Մենք` Հայաստանի Բնապատմական Միջավայրի Պաշտպաններ խմբի անդամներս, ՀՀ Բնապահպանության նախարարության թույլտվությամբ սեպտեմբերի 19-ին այցելեցինք Խոսրովի պետական արգելոց, որտեղ պետք է մնայինք 3 օր: Առաջին օրը այցելեցինք 11-12-րդ դարերում կառուցված Հավուց թառ և Աղջոց վանքերը, որոնք մեր ուժերով բարեկարգել էինք ընդամենը համապատասխանաբար 1.5 և 1 ամիս առաջ: Հերթական այցելությունը Հավուց թառի վանք մեզ ստիպեց մի քանի րոպե լուռ կանգնել մուտքի մոտ. ամենուրեք ""հավատացյալների"" հավատքի դրսևորումներ էին: Վանքի ողջ տարածքում կրկին հայտնվել էին մորթված կենդանիների մնացորդներ, խաչքարերը ծածկված էին արյունով և հալված մոմով, վանքի ներսի եկեղեցին վերածված էր խորովածանոցի, խորանի և պատերի խորշերը լի էին ալկոհոլի կիսադատարկ շշերով և բաժակներով, իսկ վանական շինությունների պահպանության մասին խոսելիս պետք է պարզապես երանի տալ Ջուղայի հազարավոր խաչքարերին: Նույն աղետալի վիճակն էր տիրում նաև Աղջոց վանքում:
Հաջորդ օրը առավոտյան մեկնեցինք Կաքավաբերդ: Մայրամուտից 2 ժամ առաջ հասանք ամրոցի ներքևի ձորը, որտեղից հստակ երևում էին ժայռերի վրա ցատկոտող քարայծերը: Մեկ ժամ Կաքավաբերդ ուսումնասիրելուց հետո սկսեցինք բարձրանալ ամրոցի հակառակ բլուրը, երբ հանկարծակի լսվեցին կրակոցներ: Սկզբում զարմացանք, որովհետև արգելոցի տարածքում որսը արգելված է, բայց մի ակնթարթ հետո արդեն ստիպված էինք արագացնել մեր քայլերը, որովհետև վտանգ կար, որ փամփուշտները մեզ կարող են դիպչել: Շտապեցնելով թիմակիցներին` անդամներից մեկը 20 վայրկյանանոց տեսանյութ նկարահանեց իր լուսանկարչական ապարատով, որտեղ լսելի են կրակոցները: Իսկ մինչ վերը ներկայացված միջադեպը, մեր խմբի անդամներից մեկը այդ նուն ձորում գետնի վրա նկատեց կալաշնիկի կրակված փամփուշտ, որը մեզ համար ամենևին նորություն չէր, որովհետև նախորդ արշավի ժամանակ կառուցվող ռեստորանի դիմաց նույնպես հայտնաբերել էինք 70մմ-անոց կրակված փամփուշտ:
Այս միջադեպերը հերթական անգամ ապացուցում են, որ մեր ազգային արժեքները, որոնցից են բազմադարյան հուշարձանները, վայրի բնությունը, մատնված են լիակատար անտերության:
Հայաստանի Բնապատմական Միջավայրի Պաշտպաններ խումբը դատապարտում է հոգևոր հուշարձանների և վայրի բնության նկատմամբ հաճախակի իրականացվող բարբարոսությունների դեպքերը և հրավիրում է պատասխանատու մարմինների ուշադրությունը նշված խնդիրներին:
Հայաստանի Բնապատմական Միջավայրի Պաշտպաններ խումբ
Վահագն 091 648464
четверг, 23 сентября 2010 г.
Խոսրով
Автор: bnamard на 23:27
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий