суббота, 28 марта 2009 г.

Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմում է Սերժ Սարգսյանին

[ 2009/03/27 20:13 ] բնապահպանություն, կարևոր


Մեծարգո պարոն Նախագահ,
էկոլոգիական հասարակական դաշինքի S.O.S. Սեւան նախաձեռնող խումբը դիմում է Ձեզ խնդրանքով՝ կանգնեցել «GEOPROMINING» ընկերության նախաձեռնած անօրինական գործունեությունը՝ Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման գործընթացը, ինչը վտանգում է Սեւանա լճի գոյությունը:
Գիտակցելով երկրի առաջ ծառացած բարդ սոցիալ-տնտեսական խնդիրները՝ տնտեսական ճգնաժամը, գործազրկությունը, բնակչության սոցիալական ծանր վիճակը, այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ չի կարելի փոխել մեր ազգային առաջնահերթությունները եւ վտանգի տակ դնել Հայաստանի եւ ողջ Կովկասի ամենամեծ քաղցրահամ ջրի պաշարը՝ Սեւանա լիճը:
Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները: Մոտ ապագայում խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքը: Մենք իրավունք չունենք թունավորելու յուրահատուկ էկոհամակարգը՝ 33 միլիարդ խմ քաղցրահամ ջրի պաշար ունեցող Սեւանա լիճը:
Չնայած ՀՀ գործող օրենսդրությանը՝ «Սեւանի մասին» ՀՀ օրենքին, ՀՀ «Ջրային օրենսգրքին», ՀՀ «Հողային օրենսգրքին», եւ Հայաստանի կողմից վավերացված մի շարք միջազգային կոնվենցիաներին, «GEOPROMINING» ընկերությունը պատրաստվում է Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցել, որը ներառելու է ոսկու արդյունահանման ֆաբրիկան, ցիանիդների եւ թունաքիմիկատների ամբարը, ինչպես նաեւ ցիանային թափոնների պոչամբարը:
Սեւանի համար դա նշանակում է՝ 100 միլիոն տոննա ապարային թափոնակույտ, պոչամբար` թունավորված ցիանային միացություններով, ծանր եւ տոքսիկ մետաղներով եւ տարրերով՝ մկնդեղով, անտիմոնով, պիրիտով եւ այլն: Թափանցելով ստորգետնյա ջրերի մեջ, որոնք մտնում են Սեւանի ջրահավաք ավազան, այս միացությունները կթափանցեն Սեւանա լիճ եւ անփոփոխ կմնան միլիոնավոր տարիներ:
Ծանր մետաղները, կուտակվելով կենդանի օրգանիզմներում, առաջացնում են բազմաթիվ արատներ, վնասում են իմունային եւ վերարտադրողական համակարգերը:
Մարդը չի կարող ապրել թունավորված հողերի վրա, խմել թունավորված ջուր եւ աճեցնել թունավորված գյուղմթերք: Ընկերությունը կստանա իր շահույթը եւ կհեռանա, իսկ մեզ կմնա մեռած լիճ, մեռած հող՝ առանց բնակչության:
Անտեսելով այս բոլոր վտանգները՝ «GEOPROMINING» ընկերությունը «Սոտքի հանքավայրի տարածքում ոսկու արդյունահանող ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգային որոշում` հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը» վերտառությամբ փաստաթղթում փորձում է ապացուցել, որ ոսկու վերամշակման ձեռնարկությունը լճի համար անվտանգ է:
Սակայն ոչ ոք չի կարող ապահովություն երաշխավորել բնական աղետներից, ինչպես նաեւ անվերահսկելի արտաքին գործոններից, ինչպիսիք են տեռորիստական եւ ռազմական գործողությունները՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Սոտքը սահմանամերձ տարածք է:
Փաստաթուղթը քննարկվել է սույն թվականի մարտի 2-ին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ՀՀ բնապահպանության եւ այլ շահագրգիռ նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ ԳԱԱ Էկոնոոսֆերային կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտների եւ «GEOPROMINING» ընկերության ղեկավարներ:
Մեծարգո պարո՛ն Նախագահ,
մենք համոզված ենք, որ Դուք, լինելով մեր պետականության, ազգային անվտանգության երաշխավորը, համապատասխան միջոցներ կձեռնարկեք Սեւանա լիճը վտանգներց զերծ պահելու համար՝ ստիպելով «GEOPROMINING» ընկերությանը եւ այս նախագծին աջակցող բոլոր շահագրգիռ կողմերին գործել ՀՀ օրենսդրության շրջանակներում:Ի վերջո, Սեւանը պատկանում է ժողովրդին, այլ ոչ առանձին շահագրգիռ խմբերի:
Հայաստանի էկոլոգիական կազմակերպությունների դաշինքS.O.S. Սեւան նախաձեռնող խումբ`Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿՍիլվա Ադամյան՝ «Թռչնասերների կենտրոն» ՀԿԱրման Վերմիշյան՝ «Բուրգ» երիտասարդական ՀԿԵլենա Մանվելյան՝ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿԿարինե Դանիելյան՝ «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿՔնարիկ Հովհաննիսյան՝ «Հայ սեյսմոլոգների ասոցիացիա» ՀԿԱրտեմիս Լեփեջյան՝ «Սուրբ Սանդուխտ տիկնանց միություն» ՀԿՄանե Հակոբյան՝ «Ժողովուրդն է տերը երկրի միություն» ՀԿԳրետա Գաբրիելյան՝ «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ
Նամակի կրկնօրինակները հանձնվելու են՝ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ ԱբրահամյանինՀՀ վարչապետ Տիգրան ՍարգսյանինՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

Комментариев нет: