[ 15 Նոյեմբերի 2008 18:22 ] տնտեսություն Լարիսա Փարեմուզյան
Նոյեմբերի 15-ին, առավոտյան ժամը 10-ին Ալավերդու «ԷյՍիՓի» (Արմենիան Քափըր Փրոգրամ) ընկերության հանքերի եւ ֆաբրիկայի բանվորները հավաքվել էին ընկերության վարչական շենքի հարեւանությամբ գտնվող Հայրենական Մեծ պատերազմում զոհված ալավերդցիների հուշարձան -աղբյուրի մոտ: Շուրջ երկու ժամ ընկերության վարչական շենքից հավաքվածների նկատմամբ որեւէ ուշադրություն չդրսեւորվեց: Այդ ժամանակահատվածում հեռվից բանվորների գործողություններին հետեւում էր Թումանյանի ոստիկանապետի տեղակալ Աշոտ Տիտանյանը: Վերջինս նկատելով, որ բանվորներն իրենց աշխատատեղի խաղաղ պահանջատեր են, հեռացավ:
Բանվորների գործողություններին աննկատ հետեւում էին նաեւ ԱԱԾ-ի Ալավերդու բաժանմունքի աշխատակիցները: Իսկ գործազրկության եզրին կանգնած ալավերդցի հանքափորները վրդովված էին: Նրանցից շատերը բարձրաձայն բողոքում էին. «Էդ ինչպես էր, որ մեկ տարի առաջ, երբ պղնձի գինը միջազգային շուկայում 7-8 հազար դոլար էր, պրն Մեջլումյանը չմտածեց մեր աշխատավարձը բարձրացնելու մասին, եթե այն ժամանակ դա չի արել, որ իրավունքով է պղնձի գների անկման դեպքում մեզ կրճատում աշխատանքից»:
Թե ինչու բանվորները այդ ժամանակ չեն պահանջել աշխատավարձի բարձրացում, նրանք բացատրեցին. «Չէինք կարող պահանջել, քանի որ ընկերությունում իր իրավունքների մասին խոսողին պատասխանում են` դժգոհ ես, գնա ձեր տուն, և ազատում են աշխատանքից»: Այդուհանդերձ, զայրացած աշխատողները տարիներով կուտակված իրենց զայրույթն էին թափում ընկերության ղեկավարության հասցեին. «Դրանց թանկարժեք ավտոմեքենաների մեկ անվադողը 90 հազար դրամ արժե, դրանով մեկ ամսում հանքում երկու բանվոր կարելի է պահել, ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանի մեկ տարվա աշխատավարձով էլ հանքի ամբողջ բանվորներին կարելի է աշխատացնել»,- ամեն գնով իրենց աշխատատեղը չկորցնելու համար հաշվարկներ էին անում հանքափորները:
«ԷյՍիՓի» ընկերության 350-ից ավելի աշխատողների աշխատանքից կրճատվելու բողոքի երկօրյա այս ակցիային դեռեւս չէր մասնակցել ընկերության Արհմիության նախագահ Հովսեփ Մնացականյանը: Վերջինս, այսօր ժամը 12-ի սահմաններում ներկայացավ բանվորներին: Պարոն Մնացականյանը չէր ուզում շփվել լրագրողների հետ, նրանց խնդրեց հեռու մնալ իրենից եւ չձայնագրել բանվորների հետ իր զրույցը: Արհմիության նախագահը բանվորների շահերի պաշտպանության որեւէ ծրագրով չէր ներկայացել:
Հավաքվածներին նա ասաց. «Ես տեղեկություն ունեմ, որ Ագարակում 300 բանվորներ պարապուրդի մեջ են, լավ եք անում…»,- դեռ խոսքը չավարտած` բանվորներից մեկը նրան ընդհատեց. «Ոչ թե լավ եք անում, այլ լավ ենք անում, դու մեր կողքին ես, թե չէ»: Արհմիության զգուշավոր նախագահին այլ բան չէր մնում, բացի համաձայնելը: Բանվորները նրա ներկայությամբ հայտարարեցին. «Սա դեռ գործադուլ չէ, գործարանատերը մեր պատճառով վնաս չի կրում, հանքում տեխնիկան պահեստավորված է, մենք էլ անելիք չունենք, բայց եթե հարցը չլուծվեց` կդառնա գործադուլ»:
Հովսեփ Մնացականյանը աշխատողներին տեղեկացրեց, որ ընկերության տարածքային տնօրենը խոսել է Մոսկվայում գտնվող ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանի հետ, որը երկուշաբթի կվերադառնա Մոսկվայից, իսկ երեքշաբթի Ալավերդիում կհանդիպի բանվորների հետ: Հավաքվածներից ոմանք չհավատացին: «Չի գա` կենտրոնական ճամփեքին կնստենք ու կփակենք»,- հայտարարեցին բանվորները:
«Մենք դեպուտատ ունենք, Կարեն Սարիբեկյանի համարը ով կունենա»,- հարցրեց բանվորներից մեկը: Հարցը մնաց անարձագանք: Շուտով բանվորներին այցելեց Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը ու ասաց. «Վալերի Մեջլումյանը էսօր գալու ա հանրապետություն, այսինքն` Երեւան ա գալու: Արզումանյանի հետ էլ եմ խոսել, Մեջլումյանը դեռ չի հասել, ամսի 17-ին կամ 18-ին ես էլ ձեր հետ միասին, պրն Մեջլումյանի եւ Արզումանյանի, կարող է Մկրտումյանն էլ լինի, կարող ենք Ձեզ հետ հանդիպել, բայց առայժմ անորոշ է, որ ես կարողանամ մի բանի մասին Ձեզ հետ խոսել»:
Քաղաքապետը նաեւ հայտնեց. «Տարածքային նախարարին հանդիպել ենք, վարչապետին հանդիպել ենք, կառույցներ չենք թողել էս առումով: Մեր նպատակը նա է, նաեւ ձերն էլ, որ Սյունիքի տարբերակը գոնե առայժմ էստեղ աշխատի, մենք էլ ենք դա ուզում: Դե հիմա կարող է հունվարից հետո միջազգային շուկայում գները բարձրանան, էլի նույն ձեւով իրա հունով գնա, դե, իհարկե, սեփականատիրոջ անունից առայժմ ես չեմ կարող բան խոստանալ, էն, ինչ որ քաղաքապետարանը որոշել է ձեզ հետ միասին Սյունիքի տարբերակին հասնելու համար, դա անելու ենք, մենք մեր խնդիրները կբարձրացնենք, սեփականատերը կասի` ինչ տարբերակով է անում: Ընկերությունում դրսից էլ ահագին աշխատողներ ունենք, որոնք մեր համայնքից չեն, միգուցե առաջին կրճատումները նրանց վերաբերի, ով գիտի: Ասելիքս էն ա, որ հիմա մենք անիմաստ հավաքվեցինք, էսօր որեւէ մեկը չի գալու: Ես ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ էսօր ղեկավարներից մարդ չի գալու»:
Արթուր Նալբանդյանը խոստացավ, որ նոյեմբերի 17-ին կամ 18-ին կկազմակերպի «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության սեփականատիրոջ եւ կրճատվող աշխատողների հանդիպումը, որի մասին հավաքվածներին կհայտնի լրացուցիչ: Այդ ակնկալիքով էլ բանվորները ցրվեցին:
Комментариев нет:
Отправить комментарий