: Գիլանլարի բնակիչները պնդում են հակառակը. «Ի՞նչ փոխհատուցում:

Մեզ տվեցին հողամաս եւ տոկոսով վարկ` ուրիշ տեղ տուն կառուցելու համար: Մենք վարկը վերցրեցինք եւ տոկոսով վերադարձրեցինք պետությանը, դա փոխհատուցո՞ւմ է կոչվում: Մենք այստեղ ունենք գույք, այգիներ:

Մեզ մեր գույքի համար դրամական փոխհատուցում պետք է տրվեր, բայց չի տրվել: Չէ՞ որ տարիներով աշխատել ենք, տուն ենք կառուցել, այգի ենք տնկել, ո՞ւմ եւ ինչո՞ւ թողնենք, գնանք: Վերաբնակեցման ժամանակ ուրիշ գյուղերի բնակիչներին գույքի համար փոխհատուցում տրվել է, բայց մեզ` ոչ»,- ասում է գյուղի բնակիչ Մելիքսեթ Մխիթարյանը:

Այս բնակիչների վիճակը հիմա ավելի է բարդացել. նրանց ամեն կերպ արգելում են արգելոցի ճանապարհով հասնել Գիլանլար, իսկ ուրիշ ճանապարհ չկա: Բնակիչները նամակներ են գրում կառավարություն` խնդրելով սեփականաշնորհել կամ փոխհատուցել իրենց տների արժեքը, բնապահպանության նախարարությունը փորձում է տարբեր միջոցներով բնության հատուկ պահպանվող տարածքում պահել Գիլանլարի տեղամասը, իսկ կառավարությունում ուրիշ հարցեր են լուծվում:

Комментариев нет: