Ծառ տնկող Աղվան Հովսեփյանն ու ծառ կտրող Հիբրիդը
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել Դսեղի անտառներում իրականացվող մեր հետաքննության արդյունքները. ինչպես նշել էինք, §ՉԻ¦-ի երեկվա համարում, մարտի 11-ին մենք դարձյալ Լոռիում էինք. այստեղ էին նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի աշխատակազմի չորս աշխատակիցները: Երեկ ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ապօրինի ծառահատումների հետ կապված իրենք դիմումներ են հղել ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատախազությանը, ՀՀ բնապահպանության նախարարությանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, ինչպես նաեւ պատրաստվում են դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:
Օմբուդսմենի` Կրթության նախարարությանը ուղղված դիմումը բացատրվում է նրանով, որ թե մեր, թե ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչների ֆոտոխցիկները ֆիքսեցին այն, որ Ահնիձոր համայնքի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցի մարզադահլիճը ոչ թե ծառայում է իր բուն նպատակին, այլ հանցագործներն այն վաղուց վերածել են սղոցարանի: Մեկ անգամ եւս ընդգծենք, որ դպրոցի մարզադահլիճում տեղադրված սղոցարանը աշխատեցնում է տեղի բնակիչ Արմեն Մաթեւոսյանը` Հիբրիդը, որը Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի եղբորորդու` Արսեն Բազեյանի ընկերն է: Նրանք երկուսով են տնօրինում սղոցարանը: Ավելացնենք նաեւ, որ Արմեն Մաթեւոսյան Հիբրիդը բոլորի մոտ գլուխ է գովում, թե ինքն ինչքան ուզի` այնքան էլ անտառը կտրելու է, որովհետեւ իր հետեւում լուրջ մարդիկ են կանգնած ու հենց նրանք են իրեն լիազորել անտառը կտրել: Հիբրիդը օրնիբուն շահարկում է Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունները` հայտարարելով, թե իր մեջքը հենց այս մարդիկ են ամուր պահում: Եվ իսկապես, չի բացառվում, որ ծառ տնկելու սիրահար եւ բնության խելագար Աղվան Գառնիկիչը եւս կոնկրետ փայ ունենա այս անտառահատումներից, այլապես դատախազությունը միջոցներ կձեռնարկեր, որ գոնե մի քանի քրեական գործեր հարուցվեին եւ մի քանիսը պատժվեին: Դատախազության համառ լռությունը հեռուն գնացող ենթադրությունների տեղիք է տալիս. վստահաբար` Հիբրիդը չէր կարող շահարկել Աղվան Գառնիկիչի անունը ու մի ողջ դպրոցի մարզադահլիճ սղոցարան դարձնել, եթե դատախազն առնչություն չունենար այս հանցավոր խմբավորումների հետ:
Անտառի հաշվին Արմենչոն` անասնապահությամբ է զբաղվում,իսկ Գարիկ Պարանյանը նախապատվությունը տալիս է անշարժ գույքին
Մեկ անգամ եւս ընդգծենք, որ Դսեղում Ահնիձորի Հիբրիդի սղոցարանից բացի, արդեն տեւական ժամանակ է ակտիվորեն գործում են այլ սղոցարաններ եւս: Աթանի սղոցարանը պատկանում է համանուն անտառապետության ղեկավար Գարիկ Պարանյանին« Լորուտի սղոցարանը` Դսեղի անտառտնտեսության արդեն նախկին պետ Արմեն Այդինյանին, Դսեղի սղոցարանը` համանուն անտառտնտեսության պետի տեղակալ Մարտուն Ավետիքյանին` Կոդոյին:
Ի դեպ` Դսեղի արդեն նախկին անտառապետ Արմեն Այդինյանը այս օրերին ակտիվորեն լուրեր է տարածում, թե իբր ինքը պատրաստվում է ծախել իր ավտոմեքենաները, այդ թվում եւ այն բեռնատարները, որոնցով տարիներ շարունակ շինափայտ է կրել. վերջինս պատերի տակ նվնվում է, թե սղոցարանը` հագեցած թանկարժեք սղոցներով եւ այլ տեխնիկայով, եւս վաճառելու է: Նկատենք, որ Արմենչոն իր պաշտոնավարման տարիներին ոչ միայն ինտենսիվ լափել է անտառը, այլ հասցրել է Դսեղի անտառտնտեսությանը հատկացված բյուջեի հաշվին անասնապահական ֆերմաներ հետ գցել ու հիմա էլ զարկ է տվել անասնաբուծությանը: Արմենչոյից հետ չի մնում նաեւ Գարիկ Պարանյանը, որի բեռնատար ավտոմեքենաների թիվը հասնում է մեկ տասնյակի: Ասում են, որ նա շինափայտի վաճառքից ստացած գերշահույթները ոչ թե անասնապահության մեջ է ներդրել, այլ նախապատվությունը տվել է անշարժ գույքին, տներ է գնել Կիրովականում եւ նույնիսկ, խոսակցություններ կան` Երեւանում:
Լոռու մարզպետի բարկությունը նրան տարավ Ահնիձոր, իսկ գյուղապետի անգրագիտությունը` Երեւան
Այս անգամ հետաքննության շրջանակներում եղանք Դսեղի Ղլորկուտ, Տանձուտ եւ Աթանիղաշ հանդամասերում, որտեղ դարձյալ ականատես եղանք զանգվածային անտառահատումների: Եթե Ահնիձոր տանող ճանապարհի երկայնքով` Մարց գետակի ափին, հատված նոր ծառերը կնիքված էին (մեր երեկվա համարում մանրամասն գրել էինք, թե ում համար էր նախապատրաստվել այս կապիկությունը` դե իհարկե, մոնիտորինգ իրականացնող §զբոսաշրջիկ¦ խմբերի համար), ապա այս հանդամասերում այսպես էլ չգտնվեց մեկ կոճղ, որի վրա դրված կլիներ կնիք: Թալան իրականացնող հանցագործների ձեռագիրը այս հանդամասերում նույնն էր. կոճղերից երեւում էր, որ սղոցի եւ կացնի հարվածները բաժին էին հասել միայն առողջ ծառերին, որոնցից մնացել էին միայն տեղ-տեղ կուտակված ճյուղերը: ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները եւս լուսանկարահանեցին զանգվածային ծառահատումների պատկերները: Բարձրացանք նաեւ Գյուղատեղ Թալա հանդամասը. գյուղացիների պնդմամբ` այս հատվածում մի ամբողջ թեղուտ (թեղիների պուրակ) է ոչնչացված. ավաղ ժամանակի սղության պատճառով (մութն արդեն վրա էր հասնում), մենք դադարեցրեցինք §որոնողական¦ աշխատանքներն` հաջորդ անգամ այն շարունակելու պլանավորմամբ:
Դեպքերը հետաքրքիր զարգացում ստացան արդեն երեկոյան: Բանն այն է, որ երբ օմբուդսմենի ներկայացուցիչները այցելեցին Ահնիձորի գյուղապետարան, որպեսզի գյուղապետ Մերուժան Ղազարյանը պաշտոնապես ստորագրի իրենց գործուղման փաստաթղթերի տակ, վերջինս հրաժարվեց կնքել այդ թերթիկները: Մինչ նրանք կգնային գյուղապետարան, հեռախոսազրույցի ժամանակ գյուղապետն ասաց, թե խնդիր չկա, եկեք` կստորագրեմ: Սակայն գործուղման թերթիկի վրա կարդալով §ապօրինի ծառահատումներ¦ բառակապակցությունը« գյուղապետ Մերուժը վախից դողալով սկսել է բարձրաձայն արդարանալ, թե ինքը միշտ էլ դեմ է եղել ապօրինի ծառահատումներին, բայց իրեն ոչ ոք բանի տեղ չի դրել: Տղաները փորձել են բացատրել` ասելով, որ թերթիկի վրա գրվածը որեւէ կապ չունի գյուղապետի հետ, եւ նրա պարտականությունների մեջ է մտնում դրանք կնքելը: Գյուղապետը, սակայն, այդպես էլ չի համաձայնել: Շուտով ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այս ամենի մասին տեղյակ պահեցին ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանին, ով իր հերթին կապվեց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հետ: Դրանից անմիջապես հետո մարզպետը փորձել էր զանգահարել անգրագետ գյուղապետին, սակայն վախի ծանր ազդեցության տակ նա անջատել էր բջջային հեռախոսն ու անցել խոր ընդհատակ: Գյուղապետ Մերուժին հայտնաբերելու բոլոր փորձերը սպառելուց հետո մարզպետ Արամ Քոչարյանը ստիպված հաջորդ օրը եկել էր Ահնիձոր` գյուղապետին հանձնարարելու, թե կնիքդ կառնես ու կմեկնես Երեւան` գործուղման թերթիկները տեղում ստորագրելու: Գյուղապետ Մերուժը այդպես էլ արել էր:
Այս դրվագը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ոչ միայն շարքային գյուղացիներին է հայտնի անտառագողերի փաստը, այլ նաեւ` գյուղի տեղական քյոխվային, ով մեզ հետ հեռախոսազրույցում եւս մեկ անգամ խոստովանեց, թե չի ստորագրել, որովհետեւ ցանկացել է հեռու մնալ §շառոտ-մառոտ¦ գործերից:
Շարունակելի ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
առաջին էջ...¦¦
No 164 (կիրակնամուտ), Մարտի 14 2009 թ., շաբաթ
среда, 18 марта 2009 г.
ՈՒՄ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԵՆ ՎԵՐ-ՎԵՐ ԹՌՆՈՒՄ ԱՆՏԱՌԱԳՈՂԵՐԸ
Автор: bnamard на 11:12
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий