вторник, 11 ноября 2008 г.

Սյունիքի մարզ է վերադարձել ուրանի ուրվականը

Լեռնաձոր գյուղի բնակիչները, իմանալով, որ շուտով իրենց գյուղում նորից ուրան են փնտրելու, խուճապի են մատնվել` վերհիշելով, թե ինչպես մոտ 40 տարի առաջ գյուղ եկան ռուս երկրաբաններ եւ իրենց բնակավայրի մոտակայքում հայտնաբերեցին ուրանի հանք:

Ի՞նչ պատահեց հետո, եւ ինչո՞ւ 70-ական թթ. դադարեցվեցին ուրանի որոնումները, գյուղի բնակիչների եւ նույնիսկ Խորհրդային Հայաստանի ղեկավարների համար մնաց գաղտնիք: Հանքի մասին բոլոր տեղեկությունները փակվեցին Մոսկվայի արխիվներում:

Երբ այս տարվա փետրվարին ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի գործակալության միջեւ ստորագրվեց հուշագիր Հայաստանում ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության մասին, Լեռնաձորում հառնեցին ուրանի հանքի հետ կապված ու արդեն մոռացված պատմությունները:

75-ամյա լեռնաձորցի Ալեքսեյ Հակոբյանը հիշում է այն տարին, երբ գյուղ եկան ռուս երկրաբանները: Նրա հիշողությունները շատ լավ են արտացոլում այն տարիների գաղտնիության մթնոլորտը:

«Մենք բան չիմացանք: Հիշում եմ, որ երբ ռուսները բացեցին հանքը, նրանցից մեկ կամ մի քանի հոգի մահացավ: Դրանից հետո հանքի փոսի մեջ մի գիշերում բետոն լցրեցին, մահացածներին տարան Մոսկվա, ու ամեն ինչ վերջացավ»,- պատմում է նա:

Այս պատմության բազմաթիվ պատումներն էլ սարսափ են ներշնչում բնակիչներին այն ամենի հետ կապված, ինչ վերաբերում է ուրանին: Իհարկե, ոչ մեկը ստույգ չգիտի, թե ի՞նչ էր իրականում պատահել, եւ ինչի՞ց են մարդիկ մահացել:

Սյունիքում ուրանի հանքի պատմության մեջ լույս սփռեց «Ռոսատոմ» գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն: Հուշագրի ստորագրման ժամանակ նա հայտարարեց, որ 70-ական թթ. մոսկովյան արշավախումբը հայտնաբերել էր մոտ 30.000 տոննա ուրան: Այդ ծավալի պաշարը համարվում է միջին մեծության հանք:

Մի քանի ամիս անց` ապրլին, ՀՀ բնապահպանության նախարարության եւ Ռուսաստանի «Ատոմռեդմեդզոլոտո» ԲԲԸ-ի միջեւ կնքվեց պայմանագիր Հայաստանում ուրանի հանքավայրերի ուսումնասիրության եւ շահագործման աշխատանքների կատարման համար համատեղ ձեռնարկություն հիմնելու մասին:

Այդ ժամանակ էլ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարել էր, որ հետախուզական աշխատանքները կսկսվեն այս տարվա սեպտեմբերին, սակայն մինչեւ հիմա տեղանքի հետազոտում Լեռնաձորում չի սկսվել:

Լեռնաձորի համայնքապետ Ստեփան Պետրոսյանի տունը գտնվում է ուրանի հանքից մի քանի մետր հեռավորության վրա: Նա նոր տուն է կառուցում եւ, ամեն անգամ ԶԼՄ- ներով լսելով իր համայնքի հետ կապված միջկառավարական պայմանագրերի ու հուշագրերի ստորագրման մասին, մեղմ ասած, շփոթության մեջ է հայտնվում:

«Պաշտոնապես ինձ ոչինչ չեն հայտնել, մինչդեռ ուսումնասիրման տեղանքը ներառում է Լեռնաձոր, Փուխրուտ եւ Կաթնառատ գյուղերը, որոնց հողերը պատկանում են Լեռնաձոր համայնքին: Մինչեւ հիմա ոչ մի հետազոտող չի եկել եւ չի ուսումնասիրել»,- ասում է համայնքապետը:

Գյուղի բնակիչներն ու բնապահպանները դեմ են ուրանի հանքի շահագործմանը: Առաջինները վախենում են ուրանից` ցանկացած վիճակում, երկրորդները դեմ են առհասարակ եւս մեկ հանքի բացմանը մի մարզում, որտեղ արդեն իսկ գտնվում են Հայաստանի հանքարդյունաբերության ամենախոշոր օջախները (Քաջարան, Կապան, Ագարակ) ու ամենամեծ պոչամբարները (Արծվանիկ, Ողջի, Դարազամի, Գեղանուշ):

Ուրանի ծրագրի նախաձեռնողները հանքի շահագործման նպատակահարմարությունը պայմանավորում են տնտեսական շահերով: 2006 թ. միջազգային շուկայում 1 կգ ուրանն արժեր 36 ԱՄՆ դոլար, այս տարվա հունվարի տվյալներով՝ այն բարձրացել է մինչեւ 86 ԱՄՆ դոլար 1 կգ-ի համար:

Միջազգային շուկայում գների աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհում փոխվում են ատոմային էներգիայի վերաբերյալ մոտեցումները: Նույնիսկ էներգակիրներով հարուստ Իրանն ու Միացյալ Արաբական Էմիրությունները զարգացնում են ատոմային էներգիա ստանալու ծրագրերը: Ատոմային կայան կառուցելու մտադրություն է հայտնել նաեւ Ադրբեջանը, որն արդեն իսկ մտածում է էներգիայի ապահովման մասին, երբ երկրում կպակասեն գազի ու նավթի պաշարները: Հայաստանի ատոմակայանը կաշխատի մինչեւ 2016 թ., իսկ նորն ավելի շատ ռեսուրսներ կպահանջի, որպեսզի կարողանա ապահովել Հայաստանում էներգիայի մեծացող պահանջարկը (2025 թ. Հայաստանում էներգիայի պահանջարկը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տվյալներով, կկազմի մոտ 10 մլրդ կվտ մեկ ժամում):

Ուրանի ծրագրի ռուսական եւ հայկական կողմերը պնդում են, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման դեպքում էկոլոգիական վնասը նվազագույն է:

Ըստ մասնագետների կանխատեսումներիգ՝ուրանի պաշարները Հայաստանում տատանվում են 10-60 հազար տոննայի սահմաններում:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանն ուրանի թաքնված հանքավայրերի որոնման եւ կիրառման երկու հայտնագործությունների հեղինակ է: Նա ասում է, որ ուրանը հետազոտության փուլում վտանգավոր չէ, այն սկսում է ճառագայթել միայն հարստացումից հետո:

Իսկ պաշտոնական աղբյուրները բազմիցս հայտարարել են, որ ուրանի հարստացում Հայաստանում չի կատարվի. հայկական կողմն արդեն պատրաստակամություն է հայտնել արդյունահանված ուրանը հարստացնել Ղազախստանի եւ Ռուսաստանի կողմից Անգարսկում 2007թ. հիմնադրված ատոմային կենտրոնում:

http://hetq.am/arm/ecology/8530/

Комментариев нет: