четверг, 27 ноября 2008 г.

ՔԱՋԱՐԱՆ, ԿԱՊԱՆ ... ՆՈՒՅՆԻՍԿ ՈՐԴԸ ԿՍԱՏԿԻ

Մասնագետներն ահազանգում են` Քաջարանում և Կապանում էկոլոգիական, մեղմ ասած, անմխիթար վիճակ է:

ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների» կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանն այսօր կայացած էկոլոգիական քննարկման ժամանակ, խոսելով Քաջարանի էկոլոգիական վիճակի մասին, նշեց, որ փոշու մեջ հայտաբերել են հիպերտոքսիկանտներ:

Մասնագետները դրանց աղբյուրը գտել են պոչամբարներում:

Դրանք, ի դեպ, ժամանակին եղել են քաղաքի տարածքում, այնուհետև հարթեցրել ու բնակելի են դարձրել:

Մասնագետներն այդտեղ հայտնաբերել են սնդիկ և կադմիում, որոնք ծանր մետաղներից ամենավտանգավորներն են համարվում:

«Դրանից հետո պարզեցինք, որ պոչամբարները ներքաշվել են գյուղատնտեսական գործունեության մեջ: Այնտեղ աճեցվող գյուղմթերքներում, մասնավորապես կարտոֆիլում, լոբիում ու կանաչեղենում, հայտնաբերվել են սնդիկի մնացորդներ:

Բացի այդ, պոչամբարների զգալի մասն օգտագործվում է, որպես արոտավայր»,-ասաց Ա. Սաղաթելյանը:

Ուսումնասիրության ենթարկելով քաղաքի տարբեր պոչամբարներում արածող կովերի կաթի բաղադրությունը, մասնագետները պարզել են, որ այնտեղ առկա է սնդիկի, կադմիումի, մկնդեղի, իսկ հիմնական մայրուղուն հարակից տարածքներում արածող կովերի կաթում՝ նաև կապարի մնացորդներ:

Հետազոտվել է նաև Քաջարանի 12 և հարակից Լեռնաձոր գյուղի 5 երեխայի առողջական վիճակը:
«Քաջարանի երեխաների 70%-ի մոտ մազերում մկնդեղի գերխտություն կա, բոլորի մոտ կա կադմիումի, նիկելի, պղնձի գերազանցություններ, իսկ 4 երեխայի մոտ սնդիկի գերխտություն է հայտնաբերվել:

Քաջարանի քաղաքապետարանն իր միջոցներով այդ երեխաներին բուժզննման է ուղարկել ու պարզվել է, որ նրանց մոտ լուրջ առողջական խնդիրներ կան»,-ասաց Ա. Սաղաթելյանն ու ավելացրեց, որ այդ քաղաքում կարելի է անզեն աչքով նկատել անեմիա հիվանդությունը:

Խոսելով Կապանի մասին, Ա. Սաղաթելյանը նշեց, որ քաղաքին շատ մոտ է գտնվում Արծվանիկի պոչամբարը, որտեղ Քաջարանից բերվում են թափոնները:

Աղտոտման գումարային քարտեզը նայելիս, ըստ մասնագետի, տեսնում ենք, որ դրությունը համեմատաբար մեղմ է՝ նկատվում է ցածր ու միջին մակարդակի աղտոտւմ: Ուշագրավ է արսենի ճնշումը քաղաքի վրա: Բացի այդ քաղաքում առկա է մկնդեղի գերճնշում:

Հետևելով Քաջարանի փորձին, մասնագետները հետազոտել են գյուղմթերքն ու բնակչության առողջական վիճակը: Ա. Սաղաթելյանը նշեց, որ Կապանի բնակիչները շատ են գովում տարածքում աճող լոբին, թե այն որդոտ չէ: Բայց մասնագետի պնդմամբ, կապարի, նիկելի ու քրոմի այդպիսի աղտոտման պատճառով գյուղմթերքներում նույնիսկ որդը չի կարող ապրել:

Առավել վատ վիճակ մասնագետները գրանցել են Սյունիքի գյուղական համայնքում, որտեղ «որևէ մաքուր սննդամթերք չի աճում, յուրաքանչյուրում առկա են տարբեր մետաղների գերնորմատիվային ցուցանիշներ»:
Աղբյուր` Panorama.am






Комментариев нет: