четверг, 27 ноября 2008 г.

Տնտեսական ճգնաժամի հետևանքները ըստ Էկոնոմիկայի նախարարության

Այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբում Էկոնոմիկայի նախարարության ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Հայկ Միրզոյանը լրագրողներին ներկայացրեց արդյունաբերության վրա գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցության վերաբերյալ կատարված մոնիտորինգի տվյալները:

Համաձայն վերջին տասը ամսվա կտրվածքով իրականացված մոնիտորինգի արդյունքների` արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի ծավալները նվազել են` կազմելով 91.6%, իրացման ծավալները կազմել են 96.8 %, իսկ արտահանման ծավալը` 93.5 %: Հոկտեմբեր ամսվա կտրվածքով տեղի է ունեցել 1.4 %-ի ընդհանուր աճ:


Տնտեսական ճգնաժամի ամենալուրջ ազդեցությունը Հայաստանում նկատելի է հանքարդյունաբերության ոլորտում, որը կապված է համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների կտրուկ անկման հետ: Այսպես` պղնձի 1 տոննայի գինը 8100 ամերիկյան դոլարից իջել է մինչև 3600 դոլար, ցինկի գինը` 2800-ից մինչև 1100 դոլար, իսկ մոլիբդենի գինն իջել է մինչև 24000 դոլար:
Ըստ մոնիտորինգի տվյալների` այսօր ակնագործության ճյուղում վերելք է նկատվում:


Սակայն Հայկ Միրզոյանը կարծում է, որ դեռ վաղ է ակնագործության ճյուղում արձանագրված աճը կայուն համարել. «Այդ շուկայում էլ է գների անկում տեղի ունեցել, իսկ այս երկու ամսվա զարգացումները պայմանավորված են մի քանի ընկերությունների` «Լորի», «Դայմոնդ Տեյք», «ՆԼՏ»-ի ունեցած պատվերների հետ»: Հոկտեմբերին այս ոլորտում արտադրության ծավալները կազմել են 112.2 %, իսկ աճը`155%:
Քիմիական բնագավառում նույնպես անկման միտուներ կան, որը կապված է Նաիրիտի արտադրանքի նկատմամբ պահանջարկի նվազման հետ: Մեքենաշինության ոլորտում աճ կա` սարքաշինության ոլորտում 112.1 և էլեկրատեխնիկական բնագավառում 101.8%-ով: Այդ աճն ապահովել են «Պրոլեկտր» էլեկտրասարքերի և էլէկտրաապարատների գործարանների արտադրության ծավալների ավելացումը:


Ինչ վերաբերում է թեթև արդյունաբերության ճյուղին, ապա, ըստ Հայկ Միրզոյանի, այստեղ անկում նկատվել էր դեռևս ճգնաժամից առաջ. «Դա կապված է նրա հետ, որ մեր թեթև արդյունաբերության ձեռնարկությունները հիմնականում աշխատում են պատվիրատուի հումքով»:
Նշենք, որ, ըստ մոնիտորինգի տվյալների, Հայաստանում այս տարի ապրանքային արտադրանքի ծավալը կազմել է 244 մլրդ, իրացումը` 238 մլրդ, արտահանումը` 148 մլրդ դրամ:

աղբյուրը ՀԵՏՔ



Комментариев нет: