пятница, 10 сентября 2010 г.

Պահանջել են 500 հատված ծառը ներկայացնել որպես 20 ծառ

Մի շատ կարևոր փաստ եմ ուզում ավելացնել իմ կողմից: Երեկ, երբ անտառահատման ժամանակի սղության պատճառով պետք է վերադառնայինք ետ, մի պատահար տեղի ունեցավ: Ժամանակի սղության պատճառով անտառահատման չափչփումներն ավարտեցինք, ու ժամանակն էր ետ վերադառնալու:

Լոռի հանգստյան տան մոտ պետք է մեզ սպասեր անտառային մոնիտորինգի ավտոմեքենան, որն էլ մեզ Երևան պետք է տաներ:

Մենք այնտեղ չհայտնաբերեցինք մեքենան, փոխարենը մեզ սպասում էր երկու ոստիկան, երկու անտառապահ և մոնիտորինգի երկու աշխատող: Այն հարցին, թե ո՞ւր է մեքենան, պատասխանում են, որ գնացել է Դսեղ` անտառահատում հայտնաբերելու: Ի դեպ, կարող եք իրենց հարցնել, թե որքան ծառահատում են հայտնաբերել Դսեղում, քանի որ խիստ կասկածում են, որ նրանք ընդհարապես գնացել են Դսեղ:

Ժամեր շարունակ մենք սպասում էինք այնտեղ ու զրուցում ներկա գտնվողների հետ, սկզբից խոսակցությունները բարոյախրատական բնույթի էին: Մոնիտորինգի կենտրոնի աշխատակիցներից մեկն ինձ խորհուրդ էր տալիս, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, պետք է մտնել դիմացինի դրության մեջ, զիջել նրան: Ես խնդրեցի նրան կոնկրետանալ ու բերեցի հենց մեր օրինակը:

Ասացի. «Ենթադրենք` կատարվել են զանգվածային անտառահատումներ, կտրվել է 500-ից ավելի ծառ, ու դիմացինս խնդրում է, որ քչացնեմ թիվը, այստեղ մեծահոգի մարդն ո՞վ է` որ մտնում է դիմացինի`անտառահատողի դրության մեջ:

Ասում է. «Դե, գիտես, ասեք` 20 ծառ է, ինչո՞ւ անպայման է նշվի 500-ը»:

Հետո խոսակցությանը միջամտնում է ոստիկանն ու ասում. «Իսկ դու մասնագետ չես, ի՞նչ գիտես: Կարող ա ծառը շուտ է կտրվել, իսկ խեղճ անտառապահը պիտի վնասները կրի քո սխալ հաղորդած ինֆորմացիայի պատճառով»:

Հետո անտառապահն է սկսում խոսել. «Գիտեք ինչ, պապաս էր մահացել, ես էլ երեք ամսվա աշխատող եմ, դրանով եմ ընկած եղել, չեմ նկատել, որ անտառում նման բաներ են եղել,- մի քիչ հետո էլ ավելացնում է,- ամեն բեռնատար ցույց է տվել իր փաստաթղթերը, թե իբր օրինական է անտառահատում: Ես ի՞նչ անեմ»:

Ի դեպ, խնդրում եմ հետաքննություն արեք նաև նրա անձը հայտնաբերելու կապակցությամբ, որովհետև ավելի նման էր քաղաքացիական հագուստով ոստիկանի: Բնավ անտառապահի տեսք չուներ, չներկայացավ, անունը չասաց: Նաև հետաքրքիր է, որ մինչ այդ պատկան մարմիններն ասել էին, որ այդտեղ անտառապահ չկա: Ինչպե՞ս պատահեց` օդի՞ց հայտնվեց: Էն էլ այդպիսի ոստիկանների հետ:

Ոստիկանները նաև մեզ հորդորում էին, որ նման դեպքերում պետք է ոստիկանություն դիմել, «իսկ դուք մեզ չեք վստահել»: Նեղացել էին մեզանից: Քիչ հետո ես իմանում եմ Վահեից, որ մոնիտորինգ իրականացնողներից մեկն իրեն ասել է, որ քչացնի հայտնաբերված անտառահատումների թիվը:

Մինչ մենք կզրուցեինք այդ անսպասելի նորության մասին, տեսնում ենք, որ մի հոծ բազմություն մոնիտորինգի անդամներով, ոստիկաններով (ի դեպ, որոնք մինչև վերջ չնեկայացան` ոչ պաշտոն, ոչ էլ անուն հայտնեցին, ոչ էլ ասեցին, թե ինչու են այդտեղ հայտնվել), անտառապահներով, հավաքվում են «Հրապարակի» լրագրող Էդուարդի գլխին: Ես և Վահեն նստած էինք կողքի նստարանին, և լսվեց, որ կրքերը թեժանում են, սկսում են ձայները բարձրանալ, ու մենք լսեցինք դրվագներ իրենց խոսակցությունից:

«88-ը հանի»: Սա լսելուն պես մենք արագ վեր կացանք ու գնացինք դեպի Էդուարդի կողմը: Մեր մոտենալուն պես խումբը ցրվեց, բայց անզեն աչքով տեսանք, որ լարվածություն կա ոստիկանների և թղթակցի միջև, և ինչ-որ հաշիվներ են լուծում, ինչ- որ տհաճ բան է կատարվում:

Հետագայում արդեն իմացանք, որ թղթակցի վրա ճնշումներ են գործադրվել իրենց կողմից, սկզբից փորձել են, ինչպես և մեր դեպքում, խղճի հետ խաղալ, որ անտառապետի հայրն է մահացել, երեխաները կմնան անհեր, որ դու կլինես իրա դուշմանը և այլն, … չհրապարակես այդ թվերը: Երբ «Հրապարակի» թղթակիցն ասել է, որ ինքն արդեն հեռախոսակապի միջոցով հայտնել է իրական թվերը, ասացին` ոչինչ, հերքի թվերը, ասա նույն այն 11 է, ինչ ԲՆ տեսչությունն է հայտնաբերել:

Էդուարդի այն խոսքերին, թե Թեղուտի պաշտպանության խումբը, միևնույն է, կհրապարակի տեսաձայնագրածը, ասել են` ոչնիչ, համոզի իրենց: Հետո կրքերը ավելի են թեժացել, այդ մասին ավելի մանրամասն կպատմի ձեզ Էդուարդը:

Մեզ մինչև գիշեր պահեցին իրենց գրասենյակում, մենք ստորագրեցինք արձանագրությունը, որ տեսել ենք 116 ծառ, ուզեցինք մեր կողմից ավելացնել, որ անտառահատումը զանգվածային էր, ու ժամանակը չհերիքեց լիարժեք մոնիտորինգ անելու, ավել հաշվել ու գրանցել, նրանք ասացին` «բլանկի մեջ տեղ չկա` վկաների առաջակությունները գրելու»:

Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ իրավական համակարգը, պետական անտառային մոնիտորինգ իրականացվող համակարգը, անտառապահներն ու անտառապետները, ԲՆ տեսչությունը` բոլորն օժանդակում են ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆԸ: Իսկ մեզ հետ ուղղակի թատրոն էին ուզում խաղալ, այն էլ դերերը խառնեցին, լավ չէին սովորել:

Մարիամ Սուխուդյան

http://hetq.am/am/ecology/mariam-4/

Комментариев нет: