среда, 11 марта 2009 г.

Լեռնամետալուրգիան օգնության կարիք է զգում

Սակայն կառավարության հակաճգնաժամային ծրագիրը կոռուպցիոն գայթակղություններ ունի

Սամվել Հերոյան

Գագիկ Արզումանյան. ACP ընկերության գործադիր տնօրեն. «Փող վերցնելու նախապայմանը շահութաբեր աշխատելու հնարավորությունն է, եթե այդպիսի հնարավորություն չկա, ապա ոչ մի գումար չի օգնի»:
Հայկական լեռնամետալուրգիան դժվար ժամանակներ է ապրում: Դա արտահայտվում է ոչ միայն նրանով, որ փակվում են հանքերը, նվազում են եկամուտները, այլև նրանով, որ ոլորտի պատասխանատուներից շատերը խուսափում են մամուլի հետ շփումներից: Ոլորտում մոտ 400 ձեռնարկություն կա, որոնց բացարձակ մեծամասնության մասին հասարակությանը շատ քիչ բան է հայտնի:

Հայտնի է միայն, որ հանրապետության խոշոր ձեռնարկություններից մի քանիսը (Ագարակի, Կապանի, Ալավերդու հանքերն ու հարստացուցիչ կոմբինատները) ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը, Ախթալայի հանքն աշխատում է կես հզորությամբ: Միայն Քաջարանի կոմբինատն է, որ, չնայած շահույթների նվազմանը, զարգացման ծրագրեր ունի:

Երեկ Տնտեսական թեմաներով գրող լրագրողների ակումբի կազմակերպած քննարկումներին ներկայացել էին ACP ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանն ու «Հանքագործների ու մետալուրգների միության» նախագահ Բորիկ Մկրտչյանը: Ի դեպ, վերջինս նախկինում եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը և Էկոնոմիկայի նախարարության լեռնահանքային արդյունաբերության վարչության պետը:

Ըստ Մկրտչյանի՝ լեռնահանքային արդյունաբերության խնդիրներից շատերը ծագել են սխալ սեփականաշնորհման հետևանքով: Նրա կարծիքով՝ Սյունիքի ձեռնարկությունները պետք է սեփականաշնորհվեին 1 փաթեթով: Կապանի հարստացուցիչ ֆաբրիկան միշտ էլ վնասով է աշխատել, այդ պատճառով 1977թ. միավորվել է Քաջարանի բարձր շահութաբեր կոմբինատի հետ: Նմանապես, Ագարակի կոմբինատն ունի ցածր շահութաբերություն: Այս ձեռնարկությունները, ըստ Մկրտչյանի, առանձին-առանձին ճգնաժամի դեմ պայքարել չեն կարող, սակայն խնդիրն այն է, որ դրանք վաճառվել են տարբեր երկրների տարբեր սեփականատերերի, ինչը թույլ չի տալիս միասնական քաղաքականություն վարել:

Գագիկ Արզումանյանը զերծ չմնաց կառավարության ներկայիս հակաճգնաժամային քաղաքականության քննադատությունից: Արզումանյանն ասում է, որ կառավարության խնդիրը ոչ թե ձեռնարկությունների պլանները հատ-հատ քննելն է, այլ համակարգային խնդիրներ լուծելը, ինչը դրական կանդրադառնա բոլոր ձեռնարկությունների վրա: Օրինակ՝ լեռնահանքային ոլորտը կարգավորող ներկայիս օրենքը, ըստ Արզումանյանի, լի է թերություններով և հակասություններով, այդ օրենսդրության վերանայման անհրաժեշտություն կա: Դրա փոխարեն կառավարությունն առանձին ձեռնարկությունների օգնության ծրագրերն է քննարկում, որով «կոռուպցիոն գայթակղություններ» են ստեղծվում:

Այս հարցում Բորիկ Մկրտչյանի և Գագիկ Արզումանյանի տեսակետները չհամընկան: Մկրտչյանն ասում է, որ կառավարությունը վարկեր ու հարկային արտոնություններ պետք է տրամադրի, իսկ Արզումանյանը պնդում է, որ ֆինանսավորումը լուծում չէ: «Եթե մեզ 50 մլն վարկ տային, ապա մենք կհրաժարվեինք դրանից: Փող վերցնելու նախապայմանը շահութաբեր աշխատելու հնարավորությունն է, եթե այդպիսի հնարավորություն չկա, ապա ոչ մի գումար չի օգնի»,- համոզված է ACP-ի տնօրենը:

Ինչպե՞ս է անդրադարձել դրամի արժեզրկումը լեռնահանքային ոլորտի աշխատանքների վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտի ձեռնարկությունների մեծ մասը արտահանողներ են: Արզումանյանն ասում է, որ դրամի արժեզրկման ցանկացած մակարդակ ձեռնտու է հանքարդյունաբերությանը, այնպես, ինչպես արժևորումը վնասներ էր պատճառում: «Այնպես չէ, որ ձեռնարկությունները ողջ արտարժույթը դրամով են ծախսում, բայց եթե ընդունենք, որ այդպես է, անհրաժեշտ է եռապատիկ արժեզրկում, որպեսզի փոխհատուցվեն պղնձի գների անկման վնասները»,- ասում է Արզումանյանը:

Անդրադառնալով Ալավերդու հանքի ճակատագրին՝ Արզումանյանն ասաց, որ հանքը նույնիսկ պիկային գնի պայմաններում շահույթով չի աշխատել, քանի որ ստորերկրյա է, ունի նեղ երակային մարմիններ և մետաղի ցածր պարունակություն: Փաստորեն, ԽՍՀՄ տարիներին հաստատված պաշարներն իրականությանը չեն համապատասխանում, ուստի նույնիսկ դրամի մեծ արժեզրկման պայմաններում Ալավերդու հանքի շահագործումն արդարացված չէ:

Ալավերդու պղնձաձուլարանը, ի տարբերություն հանքերի և հարստացուցիչ ֆաբրիկաների, ճգնաժամից ոչ թե տուժել, այլ շահել է: Դա պայմանավորված է նրանով, որ պղնձաձուլարանի եկամուտները ձևավորվում են ոչ թե հումքի վաճառքից, այլ վերամշակման արժեքից, հետևաբար՝ հումքի գների տատանումները վերամշակման արժեքի վրա էապես չեն ազդում: Ավելին՝ հումքի էժանացումը հնարավորություն է տալիս ավելի էժան հումք ձեռք բերել և խնայել շրջանառու միջոցները: Այնուամենայնիվ, Ալավերդու պղնձաձուլարանը ապրիլի 1-ից դադարեցնելու է գործունեությունը, սակայն դա կապված է ոչ թե ճգնաժամի, այլ բնապահպանական խնդիրների հետ:

Ինչ վերաբերում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրին, որի շահագործման իրավունքը նույնպես պատկանում է ACP-ին, ապա Արզումանյանն ասում է, որ ՎՏԲ բանկի հետ կարծես թե հաջողվել է գտնել այն ձևաչափը, որը թույլ կտա սկսել լիարժեք ֆինանսավորումը: Այս պահին Թեղուտում հատված է մոտ 21 հա անտառ (նախատեսված է հատել մոտ 350 հա), սակայն աշխատանքները դադարեցված են ֆինանսավորման դժվարությունների հետ կապված:

http://www.cdaily.am/home/paper/2009_03_10/news/7705/

Комментариев нет: