среда, 25 марта 2009 г.

ԿԱՊՈՒՅՏ ՍԵՎԱՆ ՈՉ ԹԵ ՑԻԱՆ

«GEOPROMINING» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ= ՍԵՎԱՆ+ ՑԻԱՆ

Սույն թվականի մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ նախագահի նստավայրի մոտից կմեկնակի Սեւանա լճի փրկության S.O.S. Սեւան ակցիան:

Ակցիան ուղղված է «GEOPROMINING» ընկերության դեմ, որը նախատեսում է Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցել, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը: S.O.S. Սեւան նախաձեռնող խումբը (ԷկոԴաշինք) կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ ի դեմս ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ կառավարության, Ազգային անվտանգության խորհրդի, ինչպես նաեւ բոլոր քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, միջազգային հանրության, իրավապահ մարմինների, աջակցել Հայաստանի եւ ողջ Կովկասի քաղցրահամ ջրի գլխավոր պաշարներից մեկի՝ Սեւանա լճի փրկության հասարական կամպանիային, կամք դրսեւորել եւ կանգնեցել «GEOPROMINING» ընկերության նախաձեռնած անօրինական գործունեությունը:

Դիմում ենք պետական կառույցներին՝ վերանայելու ընկերության հետ կնքած պայմանագրերը եւ անվավավեր ճանաչելու տրամադրած արտոնագրերը:

Սեւանա լիճը յուրահատուկ էկոհամակարգ է` 33 միլիարդ խմ քաղցրահամ ջրի պաշարով: Չնայած ՀՀ գործող օրենսդրությանը՝ «Սեւանի մասին» ՀՀ օրենքին, ՄԱԿ-ի Ռամսաարի կոնվենցիային, ՄԱԿ-ի ԵՀ-ի Օրհուսի կոնվենցիային, «GEOPROMINING» ընկերությունը պատրաստվում է Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցել, որի մեջ մտնում են

ոսկու արդյունահանման ֆաբրիկան, ցիանիդների եւ թունաքիմիկատների ամբարը, ինչպես նաեւ ցիանային թափոնների պոչամբարը:

«Սոտքի հանքավայրի տարածքում ոսկու արդյունահանող ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգային որոշում` հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը» վերտառությամբ փաստաթղթում ընկերությունն անում է հետեւյալ եզրակացությունները՝

• ոսկու անվտանգ արդյունահանման ֆաբրիկայի եւ անվտանգ պոչամբարի կառուցումը հնարավոր է այնպիսի լուծումներով, որոնք բացառում են հայտնաբերված բնության վտանգները …

• ոսկու անվտանգ արդյունահանման ֆաբրիկայի եւ անվտանգ պոչամբարի կառուցումը բացառում է Սեւանա լճի էկոհամակարգի աղտոտումը եւ դեգրադացիան…

• ոսկու անվտանգ արդյունահանման ֆաբրիկայի եւ անվտանգ պոչամբարի կառուցումը բացառում է մակերեսային եւ գրունտային ջրերի աղտոտումը…

• հնարավոր է ոսկու անվտանգ արդյունահանման ֆաբրիկայի եւ անվտանգ պոչամբարի կառուցումը՝ պահպանելով տեղի ֆլորան եւ ֆաունան…

• գոյություն ունեցող հարուստ միջազգային փորձը եւ մոդելավորման եզրակացություններն ապացուցում են ոսկու արդյունահանող ֆաբրիկայի եւ պոչամբարի կառուցման էկոլոգիական անվտանգությունը տեղի աշխարհագրական եւ կլիմայական պայմաններում: Փաստաթուղթը քննարկվել է սույն թվականի մարտի 2-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ՀՀ բնապահպանության, արդարադատության, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ ԳԱԱ Էկոնոոսֆերային կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ղեկավարությունը եւ «GEOPROMINING» ընկերության ղեկավարությունը: Փաստաթուղթը չի արտացոլում անվերահսկելի մի շարք վտանգներ, ինչպիսիք են՝ 100 միլիոն տոննա թունավոր թափոն, հարյուրավոր հեկտար մեռյալ տարածքներ, ցիանային գերեզմանոց, որունք պարունակում են ցիանային միացություններ, մկնդեղ, անտիմոն, պիրիտ եւ այլն: Թունավոր այս տարրերը կթափանցեն գրունտային ջրերի մեջ, որոնք թափվում են Սեւանի ջրահավաք ավազան:

Բացի այս ամենը, ոչ ոք չի կարող ապահովություն երաշխավորել բնական աղետներից՝ երկրաշարժերից, սողանքներից, ինչպես նաեւ այլ անվերահսկելի արտաքին գործոններից, ինչպիսիք են տեռորիստական եւ ռազմական գործողությունները՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Սոտքը սահմանակից է Քելբաջարի տարածքի հետ:

S.O.S. Սեւան նախաձեռնող խումբ Հայաստանի էկոլոգիական կազմակերպությունների դաշինք mob. (+37491)92 12 64
URL: www.ecolur.org E-mail: info@ecolur.org

Комментариев нет: